13 նոյեմբեր, 2020 11:15

Ո՞վ է ապրեցնելու արցախցուն

Պատերազմի ժամանակ Արցախում հանդիպեցինք Տումի գյուղից Սպարտակին։ Առողջական խնդիրների պատճառով ռազմաճակատում չէր, սակայն թիկունքային աշխատանք էր ապահովում, անգամ թեժ մարտերի ժամանակ մտել էր Հադրութ ու այնտեղից կանանց և տարեցների դուրս բերել։ Մտերմացանք Սպարտակի հետ, ծանոթացանք նաև Հայաստան տեղափոխված՝ նրա ընտանիքի հետ։

Այսօր զանգեց Սպարտակի կինը՝ Կարինան, արտասվելով հարցնում էր՝ «Ես ի՞նչ անեմ, եթե քարվաճառցին կամ բերձորցին, կարող է վերջին անգամ այցելել պապերի կամ զոհված որդու գերեզմանին, իր տուն, մի հատ սուրճ խմել, իրերը հանել, հետո վառել տունը, մենք դա էլ չենք կարող։ Թուրքը այս պահին Տումիում ա»։

Ես նրան ոչ մի պատասխան չկարողացա տալ, բայց ես չէ, որ պետք է այդ հարցի պատասխանը տամ։ Տասնյակ հազարներով արցախցիներ են եկել Հայաստան։ Արցախի նախագահի վերջին հուզական ուղիղ հեռարձակումը բացի արդարացված մեղադրանքից, մի ուղերձ էր հղում իր հայրենակիցներին՝ «եկեք ասյտեղ, լավ կլինի», իսկ ինչպե՞ս։ Ժամանակը չէ՞, որ պարզաբանեք։

Նիկոլ Փաշինյանի ուղիղ միացումների բովանդակությունն ու «մեսիջները» չեն փոխվել․ նույն վարչապետը պատերազմից ամիսներ առաջ դժգոհում էր ընդդիմությունից, մեղադրում նրան ինչ-որ տեղ՝ արդարացի, հիմա էլ նույն տոնայնությամբ ու ոճով, բառապաշարի մի փոքր փոփոխությամբ թիրախներն անփոփոխ են։ Էլ չեմ խոսում այն մասին, որ արցախցուն ավելի շատ հետաքրքրում է՝ ոչ թե ով մտավ կառավարություն ու գողացավ օծանելիքը, և ինչպես են նրան ԱԱԾ տանում՝ թևերը ոլորած, այլ ինչ է նշանակում երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրած հայտարարությունը՝ իր բոլոր մանրամասներով։

Բացառապես ոչ մեկը իշխանությունից մեզ չի ասում՝ ինչ փաստաթուղթ է ստորագրվել, ինչպես է այն ազդելու մեր անվտանգության վրա, ինչ ռիսկեր է այն պարունակում։ Իշխանության անդամներն անգամ զլանում են հերքել այն սուտ տեղեկությունը, որ միջանցք տալով՝ Սյունիքի կապը կտրվում է Իրանի հետ։ Միայն երեկ տևական ժամանակ շրջանառվող լուրերին արձագանքեց վարչապետը՝ բացատրելով, թե այն ինչ է ենթադրում։

Բայց սա այլ քննարկելու թեմա է։ Հիմա գոնե Արցախի և Հայաստանի իշխանությունների նեկայացուցիչները բացատրեն՝ տունը, ոմանք նաև հայրերին, որդիներին, եղբայրներին կորցրած ու այստեղ բնակվող արցախցուն՝ ինչ է իրենց սպասվում, ինչպես է իշխանությունը լուծելու նրանց խնդիրները և ինչպես է ոտքի կանգնեցնելու նրանց։ 

Մի փոքր հուսադրեք այդ մարդկանց, մենք՝ երևանցիներս, գյումրեցիներս կամ իջևանցիներս չենք կարող պատկերացնել՝ ինչ է նշանակում վառել սեփական տունը, թողնել հարազատների գերեզմանը հակառակորդին ու հեռանալ, երևի՝ ընդմիշտ։

Ծանուցում։ Երեխան լուսանկարվել է ծնողների թույլտվությամբ։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: