25 նոյեմբեր, 2020 15:48

Էրդողանի պնդմամբ՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը լինելու են «տարածաշրջանում խաղաղության երաշխավորները»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «մեծ ներդրման մասին, որն ունեցել են Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում անարդարության վերացման հարցում»։

«Երեկ [նոյեմբերի 24 - խմբ․] ես հեռախոսազրույց եմ ունեցել հարգարժան Պուտինի հետ, մենք քննարկել ենք այն քայլերը, որոնք ձեռնարկվելու են Ղարաբաղում խնդրի լուծման համար։ Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը լինելու են տարածաշրջանում խաղաղության երաշխավորները»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

***
 
Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցում քննարկել են նոյեմբերի 9-ի՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության իրագործումը։ Ըստ Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության՝ Պուտինն Էրդողանին տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին, «շեշտվել է մարդասիրական հրատապ խնդիրների լուծման առաջնահերթությունը, քննարկվել են փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, մշակութային և կրոնական օբյեկտների պահպանման հարցեր, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում հակամարտության գոտում մոնիթորինգային կենտրոնի ստեղծման աշխատանքների վերաբերյալ»։