7 դեկտեմբեր, 2020 13:16

Ինչ փոփոխություններ կլինեն, եթե Հարավային Կովկասում ապաշրջափակվեն ճանապարհային հանգույցները

1993 թվականի ապրիլի 2-ին Թուրքիան կառավարական որոշումով փակեց Հայաստանի ցամաքային և օդային սահմանները: Երկու տարի անց Անկարան վերջ տվեց օդային շրջափակմանը, սակայն շարունակեց փակ պահել երկու սահմանադռները՝ Ալիջան-Մարգարա և Դողուգափը-Ախուրիկ, որտեղով իրականացվում էին նաև երկաթուղային բեռնափոխադրումները:

Թուրքիան փակեց Հայաստանի կիսաբաց սահմանադռները և հրաժարվեց դիվանագիական հարաբերություններ հաստատել՝ վկայակոչելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ստատուս-քվոն, ավելի հստակ՝ հայկական ուժերի կողմից Քելբաջարի առումը 1993-ի մարտ-ապրիլին:

Այսօր այդ ստատուս-քվոն այնպիսի տեսք ունի, որ ամբողջովին բավարարում է և՛ Ադրբեջանին, և՛Թուրքիային: Եթե ժամանակին թուրքերը հայկական կողմին առաջարկում էին գոնե երկու գյուղից դուրս գալ, որին ի պատասխան ստանում էին մերժում, ապա այսօր Ադրբեջանը հաղթել է պատերազմում և վերահսկողության տակ առել ավելի քան 8 000 քառակուսի կիլոմետր տարածք:

Արդյոք Թուրքիան կբացի՞ դեպի Հայաստան եկող սահմանադռները և տրանսպորտային ուղիներն ու միջանցքները: Մինչև 1993-ը Անկարան շուրջ մեկուկես տարի ժամանակ ուներ Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, սակայն դա չէր անում՝ առաջ քաշելով երկու այլ նախապայման՝ Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիայի սահմանները և վերջ տա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Եթե Թուրքիան վերջ չտա Հայաստանի շրջափակմանը, ապա դա նշանակում է, որ Անկարայի մյուս երկու նախապայմանները շարունակում են մնալ ուժի մեջ:

Այժմ Թուրքիայի կողմից արտգործնախարարի մակարդակով ազդանշաններ են գալիս, որ Անկարան պատրաստ է վերանայել Երևանի հետ հարաբերությունները: Հայաստանից դեռ չկա նախաձեռնողական քաղաքականություն այս ուղղությամբ: 44-օրյա պատերազմից առաջ Հայաստանը ամենաբարձր մակարդակով Թուրքիային անուղղակի իր տարածքային հավակնություններն էր ներկայացնում՝ հիշեցնելով Սևրի դաշնագիրը, և օգտագործում կոշտ բառապաշար արտգործնախարարի մակարդակով:

Պատերազմի ընթացքում Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 21-ին որոշում ընդունեց վեց ամսով թուրքական ծագմամբ ապրանքների ներկրումը արգելելու մասին:

Թուրքիան չի հայտարարել Հայաստանի սահմանը ապաշրջափակելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը ևս դեռ չի անդրադարձել նոր պայմաններում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հեռանկարին:

Դեկտեմբերի 5-ին ընդդիմության հանրահավաքում Վազգեն Մանուկյանը շատ կոշտ բառապաշար օգտագործեց Թուրքիայի հասցեին:

Հայաստանում միանշանակ չի ընդունվում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների ապաշրջափակումը: Տեղական արտադրողները մտահոգ են, որ թուրքական 80 միլիոնանոց շուկան կկլանի Հայաստանի տնտեսությունը: Քաղաքական-ազգայնական շրջանակները ևս դեմ են՝ վկայակոչելով Հայոց ցեղասպանության իրողությունը, Թուրքիայի հակահայ քաղաքականությունն ու հատկապես 44-օրյա պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած ուղղակի օգնությունը:

Եթե Հարավային Կովկասում ապաշրջափակվեն ճանապարհային հանգույցները

Բանավեճը թողնենք մի կողմ և ներկայացնենք, թե ինչ փոփոխություններ կլինեն, եթե հարավկովկասյան տարածաշրջանում ապաշրջափակվեն ճանապարհային հանգույցները:

Կարս-Գյումրի երկաթուղու ապաշրջափակման դեպքում Թուրքիան հնարավորություն կստանա Վրաստանի և Ադրբեջանի հետ կապվել երկրորդ երկաթուղային հանգույցով՝ ի լրումն Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի, որն ուղղված էր Հայաստանի մեկուսացմանը:

Իր հերթին, Հայաստանը հնարավորություն կստանա Գյումրի-Կարս հատվածով կապվել Թուրքիայի, Միջին Արևելքի և Եվրոպայի հետ:

Եթե ապաշրջափակվում է Նախիջևանը, ապա Վրաստանը հնարավորություն է ստանում Թբիլիսի-Գյումրի-Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային հանգույցով դուրս գալ Իրան: Հայաստանը նույնպես հնարավորություն է ստանում Նախիջևանի երկաթուղով կապվել Իրանի հետ:

Երևան-Նախիջևան-Մեղրի-Բաքու գնացքը, որ գործում էր 1940-ականներից մինչև 1991-ը, ներկայում չի կարող շահագործվել, քանի որ Մեղրիի 40 կիլոմետրանոց, ինչպես նաև Միջնավան-Հորադիս 100 կիլոմետրանոց հատվածները հայկական կողմը ապամոնտաժել և վաճառել է որպես մետաղի ջարդոն: Բայց Հայաստանը Ադրբեջանին կապող մեկ այլ երկաթուղի կա, որը կարող է շահագործվել կարճ ժամանակահատվածում: Խոսքը Իջևան-Բաքու երկաթուղային գծի մասին է, որը շահագործվել է 1980-ականներին՝ մինչև 1991-ը:

Տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման դեպքում Հայաստանը կարող է Ռուսաստանի հետ, ի լրումն Վրաստանի, կապվել նաև Ադրբեջանի տարածքով, այդ թվում՝ երկաթուղով:

Այս ամենը այսօր միայն խոսակցություն է, և կյանքի կոչվելու համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ և քաղաքական կամք Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից:

Թաթուլ Հակոբյան

*news.blog_news.warning