28 core.base.month.11, 2020 16:52

Նիկոլ Փաշինյանը, 42 մլն դոլարի մսխումն ու «մեղավորները»

Վարչապետի հայտարարած՝ 42 մլն դոլար անպիտան զենքի գործը նոր չէ. ամիսներ առաջ «մեղավորը» Սերժ Սարգսյանի իշխանությունն էր։

Նոյեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի վերջին ասուլիսին արտահայտած մտքերին և հայտնեց, որ Հակոբյանի «ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում»։ 

Քրեական այս գործը մի քանի ամսվա պատմություն ունի։

42 միլիոն դոլարի անպիտան զինամթերք ձեռք բերելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցման մասին խոսվեց դեռ 2020-ի մարտին, սակայն այն ժամանակ «թիրախներն» էին տարբեր։ Այդ փուլում, ըստ վարչապետի, մեղավորը Սերժ Սարգսյանի իշխանությունն էր։

Սահմանադրության փոփոխությունների՝ այդպես էլ տեղի չունեցած հանրաքվեից առաջ հանրահավաքներից մեկի ժամանակ՝ 2020-ի մարտի 11-ին Գորիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հետևյալ ուշագրավ հայտարարությամբ․ «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 միլիոն դոլար տվել են՝ զենք են առել, էդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, մետաղի ջարդոն է՝ ընդամենը մետաղի ջարդոն։ 42 միլիոն դոլար են տվել էդ մարդիկ։ Էդ զենքը ոչ մի բանի պիտանի չի՝ դա զենք էլ չի, դա անհասկանալի... Հիմա քրեական գործ է հարուցված՝ թող Սերժ Սարգսյանը գա սրա պատասխա՛նը տա»։

Քրեական այս գործի մասին վարչապետը երկրորդ անգամ հայտարարեց Մովսես Հակոբյանի ասուլիսից հետո, իսկ առաջին անգամ նա հարցը բարձրաձայնեց ի պատասխան Սերժ Սարգսյանի՝ Արցախի վերաբերյալ հայտարարությանը. ՀՀ երրորդ նախագահը փետրվարի 25-ին իր մասնակցությամբ դատական գործից առաջ խոսել էր Արցախից՝ հայտարարելով, թե այն երբեք չի լինի Ադրբեջանի կազմում՝ քննադատելով կառավարությանը։

Ինչևէ, վարչապետի՝ քրեական գործի մասին առաջին բարձրաձայնումից հետո լրագրողների խնդրանքով դատախազությունը պարզաբանել էր, որ կա հարուցված քրեական գործ՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։

Ի դեպ, 2020-ի մարտին, երբ վարչապետ Փաշինյանն առաջին անգամ խոսեց վերոնշյալ քրեական գործի մասին, Մովսես Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետն էր, նա նշանակվել էր 2019-ի նոյեմբերին ու մինչև 2020-ի նոյեմբերի 18-ը եղել է այդ պաշտոնին։

Նոյեմբերի 27-ի՝ վարչապետի ուղերձից պարզ է դառնում, որ քրեական գործն ԱԱԾ-ում է։ ՍիվիլՆեթը հարցում է ուղարկել ԱԱԾ՝ հասկանալու, թե որ փուլում է գտնվում քրեական գործը։

Գևորգ Թոսունյան