8 դեկտեմբեր, 2020 14:50

Դավաճանների փնտրտուքը տեղ չի թողնում իրական պատասխանատվության համար

Պատրիկ Ազատյան

Հայաստանում Արցախյան երկրորդ պատերազմի և Արցախի տարածքի կորստի մասին շրջանառվում է դավադրության երկու տեսություն։ Բնականաբար, ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը չի կարող ապացուցվել կամ հերքվել՝ առանց կասկածի տեղիք տալու, բայց դրանք արժանի են հիշատակման, քանի որ լույս են սփռում Հայաստանում առկա տրամադրությունների վրա։ Երկու տեսություններն էլ հիմնված են «դավաճանի» կամ «դավաճանների» գոյության հնարավորության վրա և օգտագործում են պարզամիտ տրամաբանություն։ Նրանք նաև զբաղեցնում են միջին քաղաքացու միտքը և բնակչությանը անօգնականության զգացում են ներշնչում։

Դավադրության տեսություն համար 1. Փաշինյանն ամեն ինչ նախապես էր ծրագրել 

Այս տեսության ամենածայրահեղ, և հավանաբար ավելի պարզամիտ տարբերակը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ ծրագրել էր Արցախի տարածքները հանձնել Ադրբեջանին, և հեղափոխությունն այդ վիթխարի սխեմայի մի մասն էր։ Հետևաբար, նա դավաճան է։ Դավադրության այս տեսությանը մի փոքր այլ տարբերակը, որը նույնքան պարզամիտ է, պնդում է՝ քանի որ Փաշինյանը արևմտամետ է, նա կամավոր քանդեց Հայաստանի ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ չանհանգստանալով Արցախում տարածքների կորստից։ Ավելին, տարածքի կորուստը Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ պատժամիջոց էր՝ իր ազդեցության ուղեծրից հեռանալու փորձի համար։ Այս տեսության կողմնակիցներն անընդհատ հիշեցնում են մեզ, որ նրանք հասարակությանն այդ գալիք աղետի մասին նախազգուշացնում էին հենց պատերազմից առաջ, որպեսզի էլ ավելի ապացուցեն իրենց տեսակետը։ Նրանք նաև սիրում են մատնանշել Ռուսաստանի հետ հակամարտության պատճառով Ուկրաինայում և Վրաստանում տարածքների կորստի օրինակները։ Մենք երբեք չենք իմանա` արդյոք նրանց մտածողությունը բախտագուշակության քաղաքական տարբերակի արդյունք է կամ «Դավադրության տեսություն 2»-ի շարունակություն (որի մասին կարդացեք հաջորդիվ): Այս տեսությանը աջակցում են ընդդիմության որոշ ներկայացուցիչներ և որոշ ինքնահռչակ քաղաքական փորձագետներ։

Այս տեսության տրամաբանության մեջ մի քանի բացթողումներ կան․

  1. Եթե Փաշինյանն իրոք ծրագրում էր զոհաբերել Արցախը հանուն Արևմուտքի հետ մերձեցման, ապա ինչո՞ւ ընդդիմության առանձին տարրեր ավելի վճռական գործողություններ չձեռնարկեցին, որպեսզի կանխեն գալիք աղետը։
  2. Դավաճանից ավելի վտանգավոր է, երբ մարդը ոչ կոմպետենտ է, անխոհեմ էգոմանիակ և պոպուլիստ։ Այս համադրությունը կարող է աղետալի լինել ցանկացած ժողովրդի համար, էլ չենք խոսում պատերազմի մեջ գտնվող ժողովրդի մասին։ Սա մի տարբերակ է, որը ներառված չէ վերոնշյալ տեսության մեջ։
  3. Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը պատժի Հայաստանին միայն մեկ մարդու պատճառով։ Ռուսաստանի նախագահ Պուտինը քմահաճ երեխա չէ։ Եթե Ռուսաստանի շահից էր բխում Արցախի՝ լիովին հայկական լինելը, ապա իշխանության փոփոխությունը Հայաստանում նման նշանակություն չէր ունենա։ Ցանկացած տարածաշրջանային գերտերության համար փոքր երկրների ղեկավարներին վերահսկելու ավելի պարզ եղանակներ կան, քան նրանց տները կրակի մատնելը:
  4. Հեղափոխությունից հետո Փաշինյանը որևէ նշանակալի արևմտամետ գործողություն չի ձեռնարկել։ Բացի Կանադայի վարչապետի հետ գուլպա-դիվանագիտությունից, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ այստեղ-այնտեղ մի քանի գրկախառնություններից, Ամուլսարի նախագծի նկատմամբ մի փոքր բարեհաճ վերաբերմունքից և Վրաստան խորհրդանշական այցից, նրա վարչակազմը իսկապես արևմտամետ լինելու համար գրեթե ոչինչ չուներ ցույց տալու։
  5. Պե՞տք էր արդյոք Փաշինյանին անցնել տարածքների հանձնման այս արյունալի ու ցավոտ փորձանքի միջով, եթե նա արդեն իսկ որոշել էր դա անել։ Մարտի դաշտում խոշոր պարտությունը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ցանկացած առաջնորդի համար, և դա ռիսկ է, որին չարժի գնալ։
  6. Փաշինյանի անձնական նախասիրություններից՝ Հայաստանը դեռևս ամբողջությամբ գտնվում էր ռուսական ազդեցության ոլորտում, երբ Արցախի տարածքները զիջվեցին Ադրբեջանին։

Դավադրության տեսություն համար 2. Նախահեղափոխական առաջնորդներն էին իսկական դավաճանները

Այս տեսության ավելի բարդ տարբերակը պնդում է, որ նախահեղափոխական ղեկավարությունը տեղյակ էր մոտալուտ պատերազմի մասին, և որ Հայաստանը գտնվում էր ոչ շահեկան վիճակում։ Դրա համար էլ նրանք թույլ տվեցին հեղափոխությունը, որպեսզի երբ Հայաստանը պարտվի պատերազմում, մեղքն ինքնաբերաբար ընկնի Փաշինյանի վրա։ Ըստ այդ տեսության՝ «նախկինները» գիտեին, որ ստիպված են լինելու տարածքներ զիջել։ Դրա համար էլ նրանք Փաշինյանին թույլ տվեցին մեղքը վերցնել իր վրա, որպեսզի հետո ծրագրեն փափուկ հակահեղափոխություն։ Այս տեսության ավելի մեղմ տարբերակը պնդում է, որ հեղափոխությունն անխուսափելի էր։ Հենց որ դա տեղի ունեցավ, հին գվարդիան ծրագրեց իր «նստել և սպասել» ռազմավարությունը՝ համեմված Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների քայքայման վտանգի մասին մերթընդմերթ նախազգուշացնող դիտողություններով։

Երբ պատերազմն ու տարածքների կորուստն իրականություն դարձան, նրանք Փաշինյանին տապալելու և իրենց «Ռուսաստանի մարդուն» հաստատելու հնարավորությունը տեսան։ Այս տեսությունը առավել տարածվածն է Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացիների շրջանում, և թեև շատ քաղաքացիներ պատասխանատվություն են դնում Փաշինյանի վրա՝ պատերազմից առաջ և հետո նրա սխալների և սխալ հաշվարկների, ինչպես նաև մարտի դաշտում զոհվածների թվի համար, նրանք գերագնահատում են հին գվարդիայի դերը այս պարտության մեջ։ Ամենայն հավանականությամբ, հենց դրանով կարելի է բացատրել ի պաշտպանություն Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիր հանրահավաքների նկատմամբ ՀՀ քաղաքացիների շրջանում ոգևորության բացակայությունը (մեկ այլ տարբերակ է այն, որ մարդիկ պարզապես հոգնել են պատերազմներից, հեղափոխություններից, հեղաշրջումներից և ոչ կոմպետենտ առաջնորդներից):

Այս տեսության մեջ ևս կան բացեր․ 

  1. Նախ, ինչո՞ւ պետք է հին գվարդիան ընդհանրապես ռիսկի դիմեր ՝ իշխանությունը զիջելով Փաշինյանին։ Եթե Փաշինյանը արագ գործեր, հին գվարդիայի անդամներից շատերն արդեն բանտում կլինեին։ Ոչ մի երաշխիք չկար, որ Փաշինյանը սխալներ կգործեր։
  2. Մի՞թե հին գվարդիան մտածում էր, որ Հայաստանի ժողովուրդը կների իրենց սխալները։ Ժողովուրդը մինչ օրս դա չի արել։
  3. Հին գվարդիան միատարր չէ, և այդ պատճառով նման բարդ սխեման ընդհանուր առմամբ իրատեսական չէր կարող լինել:
  4. Տեսությունը ենթադրում է, որ հին գվարդիայի բոլոր անդամները (նրանցից ոմանք կապեր և բիզնես ձեռնարկություններ են ունեցել Արցախում) և նրանց համախոհները պատրաստ էին Արցախը կորցնել զուտ նրա համար, որ վրեժխնդիր լինեն Փաշինյանից։ Դա անհավանական տարբերակ է։
  5. Ռուսաստանը պատերազմից հետո պաշտոնապես աջակցում է Փաշինյանին։

Դավադրության մի տեսության մեջ տարածքների զիջման համար պատասխանատու միակ կերպարը Փաշինյանն է, իսկ մյուսում՝ հիմնականում հին գվարդիան է դիտարկվում որպես պարտության գործակալ։ Երկու տեսակետներն էլ ունեն դավաճան կամ մի խումբ դավաճաններր, և երկուսն էլ ներկայացվում են որպես իրարամերժ սցենարներ։ Առաջին տեսությունն ամբողջությամբ նախահեղափոխական ղեկավարության վրայից հանում է պատերազմի և մարտի դաշտում կորուստների հանգեցրած իրավիճակի պատասխանատվությունը, իսկ երկրորդը թույլ է տալիս, որ Փաշինյանը շրջանցի Հայաստանի պատմության ամենաողբերգական կապիտուլյացիաներից մեկի պատասխանատվությունը։

Այս քննարկումներից հաճախ բացակայում է պարտության պատճառների ազնիվ ինքնաքննությունը, մեր ուժերի վերագնահատումը և որպես ազգ՝ աճի ոլորտների հնարավորությունները։ Սփյուռքյան մեր կառույցները նույնպես պետք է ինքնուրույն խորհեն և վերանայենիրենց առաջնահերթությունները, եթե ուզում ենք, որ անկախ Հայաստանն ու հայկական Արցախը շարունակեն գոյություն ունենալ։ Մեր ազգային երկխոսությունը պետք է փոխվարինվի «որն է քո նախընտրելի դավաճանը»-ից «եկեք լրջորեն զբաղվենք կայուն հայկական պետության կառուցմամբ»-ով։

Ազնիվ երկխոսությունը, սակայն, ոչ մի հնարավորություն չունի թափ հավաքելու այնքան ժամանակ, քանի դեռ ներկայիս վարչակազմը (թերևս պատերազմի ժամանակ կապիտուլյացիայի համար լիովին պատասխանատու չլինելով հանդերձ), դեռ շարունակում է իշխանավարել: Նրանք ցույց են տվել, որ կարող են խեղաթյուրել փաստերը և ստել հանրությանը, որպեսզի օգուտ քաղեն իրենց սյուժետային գծից, ինչը նրանց կազատի պատասխանատվությունից: Այժմ նրանք կողմնակալ կողմ են և այս գործընթացը ղեկավարելու հարցում ունեն շահերի բախում: Այս երկխոսությունը նաև վնասակար կլինի հանրության աչքում, եթե այն պատասխանատվության կոչերին ընդառաջելն ընկալի միայն որպես հին գվարդիայի կողմից կատարվող գործընթաց։

Ճակատագրի հեգնանքով, հասարակության շարունակական չեզոքության արդյունքում պատասխանատվության կոչերը կմնան միայն «հին գվարդիայի» ձեռքում կամ ի վերջո կհանեն պատասխանատվությունը ներկայիս վարչակազմի ուսերից: Առանց հանրության աշխոյւժ և եռանդուն մասնակցության, պարտության պատասխանատվության հարցով զբաղվող համակարգային գործընթացը և ապագայի ճանապարհային քարտեզը հնարավոր չի լինի։ Դավադրության տեսություններին մասնակցելը միայն բևեռացնում է բնակչությանը և, ի վերջո, առաջնորդներին թույլ կտա խուսափել պատասխանատվությունից: Ինչ էլ որ լինի, մենք չենք կարող շարունակել քավության նոխազներ փնտրել և վատնել ժամանակն այնպես, ինչպես արել ենք ոչ վաղ անցյալում։ Ապագան կանչում է, և այն պարտադիր չէ մռայլ լինի։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

*news.blog_news.warning