17 core.base.month.11, 2020 14:53

Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի՝ թույլ չտալու Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության վերանայումը․ Լավրով

Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի թույլ չտա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության վերանայումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք հիմա որևէ փորձ չենք տեսնում վերաշարադրելու, վերանայելու այն հայտարարությունը, որը արվել է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նման փորձեր չկատարվեն, դրանք հաջողությամբ չպսակվեն»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նոյեմբերի 10-ին համատեղ հայտարարություն էին ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Ռուս խաղաղապահներն ուղարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտի։ Համաձայն փաստաթղթի՝ Աղդամի շրջանը Ադրբեջանին է վերադարձվում մինչև նոյեմբերի 20-ը։ Մինչև նոյեմբերի 15-ը Հայաստանը Ադրբեջանին պետք է վերադարձներ Քելբաջարի շրջանը, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը։

Քելբաջարի շրջանի վերադարձը հայկական կողմի խնդրանքով հետաձգվել է մինչև դեկտեմբերի 25-ը։