25 նոյեմբեր, 2020 16:55

Ինչ պատահեց և ինչու․ Ժիրայր Լիպարիտյանի վեց թեզերը

Հայաստանի առաջին նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը Mirrorspectator.com կայքում ծավալուն հոդված է հրապարակել ղարաբաղյան հակամարտության և վերջին պատերազմի մասին։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Մենք ապրում ենք մեր պատմության բարդագույն փուլերից մեկը։ Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը մեր բանակը կատաղի պատերազմ մղեց և ծանր պարտություն կրեց՝ ահռելի հետևանքներով։

Նախքան այս մութ թունելից ելք գտնելը, ավելի ճիշտ՝ որպեսզի մի ելք գտնենք, պետք է նախ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու։ Եվ մենք պետք է հաշտվենք դրա հետ, ընդունենք դա։ Իմ շատ գործընկերներ առաջարկել են իրենց պատասխանները։ Սա իմ ներդրումն է այս քննարկման մեջ։

1․ Հայաստանը, Արցախը և Հայկական աշխարհը պատմական չափերի կորուստ են ունեցել։

- Մենք պարտվեցինք պատերազմում, որից պետք է ամեն գնով խուսափեինք, պատերազմ, որը մենք չէինք կարողանա հաղթել։

- Մեր ժողովրդի ևս մեկ հատված կորցրեց իր նախնյաց օջախները և հավաքականորեն ապրելու հնարավորությունը։

- Կորցրինք երիտասարդների մի ամբողջ սերունդ՝ մեր ամենաթանկ արժեքներից մեկը։

- Կորցրինք տարիներ շարունակ Արցախում ներդրած մեր մարդկային և ֆինանսական կապիտալը։

- Մեր վարչապետը չհասավ այն երեք նպատակներին, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար դրել էր իր առջև․

ա․ Արցախի ղեկավարությանը բանակցությունների սեղանի շուրջ բերելը,

բ․ Որևէ լուծում պետք է ընդունելի լինի հակամարտության մեջ ներգրավված բոլոր երեք՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների համար,

գ․ Հնարավորությունը թեկուզ հեռավոր ապագայում ապահովելու Ղարաբաղի անկախությունը։

- Մենք կորցրինք մեր ինքնավստահությունը, լավատեսությունը և մինչ այս եղած ձեռքբերումներից շատերը։ Գուցե նույնիսկ կորցրել ենք հավատը ժողովրդավարության հանդեպ։ Մենք տրավմա ունեցող ժողովուրդ ենք, որը լիովին պատրաստ չէ ընդունել այն, ինչ տեղի է ունեցել, և ինչու:

- Մենք կորցրինք մեր անկախության և ինքնիշխանության ևս մեկ կտոր։

2020 թ. նոյեմբերի 10-ի զինադադարի համաձայնագիրը և նախագահ Պուտինի՝ հաջորդիվ արած հայտարարությունները պարզ ցույց են տալիս, որ հենց Հայաստանն է խոսում Արցախի անունից։ Պարզ չէ անգամ, թե Հայաստանն ի՛նչ ձայն կունենա իրադարձությունների ապագա ընթացքի որոշելու հարցում։ Ինչևէ, բոլոր շահագրգիռ կողմերի աչքում Հայաստանն է սահմանվում որպես կողմ, որը պատասխանատու է և է՛ Արցախի վերաբերյալ ցանկացած և ամեն բանի համար։

2. Պարտությունից հետո մենք շփոթված ենք և շփոթություն ենք տեսնում մեր շուրջը: 

Մի կողմից, մեզ համակել է թերահավատությունը, դավաճանված լինելու զգացումը, և վստահ չենք՝ կարո՞ղ ենք հավաքել աշխարհի բեկորները, որ թվում է՝ կոտրված է: Մյուս կողմից՝ մենք իրար ռմբահարում ենք փոխադարձ մեղադրանքներով, ճառերով ու հայտարարություններով, որոնց նպատակը մեր իսկ գործած սխալների մեջ ուրիշ մեղավոր գտնելն է՝ մեր գործողությունների ու խոսքերի արդարացումներով ու հիմնավորումներով, արդարացումներ, թե ինչու պատերազմն անխուսափելի էր, և ինչու պարտությունը պարտություն չէ։ Այս ամենը՝ վրեժխնդրության կոչերով։

Արկածախնդիրները, պատեհապաշտներն ու գերհայրենասերները համընդհանուր ցուցադրության են նետում իրենց ունեցած ամեն ինչ՝ պատերազմի ժամանակ արված ամենափոքր սխալից մինչև դավադրության ամենավայրենի տեսություններ; անխոհեմ որոշումների, վախկոտության և դասալքության մեղադրանքներից մինչև գիլյոտինի արժանի դավաճանություն։

Ամեն ինչից առաջ, մենք կասկածներ ունենք, թե արդյոք կենտրոնանում ենք այն բանի վրա, ինչն այժմ էական է։ Մենք այլեւս չենք վստահում ճիշտ հարցեր բարձրացնելու մեր կարողությանը, էլ չենք խոսում այն մասին, թե արդյոք ունենք ճիշտ պատասխաններ՝ ինչպես գնահատել այն ուղին, որը մեզ հասցրել է այստեղ, և ինչ անել ապագայում։

3. Մենք դեռ շարունակում ենք հարցնել, թե ինչու հայտնվեցինք այստեղ։ Ինչպե՞ս կարողացանք պարտություն կորզել հաղթանակի երախից։ Ի՞նչը սխալ գնաց։

Մինչ օրս «ինչը սխալ գնաց» հարցին պատասխանելու փորձերի մեծ մասը կենտրոնացած է եղել պատերազմի ժամանակ սխալների և սխալ հաշվարկների, դիվանագիտության անհաջողությունների վրա։ Շատերը նաև մեղադրում են անձամբ վարչապետին։

Նման պատասխանները մեզ բերել են այնպիսի լուծումների, ինչպիսիք են՝ ա) պահանջել վարչապետի հրաժարականը, բ) մերժել հրադադարի մասին նոյեմբերի 10-ի համաձայնագիրը կամ փորձել այն փոխելու ճանապարհներ գտնել, գ) ավելի համառ ջանքեր գործադրել Արցախի անկախության միջազգային ճանաչման համար, դ) շտկել պատերազմի վարման հետ կապված սխալները, որպեսզի պատրաստվենք կռվի նոր փուլի և այս անգամ այլ ելք ակնկալենք՝ վերականգնելու նախկին ստատուս քվոն։

Ամենայն հավանականությամբ, պատերազմի պատրաստվելիս կամ այն վարելիս շատ բաներ կարելի էր տարբեր կերպ անել, բայց կասկածելի է, թե մենք կարող էինք զգալիորեն տարբեր արդյունք ստանալ, քան այն, ինչ ունենք այսօր։ Փորձագետները, հանձնաժողովները և պատմաբանները դեռ երկար կվերլուծեն այդ անհաջողությունները և, հավանաբար, միասնական կարծիքի չեն հանգի, թե ինչն է սխալ արվել:

Այդ պատասխաններից ոչ մեկը առանձին-առանձին կամ միասին վերցրած բավարար պատասխան չի տա մեր ունեցած հիմնարար խնդիրը հասկանալու համար։

4. Մենք պարտվեցինք, որովհետև ավելի քան երկու տասնամյակ մեր առաջնորդները իրականությանն առերեսվելու փոխարեն իրենց դատողությունները հիմնեցին գաղափարական, քաղաքական, կուսակցական և անձնական նկատառումների վրա։

Մենք պարտվեցինք, քանի որ հրաժարվեցինք տեսնել ուժերի հավասարակշռության տեղաշարժվող փոփոխությունը, ընդունել, որ ժամանակը մեր օգտին չէ։ Մենք մեր լավ զգալը շփոթեցինք ռազմավարական մտածողության հետ։

Կոնկրետ վարչապետ Փաշինյանի դեպքում մենք պետք է հաշվի առնենք երկու գործոն.

ա) Նրա ազնիվ, բայց միանգամայն անտեղի և վտանգավոր հավատն առ այն, որ Հայաստանի ժողովրդավար լինելը միջազգային աջակցություն կապահովի ղարաբաղյան խնդրի վերաբերյալ երկրի դիրքորոշմանը; որ «Արևմուտքն» ավելի շատ հոգ է տանում ժողովրդավարության, քան իր շահերի մասին; որ նախագահ Ալիևին շրջանցելն ու ադրբեջանցի ժողովրդին դիմելը հարուցելու է ադրբեջանական այլ դիրքորոշում՝ ավելի մոտ հայկական առավելապաշտական դիրքորոշմանը։

բ) Նրա ցանկության բացակայությունը՝ որպես պետական գործիչ վարվելու եւ բանակցելու. բանակցելու գրավյալ տարածքների վերադարձի կարգի ու խաղաղ ճանապարհով մեր ժողովրդի համար իր հողի վրա ապրելու անվտանգության համարժեք երաշխիքների, խաղաղության շուրջ:

Արևմուտքը, Արևելքը, Հարավն ու Հյուսիսն արդեն ավելի քան քսան տարի մեզ ասում են, որ՝ ա) իրենք չեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, և բ) Հայաստանի կողմից վերահսկվող Ղարաբաղին հարող յոթ շրջանները համարում են գրավյալ տարածքներ, և որ ինչ էլ որ լինեն մեր կողմից այդ տարածքների նկատմամբ վերահսկողության պատճառները, մենք պետք է դրանք վերադարձնենք։ Ադրբեջանն այս ամբողջ ընթացքում մեզ ասել է, որ իրենք պատերազմի են գնալու այդ շրջանների համար։

Այսքան երկար ժամանակ անտեսելով այդ ամենը՝ մենք, այնուամենայնիվ, դիմում էինք Արևմուտքին՝ խնդրելով որ օգնի մեզ պահպանել յոթ շրջանները և ճանաչել Ղարաբաղի անկախությունը, այն դեպքում, երբ սկսել էինք պարտվել պատերազմում։

5. Մեր գլխավոր խնդիրն այն է, թե ինչպես ենք մտածում:

(«Մեր» ասելով, այս դեպքում, նկատի ունեմ մեր պետության ղեկավարների եւ այսօր փողոցում հավաքված մեր քաղաքական կուսակցությունների մեծ մասին:) Մեր խնդիրն այն էր, թե ինչպես էինք նայում ղարաբաղյան հակամարտությանը և այն, թե ինչպես էինք ձևակերպում դրա լուծման հետ կապված հարցերը։ Մենք սկսեցինք այն եզրահանգումից, որը համապատասխանում էր մեր երազանքներին, իսկ հետո հնչեցրինք միայն այն հարցերը, որոնք հաստատում էին մեր եզրակացությունները և չէին վիճարկում մեր ենթադրություններն ու տրամաբանությունը։ Մեր խնդիրը մեր քաղաքական մշակույթն է, որն ապավինում է երազանքներին, ոչ թե անհերքելի փաստերին. այն ձևը, որով մենք ռազմավարություն ենք մշակում, այն ձևը, որով հեշտությամբ մի կողմ ենք դնում արտաքին աշխարհի եւ մեր հակառակորդների ասածն ու արածը, եթե դրանք խաթարում են մեր նախապաշարումներն ու նախասահմանված համոզմունքները։

Մենք քաղաքական ռազմավարությունը հարմարեցնում ենք մեր ցանկություններին, նրան, ինչից մեզ լավ կզգանք, այլ ոչ թե հաշվի առնում պարզ փաստերը, որոնք միասին կազմում են իրականությունը: Մեր խնդիրն այն է, թե ինչպես ենք թույլ տալիս, որ մեր խնդիրների ամենաբարձր, վեհանձն ու կատարյալ լուծումներն ու մեր պատրանքները ստվերեն դատողությունները: Մեր խնդիրն այն է, որ մենք համառորեն գերագնահատում ենք մեր կարողություններն այնպես, որ անգամ չենք վիճարկում մեր ռազմավարության ու երազների միջև փոխզիջումը։ Մենք կարծում էինք, որ «ոչ մի թիզ չզիջելու» մեր ռազմավարությունը ճիշտ էր, քանի որ մեր դատն արդար էր։ Եվ մենք հավատում էինք, որ կկարողանանք մեզ ենթարկեցնել թշնամու և միջազգային հանրության կամքը և նրանց դրդել մտածել ու զգալ այնպես, ինչպես մենք։

Մենք կարծում էինք, թե մեր երազներն այնքան վսեմ են, որ դրանք սոսկ քաղաքական ծրագրի վերածելն ու աշխարհին դրանց մասին հայտնելը կարող էին փոխարինել ռազմավարական մտածողությանը։ Մենք չէինք ցանկանում խաթարել հայրենասեր զգալու մեր հարմարավետությունը։

Քանի որ հակառակորդը չէր ցանկանում մեզ տալ այն, ինչ մենք երազում էինք, մենք որոշեցինք, որ հակառակորդը ճկուն չէ, չի ցանկանում բանակցել։ Եվ այդ պատճառով ասացինք, որ պատերազմն անխուսափելի է, որ դա ընդունելի տարբերակ է, և որ դա մեր մեղքը չէ։ Ի վերջո, այս տրամաբանությունը հանգեցրեց իր անխուսափելի եզրահանգմանը, որ պատերազմը ցանկալի է, որ մենք պայքարելու ենք և, իհարկե, հաղթելու ենք, և պարտադրելու ենք թշնամուն ընդունել մեր տրամաբանությունը, մեր պայմանները, մեր լուծումը։ Եվ ուժերի հավասարակշռության ցանկացած իրատեսական գնահատական թող կորչի գրողի ծոցը։ Ավելի լավ էր բախտը փորձել պատերազմի, ոչ թե խաղաղության մեջ:

Մենք պնդում էինք, թե խաղաղության ընտրությունը պարտվողականների լուծումն է. կարիք չկար ներդնել այն ամենը, ինչ ունեինք բանակցություններում, կարիք չկար զոհաբերել մեր երազների մաքրությունը։

Մենք նույնիսկ ունեինք մտային անհրաժեշտ պարագիծը՝  այնտեղ տեղավորելու համար երիտասարդ կյանքերի անխուսափ կորուստը։ Ի վերջո, մեր պատմությունը լի չէ՞ հերոսներով ու նահատակներով: Հատկապե՛ս նահատակներով: Մենք օրհնված ենք, չէ՞, Վարդանանց ճակատամարտի հիշատակով. ճակատամարտի, որտեղ հազարից ավելի զինվորներ զոհվեցին եւ դարձան նահատակներ: Արդյոք մեր պատմությունն ու եկեղեցին մեզ չե՞ն ասել, որ ընդունելի է, երբ զոհվում են երիտասարդ տղաներ, նույնիսկ եթե հազարավորների ինքնազոհողությունը անպայմանորեն հաղթանակ չի բերում:

Խաղաղությանը լավագույն դեպքում վերաբերվում էին որպես ընտրություն, որը չպետք է ավելի շատ արժևորել, քան պատերազմը, այն կարելի էր ընդունել կամ մերժել։ Եվ մեր հռետորաբանությունը համապատասխանում էր այդ գոռոզությանը և, պետք է ասեմ, վտանգավոր անխոհեմ դատողությանը։

Երկու լուծումն էլ՝ թե՛ բանակցությունների, թե՛ պատերազմի ճանապարհով, ռիսկային էին։ Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր վտանգները։ Բայց վատագույն դեպքում՝ ձախողված խաղաղության ելքի դեպքում, մենք կհայտնվեինք այնտեղ, որտեղ ե՛նք հիմա, հնարավոր է՝ նույնիսկ ավելի լավ վիճակում։ Պատերազմի դեպքում նոյեմբերի 10-ի զինադադարը լավագույնն էր, ինչի հույսը կարող էինք ունենալ։

6. Այն, ինչ այսօր ունենք ռազմավարական մտածողության շուկայում՝ կառավարության եւ իշխանությանը փոխարինել ցանկացող ընդդիմության առնչությամբ, չափազանց մտահոգիչ է ու վտանգավոր: 

Մենք տեսնում ենք իրական հարցերին և ակնհայտ պարզ պատասխաններին առերեսվելու շարունակական մերժումը, նույն կարգախոսների կրկնությունը, նույն պատրանքներին կառչած մնալը։ Մենք առաջարկում ենք սխալ բուժում՝ սխալ ախտորոշման համար:

Կառչելով նույն ձախողված և թանկ արժեցող ռազմավարության շարունակությունից՝ կառավարությունը փորձում է համոզել մեզ և, գուցե ինքն իրեն, որ այն, ինչ նա մտածում էր խնդրի մասին, այդ մասին մտածելու միակ ձևն էր, և որ այն, ինչ արվել է, անելու միակ ձևն էր: Վարչապետը խոստովանեց իր աննշան սխալները, որոնք քողարկում են նրա մտածողության և ռազմավարության իրական ձախողումները։

Նրա դեմ փողոց դուրս եկած կուսակցություններն անգամ չեն արել այն, ինչ արեց Փաշինյանը։ Նրանք դեռ պետք է գիտակցեն, որ իրենք եւս սխալ են թույլ տվել՝ փոքր կամ մեծ: Այդ ընդդիմությունը բաղկացած է կուսակցություններից, որոնք եղել են արատավոր ռազմավարության եւ խնդրահարույց մտածողության ողնաշարը. մի խումբ, որը երբեք հարց չի բարձրացրել այն ուղու մասին, որն անխուսափելիորեն հանգեցնելու էր պատերազմի, մի ընդդիմություն, որը ծափահարում էր, երբ Փաշինյանը մերժում էր Լավրովի առաջարկած փոխզիջումային տարբերակը՝ մինչև պատերազմը և դրա սկսելուց մի քանի օր անց: Տարբերակ, որը կարող էր մեզ ավելի լավ վիճակում թողնել, քան հիմա ենք և առանց բոլոր այս կորուստների: Մենք պետք է հարց բարձրացնենք՝ ինչ խնդիր էին լուծում այս մարդիկ:

Ոմանք նույնիսկ առաջարկում են չեղարկել հրադադարի համաձայնագիրը, ստիպել մյուս ստորագրողներին փոխել այն կամ նույնիսկ վերադառնալ պատերազմի՝ վրեժխնդիր լինելու համար։ Պե՞տք էր արդյոք, որ նախագահ Պուտինը զգուշացնի մեզ, որ ցանկացած նման քայլ հավասարազոր է ինքնասպանության։

Պատմական կորուստների հանգեցրած այս մտածողության շարունակման հնարավոր հետևանքը կարող է լինել այն, որ պատերազմը կրկնվի, ու կորցնենք նաև այն, ինչ մնացել է մեզ։

Հիմա է ժամանակը փոխելու ոչ վաղ անցյալի պատմության մասին մեր տեսակետը, եթե ուզում ենք մշակել ապագայի համար մի ծրագիր, որը կդիմանա ժամանակի և առողջ բանականության փորձություններին: 

Թարգմանությունը` Զառա Պողոսյանի