1 դեկտեմբեր, 2020 14:20

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը Սյունիքում

44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած ռազմական, քաղաքական ու դիվանագիտական պարտությունից հետո նոր ստատուս-քվո է ձևավորվել ոչ միայն Արցախում, այլև Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Վարդենիս-Քելբաջար, Վայոց Ձոր-Քելբաջար, Գորիս-Լաչին/Կուբաթլու, Կապան/Մեղրի-Զանգելան հատվածներում:

Մինչև սեպտեմբերի 27-ը այստեղ Ադրբեջանի հետ սահման չկար, իսկ առաջնագիծը հեռու էր մոտ 100 կիլոմետր: Այսօր կա սահման, որն անցնում է մի քանի հարյուր կիլոմետր երկարությամբ՝ զիգզագներով, լեռնային ու անտառային տարածքներով: Դրանք այն սահմաններն են, որոնք գոյություն ունեին մինչև 1991-1994 թթ․ պատերազմը՝ խորհրդային տարիներին:

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որ ստորագրեցին Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները, հստակություն չկա. հայկական ուժերը պե՞տք է հետ քաշվեն նաև Զանգելանի և Կուբաթլուի շրջաններից: Ադրբեջանը հայտարարել է, որ հայերից գրավել է այդ շրջանները: Մեծ հաշվով, դա ճիշտ է, բայց այդ շրջանները ամբողջությամբ չեն գտնվում ադրբեջանցիների վերահսկողության տակ:

Հայտարարությունը հստակ ասում է, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Լաչինն անցնում է Ադրբեջանին: Հինգ օր առաջ Ադրբեջանին էր անցել Քելբաջարը, ինչը նշանակում է կամ տրամաբանական է, որ Վարդենիս-Քելբաջար, Վայոց Ձոր-Քելբաջար, Գորիս-Լաչին հատվածներում որպես նոր սահմանագծեր վերականգնվում են նախկին խորհրդային սահմանները:

Այդ մասին, ի դեպ, անուղղակի հայտարարեց նաև Նիկոլ Փաշինյանը, երբ ադրբեջանցիները մտան Սոթքի հանքավայր: Վարչապետը նշեց, որ սահմանը գծվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS համակարգով:

Պետությունների միջև սահմանները հստակեցվում են ոչ թե GPS-ով, այլ սահմանագծումով ու սահմանազատումով, ինչը մանրակրկիտ, նյարդային և երկարատև գործընթաց է անգամ բարեկամ համարվող պետությունների դեպքում, ուր մնաց Հայաստանն ու Ադրբեջանը: Սահմաններն ամբողջությամբ չեն սահմանազատել/սահմանագծել Վրաստանն ու Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը և շատ այլ հարևան պետություններ:

Հայաստանը և Ադրբեջանը չունեն դիվանագիտական հարաբերություններ, որպեսզի ձևավորեն միջկառավարական հանձնաժողովներ և սկսեն սահմանազատման, սահմանագծման աշխատանքները: Վարդենիս-Քելբաջար, Վայոց Ձոր-Քելբաջար, Գորիս-Լաչին հատվածներում գործը ավելի դյուրին կարող է լինել, քանի որ, եթե այդ հատվածներում անգամ կան վիճելի տեղեր, ապա գոնե Հայաստանը չունի ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ միջպետական կամ այլ նշանակության ճանապարհներ, որոնք անցնում են սահմանի երկայնքով կամ մտնում են վարչականորեն Ադրբեջանին պատկանող տարածքներ:

Գորիս-Լաչին/Կուբաթլու, Կապան/Մեղրի-Զանգելան հատվածներում իրավիճակը բարդ է երկու առումներով. առաջին՝ այստեղ հայկական ուժերը, որոշ հատվածներում, կանգնած են վարչականորեն Ադրբեջանին պատկանող տարածքում, ըստ խորհրդային քարտեզի ու GPS համակարգի, երկրորդ՝ այստեղ ճանապարհի տասնյակ կիլոմետրեր անցնում են կամ սահմանի երկայնքով կամ մտնում են Ադրբեջանի, ավելի ճիշտ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածք:

Երեք երկրների հայտնի հայտարարության մեջ այս մասին ոչինչ չի ասվում: Եթե հետևենք այդ հայտարարության ոգուն, ապա հայկական ուժերը պետք է մնան այն բնագծերում, որտեղ եղել են նոյեմբերի 9-ին: Այդ նույն տրամաբանությամբ է, որ Շուշին ու Հադրութի շրջանը և Մարտունու շրջանի մի հատվածը, Թալիշն ու Մատաղիսը մնացին Ադրբեջանի վերահսկողության տակ:

Մենք չունենք տեղեկություններ՝ արդյոք հայտարարությանը կից կա՞ լրացուցիչ արձանագրություն կամ հավելված, որը պատասխանի մեր վերոնշյալ հարցերին: Եթե չկա, ապա առաջիկայում պետք է այդ հարցով սկսվեն բանակցություններ: Բայց ինչպե՞ս պետք է սկսվեն բանակցություններ, երբ Երևանն ու Բաքուն չունեն դիվանագիտական հարաբերություններ: Գուցե այս հարցո՞ւմ էլ Հայաստանը Ադրբեջանի հետ խոսի Մոսկվայի միջոցով:

Օրեր առաջ ՍիվիլՆեթը ռեպորտաժ էր պատրաստել Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Գորիս-Կապան-Ծավ հատվածի մասին, որտեղ ցույց էր տրվում, թե ինչպես է ճանապարհն անցնում սահմանի երկայնքով կամ մտնում Խորհրդային Ադրբեջանի տարածք:

Որոտան գետի և Գորիսի շրջանի համանուն հայկական գյուղի հատվածում ճանապարհը անցնում է Կուբաթլուի Էյվազլար գյուղի տարածքով: Շուռնուխ գյուղի հատվածում ևս ճանապարհը անցնում է սահմանի եզրով կամ մտնում նախին Խորհրդային Ադրբեջանի տարածք, ընդ որում՝ կիլոմետրերով: Կապանի շրջանում սահմանը անցնում էր Սյունիք գյուղի մոտով, իսկ համանուն օդանավակայանի մոտ սահմանը բաժանվում է Ողջի գետով: Սյունիք գյուղից դեպի Ագարակ գյուղ մի քանի կիլոմետր ճանապարհը անցնում է Զանգելանի շրջանով: Ճանապարհը հենց սահմանի երկայնքով է ձգվում նաև Կապանից դեպի Ճակատեն գյուղ հատվածում, ինչպես նաև՝ Սրաշեն-Շիկահող-Ներքին Հանդ-Ծավ անտառապատ շրջանում:

Եթե անգամ պատկերացնենք, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվում է խաղաղություն, անգամ՝ դիվանագիտական հարաբերություններ, ապա, միևնույնն է, ճանապարհների հարցում մենք չենք կարող թույլ տալ, որ դրանք մտնեն Ադրբեջանի տարածք կամ անցնեն սահմանի երկայնքով:

Եթե հայկական ուժերը Գորիս/Կապան/Մեղրի – Կուբաթլու-Զանգելան հատվածում մնան այսօրվա բնագծերում, ապա այդ դեպքում որևէ ճանապարհ չի մտնի Ադրբեջանի տարածք և/կամ չի անցնի սահմանի երկայնքով: Այո, ադրբեջանցիները ընդհուպ մոտեցել են Սյունիքի սահմաններին, բայց գտնվում են ոչ մոտ, քան 2-3 կիլոմետր հեռավորության վրա: Ամենամոտ կետը, որ նրանք հասել են, դա Կուբաթլուի ուղղությամբ Դավիթ Բեկ գյուղի հատվածն է: Մյուս հատվածներում նրանք ավելի հեռու են:

Եթե բանավոր պայմանավորվածություն կա, որ նշյալ հատվածներում պետք է սկսել սահմանազատման/սահմանագծման աշխատանքներ, որոնք կտևեն տարիներ, եթե կողմերը կարողանան գալ համաձայնության, ապա նախ և առաջ պետք է ստեղծվի հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողով, իսկ դա հնարավոր է միայն Երևան-Բաքու հարաբերություններ հաստատելու դեպքում:

Թաթուլ Հակոբյան

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: