30 նոյեմբեր, 2020 11:06

ՍիվիլՆեթի հետաքննության հիման վրա քրեական գործ է հարուցվել

2019-ի սեպտեմբերին ՍիվիլՆեթը հետաքննական հոդված էր հրապարակել՝ «Արզնի հանքավայրից ջուր են տանում ու վաճառում առանց թույլտվության» վերնագրով։ Նյութը բացահյտում էր, որ Կոտայքի մարզում գտնվող Արզնի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրն առանց համապատասխան թույլտվության է օգտագործվում։

Երևանում գրանցված «Վի ընդ էյ տուր» ընկերությունը Արզնիի ջրի հանքավայրում դեռ 2008-ից գործունեություն է ծավալում։ Այս ընկերությանը 2008-ի հուլիսին տրամադրվել են հանքավայրից օգտվելու թույլտվություններ։ Ընդերքօգտագործման թույլտվությունները նախատեսված են եղել երեք հորատանցքերից ջուր վերցնելու համար։ 

2017-ի սեպտեմբերի 12-ին ընկերությանը տրամադրված թույլտվությունների ժամկետը լրացել է։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան պաշտոնապես հայտնել էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Ըստ նախարարության՝ «Վի ընդ Էյ տուր»-ը չէր դիմել լիցենզիաների ժամկետը երկարացնելու համար։

Բայցևայնպես, այս ընկերության ջրատար մեքենան(երը) պարբերաբար ջուր էին վերցնում հանքավայրից և այն վաճառում երկու տարբեր առողջարանների։ 

ՍիվիլՆեթը պարզել էր, որ վերոնշյալ ընկերությունը հանքավայրի ջուրը վաճառում էր «Արզնի պոլիկլինիկային» և «Արզնի-1 առողջարանին»։ Այդ երկու ընկերություններն էլ հայտնել էին, որ «Վի ընդ Էյ տուր» ընկերության հետ պայամանագիր ունեն կնքած։

Հոդվածի հրապարակումից հետո իրավասու մարմիններ դիմել էին ոստիկանություն։ Օրեր առաջ ՍիվիլՆեթին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունից հայտնեցին, որ քրեական գործն ընդունվել է վարույթ և կատարվում է նախաքննություն։

Գևորգ Թոսունյան