1 դեկտեմբեր, 2020 12:11

«Լավ որոշում եմ կայացրել և ուրախ եմ, որ մնացել եմ Հայաստանում»․ Հարություն Քահքեճյան

«Հայաստան տեղափոխվելու մասին միշտ մտածում էի, բայց իմ նախատեսածից շուտ եկավ այդ օրը»,- ասում է Հարություն Քահքեճյանը՝ հիշելով, թե ինչպես պատերազմի պատճառով 2012 թվականին Սիրիայից Հայաստան եկող նախավերջին ինքնաթիռով ստիպված՝ լքեց ծննդավայրը։

Հարություն Քահքեճյանը բժիշկ-լաբորանտ է, ուսում է ստացել Հալեպի բժշկական համալսարանում, 1996 թվականին ավարտել ու մինչ այսօր աշխատում է իր մասնագիտությամբ։

2007 թվականին եկել է Հայաստան, այստեղ ամուսնացել ու կնոջ հետ կրկին մեկնել Սիրիա՝ բնակվելու։ 

«Հինգ տարի հետո պատերազմի պատճառով կնոջս ու 2 որդիներիս հետ եկանք Հայաստան։ Սկզբում չէինք որոշել՝ ինչ ենք անելու, Սիրիայում թողել էինք մեր տունը, աշխատանքը։ Մեկ տարի ապրեցինք կնոջս ծննդավայրում՝ Հոկտեմբերյանում։ Այնտեղ սեփական կլինիկա բացեցի, աշխատում էի, բայց մենք մեծ քաղաքի ակտիվությանն էինք սովոր։ Հոկտեմբերյանում մեկ տարի ապրելուց հետո որոշեցինք, որ ավելի լուրջ քայլեր պետք է ձեռնարկենք․ եկանք Երևան»,- պատմում է Հարությունը՝ նշելով, որ Երևանում լավ ուսումնասիրեց շուկան և որոշեց, որ լաբորատորիա պետք է ստեղծի բժշկական մի հիմնարկում, որն ունի դրա կարիքը։ Այսպիսով՝ Քահքեճյանը Հայաստանում փորձում է շարունակել Հալեպում կիսատ թողած աշխատանքը։ Նա ասում է, որ իր լաբորատորիայում գործն իրենով սկսվում, իրենով՝ վերջանում։ 

«Արյուն ես եմ վերցնում, հետազոտություններ ես եմ անում։ Հալեպում լաբորատորիաներում աշխատողը տիրապետում է բոլոր հմտություններին։ Հայաստանում ընդունված է, որ, օրինակ, արյուն վերցնելը բուժքրոջ գործն է։ Եթե ես դա չիմանայի՝ ո՞նց պետք է աշխատեի, պետք է նաև բուժքույր ունենայի, վարձատրեի, իսկ ես որոշ ժամանակ պետք է դիմանամ, մինչ գործս հաջողի»,- ասում է Հարությունը։

Աշխատանքում դժվարությունների նա հանդիպել է և՛ Սիրիայում, և՛ Հայաստանում։ Նկատում է, որ ինչ-որ բանի ձգտող մարդը միշտ էլ իր ճանապարհին դժվարությունների է առերեսվում, սակայն ինքը լավատես է և բոլոր բարդությունները հեշտությամբ է հաղթահարել։ Տարիների քրտնաջան աշխատանքի և գործարարության զարգացման աջակցության արդյունքում այսօր Հարությունի առջև բացվել են լաբորատորիայի գործունեությունն ընդլայնելու նոր հեռանկարներ։

Հարությունը մտադիր չէ լքել Հայաստանը։

«Այստեղ նպատակիս հասել եմ շուտ, քանի որ սա իմ երկիրն է, իմ հայրենիքն է, իմ լեզուն է։  Վստահ կարող եմ ասել՝ լավ որոշում եմ կայացրել և ուրախ եմ, որ մնացել եմ Հայաստանում, քանի որ զգում եմ՝ ինչպես եմ առաջ գնում։ Ուրիշ վայրում այս հաջողություններին չէի հասնի»,- ասում է բժիշկ-լաբորանտը։