9 նոյեմբեր, 2020 12:55

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն եվրոյի դրամաշնորհ՝ ուղղված ՀՀ-ում ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացմանը

Նոյեմբերի 9-ին Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանին 35,6 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին՝ ՔՈՎԻԴ-19 համավարակին արձագանքելու նպատակով։ ԵՄ որոշումը առանձին ոլորտներում, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսական կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատականի արդյունք է:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այն հանդիսանում է նախորդ տարվա ապրիլին ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 92 մլն եվրո օժանդակության փաթեթի բաղկացուցիչ մասը, որը ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով վերաբաշխվել և համալրվել է նոր ֆոնդերով՝ ուղղված մեղմելու համաճարակի՝ հայ ժողովրդի վրա ունեցած հետևանքները:

«Կատարելով ֆինանսական ուղղակի ներդրում՝ ընդգծում և աջակցում ենք ՀՀ կառավարության գովելի ջանքերը՝ ուղղված աշխատատեղերի պահպանմանը, ՓՄՁ-ներին աջակցությանը, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19 համավարակից առավել տուժած անձանց համար առողջապահական և սոցիալական հիմնարար ծառայությունների ապահովմանը: Այսօր հայտարարված աջակցությունը տրամադրվում է ի լրումն ՔՀԿ-ների և եվրոպական ֆինանսական հաստատությունների միջոցով տրամադրվող աջակցության այլ գործիքներին՝ ուղղված խոցելի տնային տնտեսություններին և տնտեսավարողներին օժանդակությանը»,- ասված է ԵՄ հայտարարությունում։