27 նոյեմբեր, 2020 14:35

Վարչապետն անդրադարձավ Մովսես Հակոբյանի՝ Աննա Հակոբյանի ու պատերազմի մասին հայտարարություններին

«9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, և այն գեներալը, որն իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում»․ նոյեմբերի 27-ի տեսաուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին, որը վերջերս հրավիրված ասուլիսին մի շարք բացահայտումներ էր արել պատերազմի մասին։

«Մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում:

Իմ տիկնոջն է թիրախ դարձնում, մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակության վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը: Այսինքն՝ Բադեն-Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ,- ասաց Փաշինյանը։ - Վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը՝ վարչապետի հանձնարարությամբ, Պաշտպանության բանակի հրամանատարական կետ Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով՝ այն պայմաններում, երբ այդ բանակն անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ թիկունքում լքում են բնակավայրերը, ահա այս պայմաններում վարչապետի ընտանիքի անդամին ուղարկելը, որ տեսնեն մարդիկ, որ վարչապետի ընտանիքի անդամն է գտնվում Ստեփանակերտում, քաղաքական շահարկման առարկա դարձնելն ի՞նչ գործելակերպ է: Եվ ոմանք Ստեփանակերտից ետ են կանչվել խուճապ տարածելու և աղետի բերած ապօրինի միջամտությունների պատճառով, և այս հարցերը, ըստ կարգի, դեռ կպարզաբանվեն»։

Թեմայի շուրջ ավելին՝

Մովսես Հակոբյանը պատմել է, թե ինչպես են իրեն Արցախից կանչել Երևան Աննա Հակոբյանին դիտողություն անելուց հետո