6 նոյեմբեր, 2020 15:32

2021-ի պետբյուջեի նախագծով պետական ապարատի աշխատողների թիվը 2 000-ով ավելանում է՝ համեմատ 2018-ի․ Վարդան Արամյան

2021 թ. պետական բյուջեի նախագծով` համեմատած 2018 թ. հետ, պետական ապարատի աշխատակիցների թվաքանակը շուրջ երկու հազարով ավելանում է: Այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը, հատկապես պատերազմական իրավիճակում, պետք է ուշադրության կենտրոնում պահի տնտեսության զարգացման ներուժը: Ուստի, նշում է Արամյանը, անհրաժեշտ է հնարավորինս կրճատել ընթացիկ ծախսերը՝ ավելացնելով և առավելագույն արդյունավետությամբ իրագործելով կապիտալ ներդրումները:

«Պետք է խոսել պետական ապարատի օպտիմալացումների մասին: Բայց ես, որքան հասկանում եմ, այն վերաբերել է ֆինանսների նախարարությանը, քանի որ այնտեղ են միայն ավտոմեքենաներ կրճատվել: Մնացած նախարարություններում դեռ մի բան էլ ավելացել է: Եթե մենք համեմատում ենք 2018 բյուջեն 2021 թ․ բյուջեի նախագծի հետ, պետական ապարատի աշխատողների թվաքանակը շուրջ երկու հազարով ավելանում է»,- ասել է նա:

Սա, Արամյանի գնահատմամբ, նշանակում է, որ ժամանակին անհրաժեշտ տնային աշխատանք չի կատարվել:

Արամյանի խոսքով՝  կապիտալ ծախսերի թերակատարման հետևանքով Հայաստանի վրա ֆինանսական պարտավորություններ են ավելացել: 

«Կապիտալ ծախսերը վերջին տարիներին թերակատարվում են: Սա հայտնի փաստ է: Այդ ծախսերի ֆինանսավորման մի մասը իրականացվում է միջազգային ֆինանսական կառույցներից ներգրաված միջոցներով: Երբ այդ միջոցները չեն ծախսվում, ապա պետության վրա պարտավճար է կուտակվում»,- բացատրեց նախկին նախարարն ու հավելեց, որ KFW բանկից ներգրաված միջոցների մասով արդեն պետության վրա շուրջ 4 մլն դոլարի գումար է ավելացել: 

Վարդան Արամյանի հարցազրույցը Արշալույս Մղդեսյանին դիտեք ստորև․