20 նոյեմբեր, 2020 13:19

Հրադադարի տխրահռչակ համաձայնագիրը կարող է լինել Ադրբեջանի կողմից Արցախի ճանաչման առաջին քայլը 

Քաղաքական խորհրդատու Էրիկ Հակոբյանը ՍիվիլՆեթի Էմիլիո Կրիկիոյի հետ զրույցում խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ռուսաստանի ծրագրերի մասին, ինչպես նաև անդրադառնում կարգավիճակի, Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների բացման հարցերին և ռուսական աճող ազդեցության վերաբերյալ Արևմուտքի արձագանքին։

- Այսպիսով, Ռուսաստանը զգալի ներկայություն ունի Արցախում։ Ո՞րն է Ձեր կարծիքով Ռուսաստանի խաղը Արցախում։ 

- Երբեմն գրականությունը իրավիճակը բացատրելու լավագույն տարբերակն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ հայտնի դասականներից մեկը՝ Վասիլի Գրոսմանը իր «Կյանք և ճակատագիր» գրքում մի դրվագ կա, որտեղ Ստալինին զեկուցում են՝ գերմանական բանակը շրջապատել է Ստալինգրադը։ Նա պատասխանում է երգով՝ «Փոքրիկ թռչուն իմ ձեռքում, ոչ մի դեպքում քեզ բաց չեմ թողնի»։ Կարծում եմ՝ Ռուսաստանի դեպքում իրենց ձեռքն է ընկել այս խնձորը, և ոչ մի դեպքում այն բաց չեն թողնի։ Ինչ է սա նշանակում գործնականում․ գուցե հնարավոր է ականատես լինել այն իրավիճակի, երբ ունենք հայկական Հայաստան՝ ռուսական Հայաստանի կողքին։ Ղարաբաղը կարող է դառնալ Կովկասի Աբխազիան Ադրբեջանում, որովհետև դատելով այն փաստից ու մասշտաբներից, որով ռուսները մտնում են Ղարաբաղ, ակնհայտ է, որ սա իրենց համար լինելու է հենակետ իրենց ուզած այն տարածաշրջանում, քաղաքական ու ռազմական ներկայություն, որն իրենց համար բավական էժան կլինի։ 

Ուստի, այստեղ տեսնում ենք մի համապարփակ ռուսական խաղ, և այս հարցում Պուտինի ու Հայաստանի շահերը կարող են լիովին համընկնել, այն աստիճանի, որ եթե կարդաք Պուտինի՝ նոյեմբերի 17-ի ելույթը, ակնհայտ է, որ նա իսկապես ցանկանում է իրագործել այս համաձայնագիրը, որովհետև, ըստ ամենայնի, նա Ղարաբաղը վերածելու է ռուսական ամրոցի։ Դա ֆիզիկական անվտանգության առումով լիովին կպաշտպանի տեղի հայկական բնակչությանը, բայց կփոխի դինամիկան՝ ստեղծելով Կովկասի հենց մեջտեղում հայախոս ռուսական նահանգ։

- Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ լուծված չէ։ Պուտինը հայտարարել է, որ կարգավիճակի հարցը ապագայում կլուծվի, և խոսել է Հայոց ցեղասպանության մասին։ 

- Շատ հետաքրքիր է․ Պուտինի դեպքում պետք է սովորել նաև կարդալ նրա ասածի տողատակերը, որովհետև նա հազվադեպ է նման բացահայտ ձևով խոսում։ Սակայն վերջին ամսում նա երկու անգամ շատ հստակ և հաստատ արտահայտվել է այս հակամարտության էթնիկ բնույթի և ցեղասպանության համատեքստում Հայաստանի  մտավախությունների մասին այնպես, որ չեմ պատկերացնում՝ արևմտյան որևէ առաջնորդ կխոսի։ Չեմ պատկերացնում, որ Անգելա Մերկելը կասեր նույն բաները Սումգայիթի ջարդերի ու Հայոց ցեղասպանության, և դա կրկնվելու հայ ժողովրդի վախերի մասին։ Պուտինը շատ հստակ էր այս հարցում։ Այլ բան է՝ ինչ նպատակներ է նա հետապնդում, որոնք ոչ պարտադիր է, որ ազնիվ լինեն։ Բայց նա խոսեց դրանց մասին։

Մյուս բանը՝ Պուտինը պնդեց, որ Արցախը պետք է ունենա որևէ տեսակի կարգավիճակ։ Տեսականորեն և, դատելով նրանց հռետորաբանությունից, ադրբեջանցիները սրան հարյուր տոկոս դեմ են։ Սակայն Պուտինը կարծես հարյուր տոկոս կողմ է, կարծում եմ՝ աջակցում է կարգավիճակի հարցին, որովհետև դա կլեգիտիմացնի Արցախում ռուսական ներկայությունը։ Երբ արդեն հաստատում ես, որ Ղարաբաղը առանձին միավոր է, - ցանկացած տեսակի, կարող է լինել միջանկյալ կարգավիճակ-, գործնական բոլոր առումներով դա կնշանակի, որ Ղարաբաղի հայկական մասը երբեք չի համարվի Ադրբեջանի մաս։ Որոշ չափով այն օրը, երբ Ալիևը ստորագրեց այդ համաձայնագիրը, - նա կարող է և իր ժողովրդին չասել դա, բայց թույլ տալ խաղաղապահներին մի տարածք, որը քո ասելով քո երկիրն է, տարանջատելով մի մասը մյուսից,- դու արդեն իսկ ընդունում ես, որ դա քոնը չէ։ Ո՞ր ինքնիշխան երկիրը թույլ կտար խաղաղապահներ մտնեն իր երկիր և տարանջատեն մի մասը մյուսից, եթե արդեն իսկ չի հասկանում, որ այդ տարածքն իրենը չէ այլևս։ 

Ուստի, կարծում եմ, որ Պուտինը առաջ կտանի կարգավիճակի հարցը ոչ թե մեր, այլ իր նպատակների համար՝ Արցախի համար հաստատելով իրավական կարգավիճակ՝ որպես Ադրբեջանից առանձին միավոր, ինչը համընկնում է մեր նպատակին, քանի որ ակնհայտորեն բանակցությունների այս բոլոր տարիներին մենք երբեք չենք կարողացել պարտադրել կարգավիճակի հարցը։ Իսկ հիմա կա մեկը, որն ունի բավականաչափ ուժ՝ Ալիևին ստիպելու ասել այո, երբ վերջինս ուզում է ոչ ասել։ 

- Սահմանների բացման հետ կապված այս բոլոր քննարկումների համատեքստում,- հատկապես Հայաստան - Թուրքիա սահմանի մասին,- գիտենք, որ միջանցք է լինելու Նախիջևանի և Ադրբեջանի միջև, խոսակցություններ կան նաև մեկ այլ՝ Հայաստան - Ռուսաստան միջանցքի մասին։ Ինչպե՞ս սա բացատրել։

- Դա գումարվում է Հայաստանի և Իրանի միջև միջանցքին՝ Նախիջևանով։ Անկեղծ ասած, դա միայն ի շահ Հայաստանի կլինի, քանի որ Հայաստանին մատչում է տալիս դեպի Ռուսաստան, դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելք և Իրան։ Ակնհայտորեն, դա նաև օգտակար է Թուրքիային՝ դեպի Ադրբեջան և Ադրբեջանին՝ դեպի Թուրքիա ելք տալու համար։ 

Մենք դրան դեմ չպետք է լինենք, քանի որ դրանից ավելի շատ շահում ենք։ Նրանք առանց այդ էլ ունեն տարատեսակ ուղիներ, իսկ մեր դեպքում դեպի աշխարհ Վրաստանով ելքով սահմանափակված չլինելը լավ է, լավ է նաև, որ ադրբեջանական տրանսպորտային միջոցներով մենք կարող ենք կարճ ժամանակում հասնել Ռուսաստան, և Նախիջևանով կարող ենք կարճ ժամանակում հասնել Իրան, հատկապես, եթե երկաթուղին սկսի աշխատել։ 

Դա կփոխի այս երկրի և տարածաշրջանի տնտեսական դինամիկան, և չմոռանանք՝ պատճառներից մեկը, որ մարդիկ ցանկանում են առևտրային ճանապարհների բացումը, հետևյալն է՝ մարդիկ, ովքեր միմյանց հետ առևտրով են զբաղվում, շատ ավելի քիչ շահագրգռված կլինեն իրար հետ պատերազմելու։ Ընդհանուր առմամբ, որովհետև ունեն միմյանց համակարգերի փոխադարձ շահավետ օգտագործում, և սա երկարատև խաղաղության համար բարենպաստ պայման է։ Ուստի այս միջանցքների բացումը և Հայաստանի՝ աշխարհին ավելի մեծ մատչում ունենալը թույլ չի տա Վրաստանին չարաշահել իր դիրքը Հայաստանի նկատմամբ, որովհետև, անկեղծ ասած, Հայաստանի կապը Իրանի հետ սահմանափակումներ ունի, ութ ժամվա ճանապարհ է, իսկ Նախիջևանով՝ երկու-երեք ժամվա։ Ուստի, սա շահավետ է։ 

Չնայած հրադադարի այս համաձայնագիրը սարսափելի է, սակայն եթե բանակցությունները բացեն այս միջանցները, վաղ թե ուշ սա կարող է նշանակել Հայաստան  - Թուրքիա սահմանի բացում, չնայած որ սա այս բանակցությունների մաս չէ։ Թուրքիայի պայմանն է եղել՝ Ադրբեջանի հետ գործարքի գնալ, և եթե Ադրբեջանի հետ գործարքն ունենաս, արդեն իմաստ չունի սահմանը փակ պահել։ Կբացեն, թե ոչ, այլ հարց է։ Լա՞վ կլինի մեզ համար, թե ոչ, մեկ այլ հարց է, որում վստահ չենք։ Սակայն ոչ ոք չի կարող դեմ լինել տրանսպորտային ուղիների նոր տարբերակներ ունենալուն՝ կապված Մերձավոր Արևելքի և Եվրոպայի խոշոր տնտեսություններին։

- Շատերն անհանգստանում են, որ Արևմուտքին անտեսել են պատերազմի դադարեցման այս համաձայնագրում։ Ըստ Ձեզ՝ ինչպես կարձագանքի Արևմուտքը Արցախում Ռուսաստանի գործողություններին։ 

- Ինչ վերաբերում է արևմտյան տեսանկյանը, նախևառաջ, փոխվել է ցանկացած բանակցությունների ու քննարկումների բնույթը, որովհետև նախկինում չափորոշիչներն էին կարգավիճակի դիմաց գրավյալ տարածքների վերադարձը։ Այժմ այլևս չկան գրավյալ տարածքներ և, փաստորեն, մեր տարածքներն են գրավել բուն ԼՂԻՄ-ում։ Ուստի՝ այս բանակցություններում էլ ի՞նչ կա քննարկելու, երկու բանից զատ․

1․ Նորմալացնել ներկա գործընթացը, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ և խաղաղ ու ապահով բնակվել Արցախի մնացած հատվածներում, հուսով եմ՝ ինչ-որ կարգավիճակ ունենալով, որը նրանց միջազգայնորեն կպաշտպանի:

2․ Մարդու իրավունքների հարցը։ Արդյոք Ադրբեջանը որևէ իրավունք ունի՞ իշխելու այս մարդկանց։ 

Ուստի, ապագայում ընթանալիք բանակցությունները մեզ համար բարենպաստ են։ Պետք է այնպես անել, որ Ադրբեջանը մեզ տա մի բան, որը չի ցանկանում՝ կարգավիճակ։ Ներկա վիճակի նորմալացումից բացի՝ շատ բան չկա քննարկելու՝ ճանապարհներ, անվտանգություն և խաղաղություն, ապա՝ կարգավիճակ։ Այդ ժամանակ կա՛մ Ադրբեջանը տեղի է տալիս, և այս հարցը ամենայն հավանականությամբ լուծվում է, կա՛մ էլ, եթե տեղի չի տալիս, ունենում ենք մեր վերջին երեսուն տարվան համարժեք մի իրավիճակ։ Բայց այս անգամ նրանց ձեռքում ավելի շատ խաղաթուղթ կա, ինչպես մեր ձեռքում կար վերջին երեսուն տարում։ Բայց ինչի՞ դա հանգեցրեց։ Եվ իրավիճակը կարող է գլխիվայր շուռ գալ քսան տարի անց։

Հետևապես, Ադրբեջանի համար գործարքի գնալու և այս հարցը լուծելու շարժառիթ կա, եթե նրանք համաձայնեն Արցախին կարգավիճակ տալ, հատկապես եթե կարողանան պահել այն, ինչ գրավել են հենց ԼՂԻՄ-ից, օրինակ՝ Շուշին կամ Հադրութը։ 

Սա իսկապես կախված է Ադրբեջանի ներքին քաղաքականությունից կամ դրա վրա թուրքական ազդեցությունից, սակայն ինչպես Պուտինն է ձգտելու հասնել Արցախի կարգավիճակին՝ իր իսկ նպատակներից ելնելով, արևմտյան ուժերը ևս իրենց նպատակների համար կարող են ձգտել Ղարաբաղին կարգավիճակ տալուն, եթե նրանք չեն ուզում մի անորոշ իրավիճակ, երբ Պուտինը ռուսական անձնագրեր տա Արցախի բնակիչներին, ինչպես դա արվեց Աբխազիայում, որովհետև եթե 150 000 բնակիչ Արցախում ունենան ռուսական անձնագրեր իրենց հայկականի հետ միասին, Բաքվում ոչ ոք չի համարձակվի արցախցիների դեմ որևէ բան անել։ Ռուսաստանը թույլ չի տա իր 150 000 քաղաքացիներին առանց պաշտպանության լինել։ 

Արևմուտքը կարող է ճնշում գործադրել՝ հասնելու Արցախի որևէ կարգավիճակի ճանաչման, պահպանելու Արցախի անկախությունը, որպեսզի վերջինս Աբխազիա չդառնա։ Ուստի, կարող ենք ունենալ իրավիճակ, երբ Արևմուտքն ու Արևելքը նույն բանին են ձգտում՝ բոլորովին այլ պատճառներից ելնելով, ինչը սակայն լիովին մեր շահերից է բխում։ 

Բնականաբար, մեզնից էլ պահանջվում է դիվանագիտական հմտություն՝ սա հավասարակշռելու և հօգուտ մեզ աշխատեցնելու։ Ամեն դեպքում, Պուտինի մեկնաբանությունները ոգևորիչ էին, քանի որ մեր շահերից են ելնում։ Հուսով եմ՝ դա Արևմուտքին  կստիպի պատասխան քայլեր անել, ինչը իրականում նույն բանին կհանգեցնի՝ որևէ մակարդակի կարգավիճակ։ Իրականում այս պարագայում Արցախի համար ցանկացած կարգավիճակ նրան անկախ կդարձնի՝ անկախ նրանից՝ ինչ կասի Ալիևն իր ժողովրդին։ Եվ կարծում եմ՝ սարսափելի գիշերը, երբ մենք բոլորս վախենում էինք հրադադարի այդ տխրահռչակ համաձայնագրից, պատմական առումով կարող է լինել ադրբեջանցիների կողմից Արցախի ճանաչման առաջին քայլը։

Հարցազրույցը անգլերենից թարգմանել է Զառա Պողոսյանը

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: