27 նոյեմբեր, 2020 16:47

Ռուսաստանը հեգեմոնն է, որի հետ ամուսնացած ենք․ ինչ ուղղություններով պետք է զարգանա Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Քաղաքական խորհրդատու Էրիկ Հակոբյանը ՍիվիլՆեթում իր հերթական հարցազրույցում վերլուծում է, թե Հայաստանն ինչ ուղղություններով և ինչպես պետք է զարգացնի իր արտաքին քաղաքականությունը։

Ռուսաստանի մասին

Կարծում եմ՝ մենք պետք է վերջ տանք պատրանքներին։ Ռուսաստանը այն հեգեմոնն է, որի հետ ամուսնացած ենք, և պետք է դրան նայել գործնական տեսանկյունից՝ որոնք են դրա դրական ու բացասական կողմերը։ Ամենակարևորը՝ ինչպես ես խաղում քեզ բաժին հասած խաղաքարտերով։ Միջազգային քաղաքականությունը շարունակաբար բաշխվող խաղաթղթերի խուրձ է, երբեմն լավ խաղաքարտեր ես ստանում, երբեմն՝ վատ. և կարևոր է լավագույնս խաղալ քեզ բաժին հասած խաղաքարտերով, այլ ոչ թե նրանցով, որոնք կցանկանայիր ունենալ։ 

Ակնհայտորեն, սա անհավասարների հարաբերություն է։ Իսկ որո՞նք են առավելությունները Հայաստանի համար՝ անվտանգությունը, և մասնավորապես այս դեպքում՝ Արցախի բնակչության անվտանգությունը։ Աշխարհը հիմա անհանգիստ է, և միջուկային տերության հետ լինելը կարմիր գիծ կդնի, որն այլոք չեն կարողանա խախտել։ Կարմիր գծեր, որոնք մենք չէինք կարողանա դնել։ Ուստի, պետք է նայենք՝ ինչպես օգուտ քաղել այս իրավիճակից այնպես, ինչպես նրանք են նայում՝ թե ինչ կարող են կորզել մեզնից։ Պետք է իրավիճակից քաղել լավագույն օգուտը։ Իսկ թե ինչ օգուտ ունի Ռուսաստանը, որը շատերը չեն նկատում․․․ սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանը մի շատ հետաքրքիր սյունակ էր գրել առավելությունների մասին, որ Հայաստանը տալիս է այսօրվա Ռուսաստանին։ Ի տարբերություն այն վարչակարգերի, որոնց Ռուսաստանը փորձել է սատարել, օրինակ՝ Բելառուսի ինքնակալ ղեկավար Լուկաշենկոին, կամ կենտրոնասիական այլ տոտալիտար պետությունների, դա գրեթե միշտ ավարտվել է ձախողմամբ։ 

Կարևոր է լավագույնս խաղալ քեզ բաժին հասած խաղաքարտերով, այլ ոչ թե նրանցով, որոնք կցանկանայիր ունենալ

Հայաստանը երկիր է, որը ոչ միայն արևմտյան պատժամիջոցների տակ չէ, այլև նորմալ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, և ունի ռեֆորմիստական կառավարություն, որը, չնայած պատերազմում սարսափելի պարտությանը, կարծես շարունակելու է իշխանավարել, մեծամասամբ՝ ընդդիմության անպիտանության պատճառով, ինչը այլ թեմա է։ Հայաստանը կարող է խաղալ այն դերը, որ խաղաց Հոնկոնգը կոմունիստական Չինաստանի համար՝ ելք ապահովելով դեպ աշխարհ, որից պատժամիջոցների պատճառով դուրս ես մնացել։ Նույնն էլ Ռուսաստանի դեպքում։ 

Ուստի, այս ամենին պետք է նայենք գործնականորեն։ Իդեալական իրավիճակում չենք, որովհետև հեգեմոնը կանի ինչ ձեռնտու է իրեն։ Սակայն հարց է նաև, թե որքան օգտակար կարող ես քեզ դարձնել հեգեմոնի համար։ Օրինակ, պատերազմում Հայաստանի պարտությունը մեծ հաշվով ռուսական ռազմական համակարգի պարտությունն էր։ Մեր ռազմական համակարգը՝ բոլոր այն ոլորտները, որոնք վերակառուցման կարիք ունեն, այն ոլորտներն են, որտեղ ռուսական համակարգը թույլ է՝ լինի անօթաչու թռչող սարքեր կամ հակադրոն տեխնոլոգիաներ, պատերազմական գործողությունների ապագան, որը ռոբոտաշինությունն է։ Մենք, կառուցելով մեր համակարգերը, կարող ենք օգնել և համագործակցել նրանց հետ՝ իրենց համակարգերը վերակառուցելու համար։ 

Ուստի, պետք է իրավիճակից առավելագույնը քաղել, բայց չպետք է թերագնահատել, թե ինչ է նշանակում անվտանգության այդ մակարդակը այս անկայուն աշխարհում։ Անվտանգային հարաբերություններ ունենալ աշխարհի գերտերություններից մեկի հետ կարող է երկարաժամկետ առումով մեզ համար շահավետ լինել։ Չեմ փորձում որևէ կերպ թերագնահատել մեր ունեցած խնդիրները, որովհետև այդ հեգեմոնը հեշտությամբ կարող է քո շահերի դեմ գործել, սակայն մի հարցում հստակ նույն դիրքում ենք՝ ռուսները՝ Պուտինը, ուղղակիորեն շահագրգռված են տարածաշրջանում թուրքական ազդեցության սահմանափակման հարցում։ 

Ի տարբերություն Էրդողանի, որ գործում է մարտավարորեն, Պուտինը գործում է ռազմավարորեն։ Ամբողջ գործը արեց Էրդողանը, բայց դրանից օգտվեց Պուտինը, և նա շահագրգռված է այստեղ նվազագույնի հասցնելու թուրքական ազդեցությունը։ Դա մեր բոլորիս շահերից է բխում։ 

ԱՄՆ-ի մասին

Ակնհայտորեն, այդ երկուսը աշխարհի առաջնային ուժային կենտրոններն են։ Ջո Բայդենի հաղթանակով պայմանավորված՝ ամերիկյան իսթեբլիշմենթի վերականգնմամբ կունենանք ԱՄՆ, որը կարճաժամկետ առումով շատ ավելի կներգրավվի տարածաշրջանում, չնայած ակնհայտ է, որ աշխարհի այս մասը նրանց հետաքրքրությունների առաջին հորիզոնականում չէ։ Ամեն դեպքում, ԱՄՆ-ի ավելի շատ ներգրավվածությունը, ըստ իս, ավելի օգտակար կլինի, և սա մասնակիորեն կախված է նաև նրանից, թե որքանով հայ համայնքը կգործի, ճնշում կգործադրի՝ ԱՄՆ-ից շահավետ արդյունքներ ստանալու համար։ Երկարաժամկետ առումով՝ ԱՄՆ-ը գնալով ավելի քիչ է ներգրավվելու այս տարածաշրջանում, որովհետև այն լիովին զբաղված է իր ներքին քաղաքական ճգնաժամերով։ Սակայն կարճաժամկետ առումով նրա ներգրավվածությունը կարող է շատ օգտակար լինել։

Բայդենի հաղթանակով պայմանավորված՝ կունենանք ԱՄՆ, որը կարճաժամկետ առումով շատ ավելի կներգրավվի տարածաշրջանում

Եվրոպայի մասին

Եվրոպան մեզ համար առանցքային է, քանի որ նրանք շատ ավելի շատ շահեր ու ներգրավվածություն ունեն այստեղ։ Պետք է հասկանանք՝ որն է մեր տեղը եվրոպական այս հավասարման մեջ։ 

Իրականում կա չորս «Եվրոպա». Գերմանիան և Ֆրանսիան, որոնք հիմնական տերություններն են; երկրորդ Եվրոպան՝ Իսպանիան, Իտալիան, Բելգիան և ԵՄ հիմնադիր երկրները; երրորդ Եվրոպան՝ արևելաեվրոպական երկրները, որոնք այստեղ են՝ որպես շուկա և էժան աշխատուժ արդյունաբերական երկրների՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի համար։ Եվ ի վերջո, չորրորդ Եվրոպան՝ մենք, վրաստանները, մոլդովաները և այլն։ 

Պետք է հասկանանք՝ որն է մեր տեղը եվրոպական այս հավասարման մեջ

Չորրորդ Եվրոպային վիճակված է Գերմանիա ազնվամորի արտահանել ու Եվրոպայում տակդիրներ փոխել։ Ուրեմն, պետք է մեզ հարց տանք՝ ցանկանում ենք լինել չորրորդ կարգի եվրոպացի՞, թե՞ առաջին կարգի հայ։ Այս հարցի պատասխանը պետք է առաջնահերթ գտնել։ 

Արաբական աշխարհի մասին

Իհարկե, այստեղ մենք ունենք չիրացված հնարավորություններ։ Բայց պետք է հստակեցնենք՝ ինչ է Արաբական աշխարհը, որովհետև այն ձգվում է այստեղից մինչև Մարոկկո։ Դա մեզ հետաքրքիր չէ։ Այն արաբական աշխարհը, որը մեզ հետաքրքիր է, Ծոցի երկրներն են, Իրաքը, Սիրիան, Լիբանանը, այսինքն՝ մեզ մոտ գտնվող երկրները, և հատկապես Ծոցի առաջնային տերությունները՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա և Քաթար։ Արաբական աշխարհի հետ գործ ունենալը երկու ոլորտում է՝ բիզնես և քաղաքականություն։ Բիզնեսի առումով մեր կողմից բացթողում կա, որ հարավ չենք նայել, թեև այս ժողովուրդների հետ մշակութային հարաբերություններ ունենք, հասկանում ենք նրանք, ու մեզ համար շատ առումներով ավելի հեշտ է բանակցել նրանց, քան արևմտյան երկրների հետ։

Չնայած իրականում բավականին մեծ ծավալների առևտրային հարաբերություներ և ներդրումներ կան Հայաստանում, հատկապես ԱՄԷ-ից, սակայն դա չնչին է, թե ինչ պետք է լիներ։ Ուստի մեր արտաքին քաղաքականության մոտեցումներից մեկը պետք է լինի Արաբական աշխարհի այդ մասին ներգրավելը։

ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան այժմ խիստ հակաթուրքական դիրքերում են։ Դրանից մենք չենք օգտվել։ Այստեղ «եռանկյունաձև» գործողության (triangulation) մակարդակ կա, որովհետև այդ երկրները նաև Իրանի հակառակորդներն են։ Սակայն եթե բավարար խելացի ու զգուշավոր լինենք, կկարողանանք այդ մարդկանց մեր կողմը գրավել՝ առանց մյուսներին բարկացնելու։ Մի խոսքով, Արաբական աշխարհի հետ հարաբերությունները քաղաքականության և բիզնեսի ոլորտներում են, որտեղ շատ վատ ենք աշխատել, և մեծ ուշադրություն պետք է հատկացնենք այժմ՝ փոխանակ կենտրոնանալու այն տարածաշրջանների վրա, որոնք մեզ համար արդյունավետ չեն եղել։ 

Իրանի մասին

Մարդիկ կարծում են, որ մեզնից հարավ Իրան անունով երկիրն է։ Իրականում մեզնից հարավ շիական կիսալուսինն է։ Պետք է հասկանանք այս տարբերակումը։ Շիական կիսալուսինը սկսվում է Աֆղանստանի արևմտյան մասից՝ Հերաթ նահանգից, և ավարտվում Լիբանանի ու Իսրայելի սահմանի մոտ և մեր առաջ բազում հնարավորություններ է բացում՝ տարբեր պատճառներով։

Որոշ առումով, թեև սա լավ համեմատություն չէ, շիաները իսլամի հայերն են՝ միշտ ճնշված ու հալածված իրենց տեսակետների համար՝ բռնատիրական ու սովորաբար թուրքական սուննի ուժերի կողմից, որոնք հարյուրավոր տարիներ եղել են նրանց գլխավոր հակառակորդները։ Ուստի պետք է հասկանանք, որ այդ աշխարհի հետ շատ ընդհանուր բան ունենք։ 

Հայոց ցեղասպանությունից հետո թուրքերն 1920-աններին անցան քրդերին կոտորելուն, իսկ 1930-ականներին՝ շիաներին։ 

Պետք է հասկանանք, որ այդ աշխարհի հետ շատ ընդհանրություններ ունենք, և պետք է ներգրավվենք այդտեղ։ Ինձ ապշեցնում է, որ հավանաբար, չկա հայ քաղաքական գործիչ, որը կապեր ունի, օրինակ Ալի Սիսթանիի հետ՝ շիական աշխարհի առաջնորդի հետ, որն ամենաբարձր կղերականն է Նաջաֆում։ Ինչո՞ւ չունենք մարդիկ, որոնք նրան ճանաչում են։ Ի վերջո, անկախ նրանից, թե ինչ դիրքորոշումներ ունի Արևմուտքը Իրանի նկատմամբ, նրանք չեն նեղանալու, երբ մենք նման անհատների հետ հարաբերություններ ունենանք։ 

Ինչո՞ւ չունենք այդ հարաբերությունները։ Եթե Ալիևին ուզում եք անքուն գիշերներ պարգևել, պետք է Թավրիզում շիա կղերականների գրասենյակներ ելումուտ անող հայ քաղաքական գործիչներ ունենանք։ Ինչո՞ւ չենք անում դա․ որովհետև անմտորեն տարված ենք Արևմուտքով կամ էլ կանխակալ բացասական վերաբերմունք ունենք իմ նշած մարդկանց նկատմամբ։ 

Ես կցանկանայի հիշեցնել,- և շատերը չգիտեն սրա մասին,- որ առ այսօր միակ պաշտոնական դեմքը, որ դատապարտել է հայ զինվորների նկատմամբ մարդու իրավունքների խախտումը, գլխատումները և մեր տեսած բոլոր վայրագությունները, Իրանի ԱԳՆ խոսնակն է․ ո՛չ Արևմուտքը, ո՛չ իրավապաշտպան կազմակերպությունները Լոնդոնի իրենց գեղեցիկ օֆիսներում, այլ Իրանի ԱԳՆ-ն։ Եվ իմ վերջին տվյալներով, բացի մեզնից միակ երկիրը, որ ադրբեջանական դրոններ է խփել, Իրանն էր։ Մինչդեռ, այդ նույն ադրբեջանական դրոնների բաղադրիչները, որոնք մեր երիտասարդներին էին սպանում, արտադրված էին արևմտյան երկրներում, արևմտյան երկրների կողմից լիազորված՝ վաճառվում Իսրայելի ու Թուրքիայի միջոցով։ 

Ուստի, եկեք խորքային նայենք՝ ով ինչ է արել։ Այն մարդիկ, ովքեր ձեռքերը ծալած նստել ու հետևում էին, թե ինչպես են սպանվում մեր երեխաները, իրավունք չունեն մեզ ասելու՝ ում հետ հարաբերություններ ունենալ, հատկապես, երբ նրանք, ում հետ մեզ արգելում են այդ հարաբերություններն ունենալ, ոչ միայն չեն վնասել մեզ, այլև գուցե ինչ-որ կերպ օգնել են՝ չնայած երբեք էլ չենք կարող իմանալ կուլիսների հետևում կատարվողի մասին։ 

Մեր առևտրաշրջանառությունը ԵՄ-ի հետ հինգ անգամ գերազանցում է Իրանի հետ ունեցածին։ Չնայած Իրանը փակ տնտեսություն է, հազար ու մի խնդիր ունի, բայց ոչ մի հիմք չկա, որ մենք չթարմացնենք Իրանի հետ մեր հարաբերությունները, հատկապես, որ նրանք, ովքեր մեզ հորդորում էին դա չանել, մեզ համար ոչինչ չարեցին։

Չինաստանի և Հնդկաստանի մասին

Չինաստանն ու Հնդկաստանը ապագան են։ Պատմականորեն, հազարամյակներ եթե հետ գնանք, Չինաստանն ու Հնդկաստանը աշխարհի գերտերություններն են եղել։ Աշխարհի արևմտյան այս տիրապետությունը իրականում անոմալիա է, 300-400-ամյա անոմալիա։ Գրեթե մի քանի հարյուր տարի առաջ Հնդկաստանն ու Չինաստանը աշխարհի գերտերություններն էին և իրար մրցակից։ 

Մեր երեխաներն այժմ պետք է սովորելիս լինեին չինարեն, հինդի, արաբերեն ու պարսկերեն շատ ավելի, քան ֆրանսերեն ու գերմաներեն, որովհետև այնտեղ են աշխարհի շուկաները։ Եթե ես, օրինակ, գինեգործ եմ, չեմ ցանկանա իմ գինին վաճառել ԱՄՆ-ում կամ Անգլիայում։ Ես ցանկանում եմ լինել Ալիբաբա հարթակում՝ վաճառելով իմ գինին չինացիներին, որովհետև այն 1,5 միլիարդանոց շուկա է։ Երբ խոսքը աշխատանքի, բիզնեսի ու զարգացման մասին է, պետք է Արևելք նայենք։ Շատերը հավանաբար չգիտեն, բայց Երևանում չինացիները թանկարժեք ինժեներական քաղաքի նախագիծ ունեն։ 

Պետք է այդ ուղղությամբ նայենք, որն ավելի շուտ բիզնես և զարգացում է, քան քաղաքականություն, քանի որ նրանք մեզնից շատ հեռու են՝ այստեղ կենսական շահեր ունենալու համար, բայց երբ Չինաստանը դառնա համաշխարհային տերություն, նրանք շահեր կունենան ամենուր։ Հատկապես, երբ մեր առանցքը գնա Հյուսիս-Հարավ՝ Արևելք-Արևմուտքի փոխարեն, կունենանք Հայաստանով անցնող չինական ապրանքների ուղին դեպի հյուսիս և հարավ։ 

Մեր երեխաներն այժմ պետք է սովորելիս լինեին չինարեն, հինդի, արաբերեն ու պարսկերեն շատ ավելի, քան ֆրանսերեն ու գերմաներեն, որովհետև այնտեղ են աշխարհի շուկաները

Մշակույթը անչափ կարևոր է։ Մենք կարողացել ենք գոյատևել որպես ժողովուրդ, քանի որ ունենք մշակութային ճկունություն, մենք մեր ուղին կարող ենք գտնել ուր էլ լինենք՝ Չինաստանում, Շվեդիայում, Հնդկաստանում… որովհետև մեր մշակույթը բավական ճկուն է՝ հասկանալու այդ մշակույթներից յուրաքանչյուրի նրբությունները։ Ու քանի որ մենք փոքր մշակույթ ենք, միշտ պետք է իմանանք ավելի մեծ, ավելի ուժեղ երկրների մշակույթները։ 

Պատճառներից մեկը, որ հայերը հիմնեցին առևտրային ուղիներ Իրանից մինչև Ինդոնեզիա, այն է, որ մենք հասկանում էինք մշակույթը։ Եվ ճիշտն ասած, ելնելով փաստից, որ ապագան Արևելքում է, մշակութային կապերի առումով Հնդկաստանի ու Չինաստանի ժողովուրդների կամ Ծոցի երկրների ժողովուրդների հետ շատ ավելի ընդհանրություններ ունենք, քան դանիացիների ու ֆինների։ Իհարկե, ոչինչ չունեմ դանիացիների ու ֆինների դեմ, բայց երբ նայում ենք հիմքերին, թե ինչպես են մեր մշակույթներն աշխատում, ես նույնիսկ կասեի, որ մեր միջին վիճակագրական ընտանիքը ավելի շատ ընդհանրություն ունի որոշ վայրերում հավատացյալ մահմեդականների ընտանիքի, քան Արևմուտքի հետ։ Դա չի նշանակում, որ մենք Արևմուտքից բան չենք ուզում, ուղղակի պետք է հասկանանք՝ որտեղ է մշակույթը։ Կարծում եմ՝ մշակույթը վերափոխվում է մնացած ամեն բանի՝ ուժի, բիզնեսի։ Մենք միշտ թերագնահատում կամ սխալ ենք ըմբռնում դրա կարևորությունը։ 

Մշակույթն է, որ մեզ համար դռներ է բացում աշխարհով մեկ, և մենք պետք է շեշտը կրկնակի դնենք մեր մշակութային ճկունության վրա։


Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

*news.blog_news.warning