10 նոյեմբեր, 2020 19:09

Իրանը ինտենսիվ բանակցություններ է վարում հակամարտող կողմերի և այլ շահագրգիռ երկրների հետ․ Իրանի նախագահ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունման առթիվ. այս մասին նա ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, փոխանցում է IRNA գործակալությունը։

«Լինելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետության հարևանը և հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների հետ մեր բազմաթիվ պատմական ընդհանրությունները՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր գոհունակությունն է հայտնում  Ռուսաստանի Դաշնության միջամտությամբ երկու երկրների ղեկավարների կայացրած որոշման առնչությամբ՝ վերջ դնել ռազմական հակամարտությանը և սկսել դիվանագիտական կարգավորման գործընթացը»,- նշել է Իրանի նախագահը:

Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ երկու երկրները կկարողանան կարգավորել իրենց վեճերը խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի շրջանակներում:

«Այդ նպատակով Իրանը ներկայացնում է հրադադարի հաստատման և խաղաղության հաստատման խաղաղ ծրագիր, ինչպես նաև ինտենսիվ բանակցություններ է վարում հակամարտող կողմերի և այլ շահագրգիռ երկրների հետ, և մենք ոչ մի ջանք չենք խնայի լարվածության և վեճերի ապաԷսկալացման և այդ տարածաշրջանում կայուն ու արդար անվտանգության, կայունության և խաղաղության հաստատման համար»,- ասել է Հասան Ռոհանին: