27 core.base.month.11, 2020 10:27

Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել է շուրջ 23 մլն դոլար

Նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում չորս ժամ տևած 23–րդ ամենամյա Հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել է շուրջ 23 մլն դոլար, տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Հեռուստամարաթոնն անցկացվել է ԱՄՆ-ում Գոհաբանության օրը, կարգախոսն էր՝ «Համախմբվածություն, ուժ, հավատ»: Հեռուստամարաթոնն այս տարի տևել է 4 ժամ՝ ավանդական 12 ժամվա փոխարեն՝ «հաշվի առնելով հայրենիքում ստեղծված դժվարին իրադրությունը և հարգելով հայրենիքի համար ընկած զինվորների հիշատակը»:

«Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ Հեռուստամարաթոն 2020-ի հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը: Նպատակն է ֆինանսապես աջակցել այս ընտանիքներին, շուրջ 100 000 մարդու, ապահովել բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպես նաև կազմակերպել տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը», – նշել է ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը:

Սեպտեմբերի 27–ից ԱՄՆ հայ համայնքն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի փրկության համար կազմակերպված դրամահավաքին և մինչև Հեռուստամարաթոնն արդեն իսկ 80 մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն արել:

«Մեծ է նաև հայ համայնքի դերն անմիջական հումանիտար օգնություն հավաքագրելու և Հայաստան ու Արցախ հասցնելու գործում, որի արդյունքոմ ճգնաժամի առաջին օրվանից մի քանի ինքնաթիռներով հարյուր տոննայից ավել մարդասիրական օգնություն է ուղարկվել հայրենիք՝ բժշկական սարքավորումների, դեղորայքների, տաք հագուստի, դիզելային գեներատորների և այլ առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով», - ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22–ին սկսված Ֆրանսիական Հեռախոսամարաթոնի շրջանակներում արդեն հանգանակվել էր շուրջ 3 132 000 դոլար:

2019թ․ 22-րդ հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել էր շուրջ 10 մլն դոլար։ Միջոցառման խորագիրն էր՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին»։