10 նոյեմբեր, 2020 01:56

ՀՐԱՏԱՊ - Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պատերազմը դադարեցնելու հայտարարություն եմ ստորագրել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ. անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել:

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար:

Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:

Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի և սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:

Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու և անցյալի սխալները չկրկնելու համար:

Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը:

Մենք պայքարեցինք մինչև վերջ: և մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է:
Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը»: