19 նոյեմբեր, 2020 09:46

Նոր Մարաղա և վեց այլ գյուղ․ ինչու է Արցախի կառավարությունը մարդկանց ընդամենը մեկ օր առաջ զգուշացնում

Նոյեմբերի 18-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հոտաշեն և Նոր Ջրաբերդ գյուղերն անցնում են Ադրբեջանին՝ ի կատարումն Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության։ (Այս գյուղերի տարածքները նախկինում եղել են Աղդամի շրջանի կազմում, Մարտակերտի շրջանի կազմում ներառվել են 1993-94-ին)։ Այս գյուղերի բնակիչներին ժամանակ է տրվել մինչև նոյեմբերի 19-ը երեկոյան ժամը 9-ը իրենց բնակավայրերը լքելու համար։ Բնակիչները միայն նոյեմբերի 17-ի երեկոյան կամ նոյեմբերի 18-ի առավոտյան են իմացել, որ առավելագույնը 48, իսկ որոշ դեպքերում 36 ժամվա ընթացքում պետք է տեղահանվեն իրենց բնակավայրերից։

Չցանկանալով քննարկել նոկեմբերի 10-ին Հայաստանի կապիտուլյացիայի մասին փաստաթղթի ստորագրման հետ առնչվող բազմաթիվ հարցականները, այդ թվում հարցը, թե ինչու հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկները (անկախ դրանց բնույթից) մերժած և պատերազմի պատրաստվող պետությունը ընդամենը 44 օրում փաստացի ջախջախվեց, ցանկանում եմ ուշադրություն  հրավիրել խնդրի հումանիտար կողմի վրա։ Բոլորս ենք հասկանում, որ կապիտուլյացիոն փաստաթղթի հիմնական կետերը կապիտուլացվող կողմը չի քննարկում, այլ պարտադրված ստորագրում է, սակայն նույնիսկ այս դեպքում ամեն ինչ պետք է արվեր իրենց բնակության վայրից տեղահանվող բնակչության համար նվազագույն անհրաժեշտ ժամանակ և պայմաններ ապահովելու համար։

Արցախի պետական կառույցներն այս գյուղերի բնակիչներին միայն նոյեմբերի 17-ի երեկոյան կամ նոյեմբերի 18-ի առավոտյան են փոխանցել բնակավայրերից հեռանալու պահանջը՝ փաստացի նույնիսկ 48 ժամից էլ պակաս ժամանակ տալով տարագրության համար։ Նույնիսկ 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ երիտթուրքերի կառավարությունը մի շարք դեպքերում ավելի երկար ժամանակ է տրամադրել հայ բնակչությանը՝ տարագրությանը պատրաստվելու համար

Առնվազն անհասկանալի է, որ հայտարարությունը ստորագրվել է նոյեմբերի 10-ին, սակայն Արցախի պետական կառույցներն այս գյուղերի բնակիչներին միայն նոյեմբերի 17-ի երեկոյան կամ նոյեմբերի 18-ի առավոտյան են փոխանցել բնակավայրերից հեռանալու պահանջը՝ փաստացի նույնիսկ 48 ժամից էլ պակաս ժամանակ տալով տարագրության համար։ Նույնիսկ 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ երիտթուրքերի կառավարությունը մի շարք դեպքերում ավելի երկար ժամանակ է տրամադրել հայ բնակչությանը՝ տարագրությանը պատրաստվելու համար։ Քսանինը տարի շարունակ հայկական երկու անկախ պետությունների գոյության պայմաններում փաստորեն արցախահայության մի մասն այսօր ավելի ծանր դրության մեջ է հայտնվել, քան 1915 թ. Օսմանյան Կայսրության հայազգի բնակիչները, որոնք առնվազն 530 տարի, եթե հաշվում ենք Կիլիկիայի հայկական թագավորության կործանումից սկսած, չունեին անկախ պետություն։ Այս իրավիճակի հետևանքով Մարտակերտի շրջանում մարդիկ հարկադրված են կրկնել այն, ինչը մի քանի օր առաջ տեղի էր ունենում Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում (Քարվաճառ)՝ այրել սեփական գույքը և հայտնվել անորոշության ու աղքատության ճիրաններում։

Հայկական պետությունը պետք է քայլեր ձեռնարկի նշված գյուղերից բնակիչների տարագրման  ողջախոհ ժամկետներ վերաբանակցելու ուղղությամբ՝ փորձելով գոնե չնչին չափով մեղմել մարդկանց տառապանքը։ 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: