28 core.base.month.11, 2020 17:17

Նոյեմբերի 9-ի հայտարարությանը պետք է անդրադառնալ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում. Ֆրանսիայի պետքարտուղար

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությունում կան կետեր, որոնք հաշվի առնված չեն, և դրանց պետք է անդրադառնալ։ Այսօր Երևանում հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։ 

«Դա արդեն քաղաքական կողմն է  և պետք է արվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- նշեց ֆրանսիացի դիվանագետը։

Նա նաև հայտնեց, որ երեկ հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարարին, իսկ այսօր՝ պատվիրակության հետ միասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու քննարկել այդ հարցը։

Բացի այդ, Ֆրանսիայի պետքարտուղարը հիշեցրեց, որ նախագահ Էմանուել Մակրոնը տարբեր շփումներ է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ու ներկայացրել է իր հանձնառությունը․ «Այն հիմնվում է տարբեր ասպեկտների վրա, դրանցից մեկը մշակութային ու հոգևոր ժառանգության պահպանումն է, որի մի մասն, ինչպես գիտենք, գտնվում են Ադրբեջանի տարածքում»,- ասաց նախարարը։

Ի դեպ, Ժան-Բատիստ Լըմուանը Հայաստանում է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթը ուղեկցող պատվիրակության կազմով։ Ինչպես Ֆրանսիայի արտգործնախարարն, այնպես էլ պատվիրակության անդամները ներկայացրին արցախահայությանն ուղղված մարդասիրական օժանդակության ծավալներն ու խոսեցին հետագա անելիքներից։

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։

Գևորգ Թոսունյան