20 նոյեմբեր, 2020 09:53

Ադրբեջանցիները հասել են Մեղրիի սահման. պատերազմի նոթատետրից, մաս 4

Հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտում տեղեկություն ստացա, որ ադրբեջանցիները հասել են Զանգելան: Պատերազմական գործողությունների, կողմերի առաջխաղացումների և նահանջների, կորուստների, մատակարարումների մասին տեղեկությունները, բացի դաշտային դիտարկումներից, որ ամենակարևորն էին, ստանում էի մի քանի այլ աղբյուրներից՝ Արցախի ռազմական և պետական պաշտոնյաներ, Մարդու իրավունքների պաշտպանի և տեղեկատվական կենտրոնի աշխատակիցներ, առաջնագծում կռվող տղաների ընկերներ ու ընտանիքի անդամներ, հայ և օտարերկրյա լրագրողներ: 

Երևանից հաղորդվող տեղեկատվությանը չէի վստահում, թեև փորձում էի հետևել՝ հասկանալու ամբողջական պատկերն ու տրամադրությունները: Ադրբեջանական տեղեկատվությանը հետևում էի Արցախում աշխատող օտարեկրյա լրագրողների միջոցով, որոնք գնում-գալիս էին Երևան և կապ ունեին Ադրբեջանում գտնվող իրենց գործընկերների հետ: Ռուսական աղբյուրները կարևոր էին, որոնց տեղեկատվությունը շատ մոտ էր իրականությանը: 

Երբ ստացա ադրբեջանցիների՝ Զանգելանին մոտենալու մասին տեղեկությունը, ՍիվիլՆեթի իմ գործընկեր Արեն Գրիգորյանի հետ անմիջապես ուղևորվեցինք Կապան: Զանգելանը շատ մոտ է Սյունիքի Սրաշեն, Ծավ և Ներքին Հանդ գյուղերին, այստեղ շատ ավելի հասկանալի կլինի, թե որտեղ են հասել ադրբեջանցիները: Եթե սեպտեմբերի 27-ին այս գյուղերից մինչև առաջնագիծ հեռավորությունը 100 կիլոմետր էր, ապա պատերազմի երրորդ շաբաթն արդեն 3-ից 5 կիլոմետր էր: 

Վաղ առավոտյան Կապանի հյուրանոցի իմ համարում մի ֆեյսբուքյան տեսանյութ տեղադրեցի, որում տողատակերով փորձում էի հասկացնել, որ մեր գործերը ճակատում լավ չեն: Երևանից հաղորդվող պաշտոնական լրատվությունը ուղղակի հիպնոսացրել էր հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությանը: Իմ ամենասթափ ընկերներն անգամ անվերապահորեն հավատում ու վստահում էին այդ տեղեկատվությանը և ինձ էլ հորդորում հետևել միայն պաշտոնականին:

Արենի հետ ուղևորվեցինք Քաջարան, ապա Մեղրի: Քաջարանում մի քանի ժամ անցկացրինք, զրուցեցինք մարդկանց հետ: Բոլորը մտահոգ ասում էին՝ հաղթելու ենք: Փողոցներում արդեն հանդիպում էին զոհերի անուններով սև ժապավեններ: Դրանից ևս կարելի էր պատկերացնել աղետի չափերը:

Առավոտյան ժամը 10-ի կողմերը ֆեյսբուքյան հեռախոսազանգ ստացա ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանից: Մոտավորապես ասաց հետևյալը՝ Ֆեյսբուքի հարձակումներին ուշադրություն չդարձնես, շարունակիր տալ իրական տեղեկատվություն, դրա կարիքը կա: 

Արդեն պատկերացրեցի, թե ինչ հարձակում է սկսվել իմ դեմ երկու ժամ առաջ Ֆեյսբուքում դրված տեսանյութի պատճառով: Երեկոյան, երբ արդեն վերադարձել էի հյուրանոց և կարդում էի իմ լրագրող գործընկերների՝ ինձ աջակցող գրությունները, հասկացա, թե ինչ ցավալի են ընդունել իմ մտահոգությունը իշխանություններն ու նրանց ֆեյսբուքյան գումարտակները: 

Իշխան Սաղաթելյանը մի այլ բան ասաց ինձ, որին հավատացի, քանի որ ՀՅԴ-ական այս գործչի հանդեպ ունեմ հարգանք ու վստահություն: Ասաց, որ փակ հանդիպումներ են ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը ասում է, թե պետք է զիջումների գնանք, շրջանները վերադարձնենք: 

Այդ ժամանակ ադրբեջանցիների վերահսկողության տակ էին անցել Ջարբայիլի, Հադրութի, Զանգելանի և Կուբաթլուի շրջանների մեծ մասը: Ադրբեջանցիները շարժվում էին Հակարի գետի երկարությամբ դեպի Լաչին: Մեկ օր անց Փաշինյանը Ազգային հերոսի կոչման պետք է ներկայացներ երկու զինվորականների: Դա ավելի գրգռեց ճշմարտությունը լսելուն անպատրաստ հայ հասարակությանը: Եթե երկու բարձրաստիճան զինվորական արժանանում են Ազգային հերոսի կոչման, ուրեմն՝ բեկում կա Կուբաթլուի ուղղությամբ: Այդ օրերին կրկին շրջանառության մեջ էր դրվել Խուդաֆարինը և Ջաբրայիլը ադրբեջանցիներից հետ վերցնելու ապատեղեկատվությունը, որին հաղթանակի կարոտ հայ հասարակությունը հավատում էր:

Այդ օրերին կրկին շրջանառության մեջ էր դրվել Խուդաֆարինը և Ջաբրայիլը ադրբեջանցիներից հետ վերցնելու ապատեղեկատվությունը, որին հաղթանակի կարոտ հայ հասարակությունը հավատում էր

Քաջարանում նկարահանումները ավարտելուց հետո շարժվեցինք Մեղրի: Ոլորանների մոտ կանգ առանք և բարձրից նկարեցինք Քաջարանը: Այդ պահին մեզ մոտ կանգնեց մի մեքենա: 30-ն անց երկու մարդ մեզ կասկածելի տոնով հարցրին, թե ինչ ենք նկարում: Շատ հանգիստ ասացի, որ ՍիվիլՆեթի լրագրողներ ենք, Արցախից ենք եկել ու հիմա գնում ենք Մեղրի: Աչքների առաջ պարզեցի իմ բեյջը և ասացի, որ ճիշտ եք անում, որ ուշադիր եք, պատերազմի այս օրերին շատ կարևոր է քաղաքացիների զգոնությունը:

Երբ հաղթահարել էինք Տաշտունի բարձունքը և իջնում էինք դեպի Մեղրի, դիմացից եկող ավտոմեքենաներից մեկը լուսային ազդանշան տվեց: Մտածեցի, որ վարորդը ճանաչեց ինձ, ՍիվիլՆեթի հետևողներից է: Ես չպատկերացրեցի, որ նա ինձ կանգնելու ազդանշան է տալիս: Մեղրիի մուտքի մոտ լուսային ազդանշան տվեց ևս մեկ ավտոմեքենա: Նույնը մտածեցի: Կարճ ժամանակ անց մեր դիմացից եկող ավտոմեքենան կտրուկ կտրեց մեր ճամփան: Ավտոմեքենայից դուրս եկան չորս հոգի՝ Կալաշնիկովներով ու ատրճանակներով: Նրանք ինձ և Արենի վրա պահեցին զենքերը և գոռացին՝ չշարժվել:

Արդեն իջել էի իմ Ջիփից և ուզում էի հասկանալ, թե ինչ է պատահել: Զենքը դեպի մեզ պահած տղաներից մեկը կիսաձայն ասաց մյուս երեքին.

- Տղե՛րք, ՍիվիլՆեթն է: 

Վայրկյաններ անց երկրորդ երիտասարդը ևս ճանաչեց, քանի որ մի քանի օր առաջ իմ ավտոմեքենան և փաստաթղթերը ստուգել էր Գորիսի Տեղ գյուղի մոտ՝ Ստեփանակերտի ճանապարհին:

- Տղե՛րք, ի՞նչ եք անում, էս ի՞նչ է եղել,- հարցնում եմ։ Գրեթե պապանձվել են:

Նրանք նախ ներողություն խնդրեցին, ապա ասացին, որ Մեղրիի ոստիկանության աշխատակիցներ են և հաղորդում են ստացել, որ Քաջարանի ոլորաններում հայտնվել են երկու կասկածելի դեմքեր: 

Ամեն ինչ պարզ էր: Մեզ հանդիպած մարդիկ Կապանի մարզային ոստիկանություն հաղորդում էին տվել: Մեղրիի ոստիկանության չորս աշխատակիցներին խնդրեցի, որ նրանք նույն տեսարանը կրկնեն, իսկ ՍիվիլՆեթի Արենը նկարի ու այդ տեսանյութը տեղադրենք ֆեյսբուքում և ցույց տանք, թե ինչ փնթի է աշխատում Հայաստանի ոստիկանությունը: Դա, իհարկե, հումոր էր, սակայն տեսարանը շատ նման էր ֆիլմերում մեզ հանդիպող դրվագներին, երբ ամենազոր ոստիկանները ասֆալտին են փռում հավանական հանցագործներին: 

Բարեկամաբար բաժանվեցինք, թեև մեջս ջղայնությունը եռում էր: ՍիվիլՆեթի գործընկերներիցս ճշտեցի Սյունիքի մարզային ոստիկանության պետի հեռախոսահամարը և զանգահարեցի նրան: Ներկայացա, ներկայացրեցի եղելությունը և պահանջեցի, որ ոստիկանությանը սուտ տեղեկություն հաղորդած երկու քաղաքացիները պատասխանատվության ենթարկվեն: Պետի ազգանունը Հակոբյան էր, ծնունդով՝ Իջևանից: Վերցրեց իմ հեռախոսահամարը: Մինչև հիմա սպասում եմ նրա պատասխան զանգին:

Պատրաստվում էի անցնել փողոցը և նստել իմ Ջիփը, երբ կողքիս կանգնեց մի այլ սև Ջիփ: Նրանից իջան Արսեն Թորոսյանն ու առողջապահության երկու փոխնախարարները: Հենց ճամփեզրին մոտ 20 րոպե զրուցեցինք: Թորոսյանը տեղյակ էր, որ ադրբեջանցիները հասել են Զանգելան և Արաքսի ափով մոտենում են Նռնաձորին: Նա ամբողջովին պատկերացնում էր այն մտահոգիչ պատկերը, որ տիրում էր ճակատում: Խորհուրդ տվեց նաև այցելել Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ նոր վիրավորներ էին բերել, ինչը արեցինք: Զրույցի վերջում կես հումորով ասացի, որ սա իմ վերջին հանդիպումն է Նիկոլ Փաշինյանի կառավարության նախարարի հետ: Մտածում էի, որ Փաշինյանը հրաժարական է տալու: Ավելի վաղ, հավանաբար պատերազմի տասներորդ օրը, գուցե ավելի շուտ, ՍիվիլՆեթի իմ երկու գործընկերներին նամակով գրել էի, որ եթե ուզում ենք ռազմադաշտում բեկում մտցնել, ապա Փաշինյանը պետք է ժամ առաջ հեռանա: 

Օրվա երկրորդ կեսին նկարահանումներ ու հարցազրույցներ ունեցանք Ագարակ և Մեղրի քաղաքներում, իսկ հաջորդ օրը այցելեցինք Ներքին Հանդ և Ծավ գյուղեր, ինչպես նաև՝ Զանգելանի այն հատվածը, որը մինչև այսօր հայկական վերահսկողության տակ է: Իմ զրուցակիցներից էր Դավիթ Մաթևոսյանը, որը երկու օր անց զոհվեց Նռնաձորի մոտ՝ անօդաչու թռչող սարքի հարվածից երկու այլ մեղրեցիների հետ: 

Մաթևոսյանի հետ հարցազրույցի համար պայմանավորվեց Մարիամ Ծատրյանը՝ Մեղրու համայնքապետարանի մամուլի պատասխանատուն: Մաթևոսյանը 1990-ականների պատերազմում կարևոր գործ էր արել Նախիջևանի ուղղությամբ և Մեղրիի շրջանում իմ ճանաչած լավ մարդկանցից է: Ցանկություն չուներ զրուցելու: Մարիամն ասաց, որ կրտսեր որդին առաջնագծում է՝ Ջաբրայիլի կողմերը: 

Նախքան ձայնագրելը՝ Մաթևոսյանն ասաց, որ Խուդաֆարինի ջրամբարը գրավելուց հետո ադրբեջանցիները ուղղակի զբոսնելով անցել են մոտ 50 կիլոմետր Արաքսի երկայնքով և հասել մինչև Նռնաձորի կողմերը: Շատ մտագոհ էր և կարևորում էր, որ ռուսները շուտ միջամտեն և կանգնեցնեն պատերազմը: Ասաց, որ կրկին կանգնել ենք թուրքական սպառնալիքի և ռուսական ընտրության առաջ, ապա հումորով, թե էլի «օրհնվի էն սհաթն» ենք հիշում: Ես չէի կարող պատկերացնել, որ սա իմ վերջին հանդիպումն է Մաթևոսյանի հետ և նրա վերջին հարցազրույցը: 

Շուշիից վերադառնում ենք Գորիս: Արենից բացի մեզ հետ էր դիվանագետ Վլադիմիր Կարապետյանը: Նա Գորիս էր եկել և Մաթևոսյանի խնդրանքով բերել էր ինչ-որ սարքավորումներ: Իմանալով, որ Գորիսում ենք և մեկնելու ենք Ստեփանակերտ ու Շուշի, ցանկություն հայտնեց միանալ մեզ: Հետդարձին՝ երեկոյան, նա հեռախոսով կապվեց Մաթևոսյանի հետ: 

- Դավիթն ասում է, որ Կալաշնիկովը ձեռքին կանգնած է Նռնաձորի սահմանին, ադրբեջանցիները մոտեցել են Մեղրիի սահմաններին,- պատմեց մեզ Վլադիմիրը հեռախոսազրույցից հետո:

Երբ հասանք Գորիս, Վլադիմիրը իր ավտոմեքենայով շտապեց Մեղրի: Ժամեր անց՝ վաղ առավոտյան, նա գրեց, որ Դավիթը զոհվել է: 

20 նոյեմբերի, 2020, Երևան

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: