20 նոյեմբեր, 2020 15:46

ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը Մինսկի խմբի ձևաչափին

Լեռնային Ղարաբաղ. ԵՄ-ն անունից ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը․

«ԵՄ-ը ողջունում է Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը,  որը նոյեմբերի 9-ին համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև: ԵՄ-ը կոչ է անում բոլոր կողմերին շարունակել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը ՝ մարդկային հետագա կորուստները կանխելու նպատակով:

ԵՄ-ն տարածաշրջանային բոլոր դերակատարներին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող է վտանգել ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը: ԵՄ-ն նաև կոչ է անում տարածաշրջանից լիարժեք և արագ կերպով դուրս բերել բոլոր օտարերկրյա զինյալներին:

ԵՄ-ն ուշադրությամբ է հետևելու հրադադարի, մասնավորապես՝ դրա մշտադիտարկման մեխանիզմների  հետ կապված դրույթների կյանքի կոչման գործընթացներին:

Ռազմական գործողությունների դադարեցումը միայն առաջին քայլն է ուղղված Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության ավարտին: ԵՄ-ը կարծում է, որ պետք է նոր ջանքեր գործադրել հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման ուղղությամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Այդ իսկ պատճառով, ԵՄ-ը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գլխավորությամբ ընդունված միջազգային ձևաչափին ` այդ նպատակին հետամուտ լինելու  համար: ԵՄ-ը պատրաստ է արդյունավետորեն նպաստել հակամարտության տևական և համապարփակ կարգավորման ձևավորմանը, ներառյալ՝  հնարավորության դեպքում, կայունացման, հետհակամարտային վերականգնման և վստահության ամրապնդման միջոցառումների միջոցով:

ԵՄ-ը վերահաստատում է իր վճռականությունը ուժի կիրառման դեմ, մասնավորապես կասետային զինամթերքի և հրկիզիչ զենքի, որպես վեճերի կարգավորման միջոց օգտագործումը: ԵՄ-ը շեշտում է, որ պարտադիր է հարգել միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները և կոչ է անում կողմերին կատարել ռազմագերիների փոխանակման և մարդկային մնացորդների վերադարձի մասին պայմանավորվածությունները,  որոնք ձեռք են  բերվել  հոկտեմբերի 30-ին ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի համապատասխան: ԵՄ-ը կարևորում է երաշխավորված  մարդասիրական մուտքի անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղ և նրա շրջակա տարածքներ՝ տեղահանված բնակչության կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար հնարավոր լավագույն պայմաններով: Այն ընդգծում է Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում մշակութային և կրոնական ժառանգության պահպանման և վերականգնման կարևորությունը: Ցանկացած ռազմական հանցագործություն, որը հնարավոր է կատարված լինի, պետք է հետաքննվի:

Եվրամիությունն ու իր անդամ պետություններն արդեն իսկ տրամադրում են զգալի հումանիտար օգնություն ՝ հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության անմիջական կարիքները հոգալու նպատակով և պատրաստ են տրամադրել հետագա օգնություն»։