30 core.base.month.11, 2020 14:21

Ռազմարդյունաբերության ոլորտում պետք են իրատեսական ծրագրեր․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոյեմբերի 30-ին կառավարությունում տեղի է ունեցել Ռազմարդյունաբերության կոմիտեի նիստ:

Բացման խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի կայացման հարցին. 

«2015 թվականին Հայաստանում «Ռազմարդյունաբերական համալիրի» մասին օրենքի ընդունումից հետո ռազմարդյունաբերությունը մեր երկրի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է: Բայց, ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, որ այն արդյունքները, որ այսօր ունենք, ամենևին գոհացուցիչ չեն, որովհետև, ցավոք, մեզ չի հաջողվել հասնել այնպիսի համակարգերի ձևավորման, որ կարողանանք ասել, որ ռազմաարդյունաբերական համալիրը Հայաստանի Հանրապետությունում կայացել է:

Մենք, նաև նոր իրադրության բերումով, երևի թե պետք է ամփոփենք նախորդ շրջանի կատարվածը, նախորդ շրջանի բացթողումները և հասկանանք, թե ինչպիսի իրատեսական ծրագրեր կարող ենք ունենալ ռազմարդյունաբերության ոլորտում, որ առաջինը՝ այդ համալիրը կարողանա մեր երկրի տնտեսության և արդյունաբերության տանող շարժիչ ուժը դառնալ և, մյուս կողմից, կարողանա ապահովել անվտանգության մեր կարիքները ժամանակակից մարտահրավերներին համապատասխան»:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ հանդես է եկել զեկուցումով՝ ռազմարդյունաբերական համալիրի կողմից կատարված աշխատանքների և ընթացիկ վիճակի վերաբերյալ:

Քննարկվել է պատերազմից հետո ձևավորված իրողությունների պայմաններում զարգացման ուղղությունների և հետագա անելիքների շուրջ: Արծարծվել են ռազմարդյունաբերական համալիրի տեխնոլոգիական զարգացմանը, համապատասխան մասնագետներով համալրմանը, տեխնոլոգիական կրթության խրախուսմանը, գիտություն-տնտեսություն-ռազմարդյունաբերություն գործուն կապի ստեղծմանը վերաբերող հարցեր:

Առաջնահերթություն են համարվել կրթության համակարգի բարեփոխումները և ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ մասնագետների պահանջարկի համալրման ուղղությամբ աշխատանքները:

Ներկայացվել է 2020-2021թթ. հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ցանկը: