25 դեկտեմբեր, 2020 13:22

Նախարար Քերոբյանն ընդդեմ գործարար Քերոբյանի

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության դեկտեմբերի 24-ի նիստին կողմ արտահայտվեց զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվող դրոշմանիշային վճարների չափի ավելացմանը: 

«Սակայն մենք հիմնադրամի տնօրինության հետ նայել ենք ֆինանսական մոդելը, այս պահին առաջարկվող նախագիծն այն նվազագույնն է, որը դեռ մի բան էլ քիչ է, և պետք է իրականացվի լրացուցիչ դրամահավաք, որպեսզի զոհված և հաշմված մեր եղբայրների ընտանիքների նկատմամբ կատարվեն օրենքով սահմանված մեր պարտավորությունները», - ասաց նա:

Տե՛ս նաև՝  Զինծառայողների հիմնադրամին փոխանցվող վճարները փոխվում են

Նախկինում «Մենյու Գրուպի» հիմնադիր Վահան Քերոբյանը քննադատում էր այդ հիմնադրամի ստեղծումը: 2018-ի մայիսին Քերոբյանը հարցը քննարկում էր ռուսական ամսագրերից մեկում լույս տեսած «Чем полезен и чем вреден ефрейторский зазор» հոդվածի համատեքստում, որտեղ խոսվում էր անարդյունավետ ծախսերի մասին:

«Մենք՝ գործատուներս (իհարկե գործատուներս, քանի որ դժվար որևէ գործատու այսօր նվազեցնի իր աշխատակիցների տնօրինվող աշխատավարձը), ամսական 1000 դրամ յուրաքանչյուր աշխատակցի անունից պետք է վճարենք զինծառայողների առողջության, կյանքի համար ու կարող է ու հուսանք, որ որոշ ժամանակ անց այդ հիմնադրամում այնքան գումար կկուտակվի, որ տեսականորեն կգերազանցի այն մաքսիմումը, որը կարող է փոխհատուցման ենթակա լինել: Իսկ մենք կշարունակենք մուծել ու մուծել, քանի որ օրենքով պարտավոր ենք, իսկ այդ գումարները տնտեսական աճ կապահովեին: Ефрейторский зазор-ը 2007թ. մայիսի 7-ից իմ համար անարդյունավետության և անգրագիտության հոմանիշն է»,- գրել էր Քերոբյանը:

2016 թվականի դեկտեմբերին կանխագուշակել եմ, թե ինչքան անիմաստ և անտաղանդ կերպով է նախագծվել Զինծառայողների...

Posted by Vahan Kerobyan on Tuesday, May 22, 2018

Գրառումը նա արել էր 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից շաբաթներ անց: Նա հիշեցնում էր 2016-ի իր գրառումը և նորից խոսում «ефрейторский зазор»-ի մասին:

«2016 թվականի դեկտեմբերին կանխագուշակել եմ, թե ինչքան անիմաստ և անտաղանդ կերպով է նախագծվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը։ Որ շատ մանրամասն չպատմեմ՝ բավական է ասել, որ մի տարվա մեջ հիմնադրամը հավաքել է 6,7 մլրդ դրամ գումար, ստացել է 150 մլն դրամ տոկոսային եկամուտ, և կատարել 420 մլն դրամի հատուցում։ Էստեղ ոչ միայն տնտեսագիտական հաշվարկ չկա, այլ տարրական կողոպուտ է՝ ամեն մի աշխատող մարդ կարող էր տալ 100 դրամ՝ 1000-ի փոխարեն։

Այս ռեալ գումարները դուրս են գալիս ռեալ տնտեսությունից ու ազդում տնտեսական աճի վրա։ Պետք ա վերջ տալ չարաբաստիկ ефрейторский зазор-ին ու ամեն ինչ անել, որ բիզնեսը թթվածին ստանա առաջ սլանալու համար»,- 2018-ի մայիսին գրել էր գործարարը։

Ֆեյսբուքյան օգտարարերից մեկի դիտարկմանը, եթե «պատերազմ լինի ու Աստված մի արասցե զոհերի թիվը հարյուրապատկվի, ես անձամբ հաշոզված չեմ որ 100 անգամ ավել գումար կհավաքենք», Քերոբյանն պատասխանել էր. «Պատերազմի տարում 2000 կքցվենք ամսական, բայց փողը տնտեսությունից էսօր չհանենք»։

Իսկ ինչ է ասում Քերոբյանն այժմ, երբ խոսում է պաշտոնյայի դիրքից հիմնադրամ վճարվելիք գումարների դրույքաչափի բարձրացման մասին։ Հազարավոր զոհերի ու վիրավորների պատճառ դարձած պատերազմից հետո, որին, ի դեպ, ինքն ու իր երեք եղբայրները մասնակցել են որպես կամավոր:

Նա նշում է, որ գումարների դրույքաչափի բարձրացման մասին որոշումը «լրացուցիչ ծախս է բիզնեսի համար», սակայն անհրաժեշտ է: Ավելին՝ նա ընդունում է, որ անգամ 1 000 դրամների փոխարեն, կախված աշխատավարձի չափից, 1 500-ից մինչև 15 000 դրամի հասնող վճարումները ամբողջությամբ չեն լուծի հատուցման համար անհրաժեշտ ֆինանսական կարիքները:

Նախարարը լրացուցիչ դրամահավաքի կարիք է տեսնում, որպեսզի «զոհված և հաշմված մեր եղբայրների ընտանիքների նկատմամբ կատարվեն օրենքով սահմանված պարտավորությունները»

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի, Եռաբլուրը՝ 2020-ի դեկտեմբերի 19-ին 

*news.blog_news.warning