14 նոյեմբեր, 2020 21:54

Պուտինն Ալիևի հետ զրույցում շեշտել է քրիստոնեական սրբավայրերի պահպանման կարևորությունը

Նոյեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։

Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ գոհունակություն է արտահայտվել հրադադարի ռեժիմի պահպանման առնչությամբ, շեշտվել է, որ շփման գծում իրավիճակը բավական հանդարտ է։

«Իլհամ Ալիևի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել նրան, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանին վերադարձվում են շրջաններ, որոնց տարածքում կան քրիստոնեական տաճարներ և վանքեր։ Այդ առնչությամբ նա շեշտել է այդ սրբավայրերի ամբողջականության և բնականոն եկեղեցական կենսագործունեության ապահովման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահը «ըմբռնումով է մոտեցել այդ հարցին և ասել, որ հենց այդ տրամաբանությամբ է գործելու ադրբեջանական կողմը»։