26 նոյեմբեր, 2020 20:31

ՊՆ պարզաբանումը՝ Սոթքի հանքավայրում ստեղծված իրադրության և սահմանազատման վերաբերյալ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։

«Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ սահմանվել էր, որ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը նոյեմբերի 15-ից պետք է անցնի Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Հետագայում, կապված գործընթացն իրականացնելու ժամկետների սղության հետ, վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 25-ը։

Նշված օրը հայկական ստորաբաժանումները դուրս են բերվել Քարվաճառի շրջանից, որը, հայտարարության դրույթների համաձայն, անցել է Ադրեջանին, ինչի արդյունքում Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև նշված հատվածում լիարժեք ու ճշգրիտ սահմանազատում իրականացնելը, ժամանակավորապես տեղադրվել էին դարպասներ՝ դեպի Քարվաճառ և հակառակ ուղղությամբ երթևեկությունը դադարեցնելու նպատակով։

Այսօր, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։ Սահմանազատման աշխատանանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ։

Ճշգրիտ և լիարժեք սահմանազատումը չափազանց կարևոր է՝ սահմանի այս կամ այն հատվածի պատկանելության հետ կապված վեճերը, կամ հնարավոր հետագա սադրանքները բացառելու նպատակով։ Հավելենք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը, հենց սահմանազատման արդյունքում ճշգրտված սահմաններով են տեղակայելու իրենց մարտական հենակետերն ու իրականացնելու մարտական հերթապահություն»,- ասված է հաղորդագրության մեջ։