25 նոյեմբեր, 2020 11:14

Ռուս խաղաղապահների տեղակայումը ԼՂ-ում կարող է չսահամանափակվել հնգամյա ժամկետով․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը, խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետների, արցախցիների վերադարձի, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության, ներքաղաքական իրադրության և այլ հարցերի մասին։

Պատասխանելով Ռուսաստանի խաղաղապահների տեղակայման հնգամյա ժամկետի և առաքելության մասին հարցին՝ Փաշինյանն ասել է․ «Սա քաղաքական համաձայնության հարց է, որը կայացվել է։ Հնգամյա ժամկետում, իհարկե, անհրաժեշտ է տարածաշրջանում ստեղծել անվտանգության և կայունության երաշխիքներ։ Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը երկարամյա պատմություն ունի, ես չեմ կարծում, որ ռուսաստանցի խաղաղապահների գտնվելու ժամկետը կսահմանափակվի հնգամյա ժամկետով։

Հնգամյա ժամկետը գործընթացի սկիզբն է

Այսինքն, հնգամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, ինչպես նշեցիք, նախատեսվում է ինքնըստինքյան երկարաձգման հնարավորություն։ Ես կարծում եմ, որ ներկա պահին գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղում ու տարածաշրջանում կայունության ապահովումն է, Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության ապահովումը, և կարծում եմ՝ ռուսաստանյան խաղաղապահները գործելու են հաջողությամբ և կկարողանան կյանքի կոչել այդ առաքելությունը»։

Պետք է լիարժեք վերականգնվի բանակցային գործընթացը

Անդրադառնալով հարցադրմանը, որ եռակողմ հայտարարությունում ոչինչ ասված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին և որ կարգավիճակը մնում է անորոշ, Նիկոլ Փաշինյանը ասել է․ «Գիտեք՝ փաստացիորեն կա կոնսենսուս առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում, և Հայաստանը կիսում է այն տեսակետը, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, և այն հարցերը, որոնք լուծում չեն ստացել համատեղ հայտարարությունում, պետք է դառնան Մինսկի խմբի համանախագահության շրջանակում քննարկման առարկա։ Դուք գիտեք Հայաստանի դիրքորոշումը ԼՂ կարգավիճակի հարցում, և մեր դիրքորոշումն իհարկե չի փոխվել»։

ՀՀ վարչապետի խոսքով՝ պետք է լիարժեք վերականգնվի բանակցային գործընթացը, «սակայն այժմ կան ավելի հրատապ հարցեր, որոնք պետք է լուծվեն»։

«Նկատի ունեմ ռազմագերիների, պահվող անձանց ամբողջական փոխանակումը։ Կա անհետ կորածների, զոհվածների մարմինների փոխանակման հարցը։ Կարծում եմ, որ ներկա պահին պետք է կենտրոնանանք հենց այդ հարցերի վրա»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանն ասել է՝ ինչ է մտածում արտահերթ ընտրությունների մասին