Հայաստան – Ադրբեջան սահմանային լարվածության  հավանական և անհավանական պատճառները

Վերջին երկու օրերին հանրության ուշադրությունը կենտրոնացած է հայ-ադրբեջանական սահմանային բախումների վրա։ Բացի մարտական գոծողությունների ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու ցանկությունից, շատերը փորձում են հասկանալ լարվածության նոր փուլի պատճառները։ Ինչու է այս ամենը տեղի ունենում հիմա, և ինչու ՀՀ – Ադրբեջան սահմանի, այլ ոչ թե Արցախի Հանրապետություն – Ադրբեջան շփման գծի երկայնքով։  

Քննարկվող հիմնական վարկածներից մեկը սահմանային լարվածության առաջացմամբ կամ դրա չընդհատմամբ ադրբեջանական հասարակության ուշադրությունը խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամից շեղելու Ադրբեջանի ղեկավարության ցանկությունն է։ Այս վարկածը, իհարկե, գոյության իրավունք ունի, սակայն հարկ է նշել, որ Ադրբեջանում մոտալուտ տնտեսական փլուզման և սոցիալական բունտի սպասումները չափազանցված են։ Ադրբեջանն ունի տնտեսական դժվարություններ, և դրանք սկսվել են դեռ 2015 թ., երբ ադրբեջանական մանաթը կրկնակի արժեզրկվեց։ Դրանից հետո երկրի տնտեսությունը այդպես էլ չկարոցաղավ վերադառնալ 2010-ականների սկզբի նավթային բումի ցուցանիշներին, իսկ 2020 թ. առաջին կեսին համավարակի պատճառով նավթի պահանջարկի և գնի կտրուկ անկումը բավականաչափ ծանր հարված է Ադրբեջանի տնտեսությանը։ Այստեղ հարկ է նաև նշել, որ Ադրբեջանը «ՕՊԵԿ+» համաձայնության անդամ է, և ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում 2020 թ. մայիսից նվազեցրել է նավթի արդյունահանման ծավալները։ Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ որ Ադրբեջանը, ի տարբերություն կորոնավիրուսի պատճառով տնտեսական լուրջ ճգնաժամի մեջ հայտնված շատ պետությունների, ունի «անվտանգության բարձիկ» ի դեմս պետական նավթային ֆոնդի, որի ընդհանուր կապիտալը (կանխիկ գումար, արժեթղթեր և այլն) 2020 թ. սկզբին կազմում էր մոտ 43 միլիարդ դոլար։ Այն հնարավորություն է տալիս Ադրբեջանին բավականին երկար ժամանակ ապահովել մակրոտնտեսական կայունության նվազագույն մակարդակ առանց օտարերկրյա վարկային միջոցների ներգրավման և պետական պարտքի ավելացման։

Այսպիսով, մոտալուտ սոցիալական բունտի կանխման նպատակով ՀՀ – Ադրբեջան սահմանին լարվածության առաջացումը կամ պահպանումը վերջին երկու օրերի իրադարձությունների բացատրության նվազ հավանական պատճառ է։

Հարկ է նշել, որ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում առնվազն 2014 թ. ամառվանից սկսած Ադրբեջանը ձեռնամուխ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ անուղղակի շանտաժի քաղաքականության իրականացմանը։ Շատ լավ հասկանալով, որ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ Ֆրանսիային ձեռնտու չէ Հարավային Կովկասում անկանխատեսելի ելքով և արտաքին միջամտություն առաջ բերելու հավանականություն ունեցող լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը՝ Ադրբեջանն անընդհատ ցույց է տալիս ստեղծված ստատուս քվոն պատերազմի միջոցով փոխելու իր պատրաստակամությունը։ Պաշտոնական Բաքվի հաշվարկը հասկանալի է և տրամաբանական. եթե ստատուս քվոյի պահպանումը մոտեցնում է պատերազմի հավանականությունը, ապա Մինսկի խմբի համանախագահ պետությունները պետք է ակտիվացնեն ջանքները կողմերի միջև առնվազն միջանկյալ համաձայնության ձեռքբերման ուղղությամբ։

Իսկ ինչպիսին կարող է լինել այդ միջանկյալ համաձայնությունը։ 2004 թ. մեկնարկած Պրահայի գործընթացից ի վեր բանակցություններում քննարկվող տարբերակը սկզբունքային փոփոխություններ չի կրել։ Դա փուլային տարբերակն է, որը տարբեր տարիների կրել է որոշակի փոփոխություններ և ստացել տարբեր անուններ՝ Մադրիդյան փաստաթուղթ, թարմացված Մադրիդյան փաստաթուղթ, Կազանյան փաստաթուղթ, Լավրովի պլան և այլն։ 2011 թ. նավթային բումի պիկի ժամանակ մերժելով Կազանի փաստաթուղթը՝ Ադրբաջանն ամենայն հավանականությամբ արդեն 2014 թ. ամռանը հասկացել էր, որ այդ սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման գործընթացի մեկնարկն իր համար թերևս լավագույն լուծումն է և ըստ այդմ, լայնածավալ պատերազմի բռնկման սպառնալիքի միջոցով փորձում է հասնել Մինսկի խմբի համանախագահների կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումների կիրառմանը՝ փուլային տարբերակի վերաբերյալ պաշտոնական Երևանի համաձայնությունը ստանալու համար։

Հասկանալի է, որ կարգավորման դետալների հարցում անհամաձայնություններ են առկա նաև Մինսկի խմբի համանախագահ պետությունների միջև։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան դեմ են բացառապես կամ հիմնականում ռուս խաղաղապահներից բաղկացած խաղաղապահ գործողության իրականացմանը, Ռուսաստանն իր հերթին ձգտում է կարգավորման առաջին փուլի արդյունքում փաստացի վերահսկողություն հաստատել Արցախի Հանրապետություն – Իրան սահմանի նկատմամբ։ Այնուամենայնիվ, ռազմավարական առումով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի բանակցային մոտեցումները չեն տարբերվում։ Վերջին առնվազն 16 տարիների ընթացքում երեք պետություններն էլ հանդես են գալիս հակամարտության փուլային կարգավորման օգտին, որը ենթադրում է առաջին փուլում Արցախի Հանրապետության տարածքների մի մասի հանձնում Ադրբեջանին, կոմունիկացիաների բացում, իսկ անորոշ ժամանակ անց՝ Արցախի վերջնական կարգավիճակի որոշում կամարտահայտության միջոցով։

Ադրբեջանի ռազմավարությունը հստակ է. այն անընդհատ ուղերձներ է հղում Մինսկի խմբի համանախագահ պետություններին, որ ստատուս քվոյի պահպանումը մեծացնում է լայնածավալ պատերազմի բռնկումը, ինչը կարող է հանգեցնել նաև ռազմական գործողություններին Ռուսաստանի և Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի մասնակցությանը և նրանց միջև բախման հավանականություն ստեղծել։ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ պետության միջև որևէ բախման սցենար բացարձակապես ցանկալի չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար։ Պատահական չէ, որ թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե՛ ԱՄՆ պետքարտուղարությունը սահմանային լարվածության վերաբերյալ հուլիսի 13-ին           հրապարակած իրենց հայտարարություններում բռնությունը դատապարտելուց և մարտական գործողությունները անհապաղ դադարեցնելուց բացի կոչ են անում որքան հնարավոր է շուտ վերսկսել «սուբստանտիվ բանակցությունները» հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար։ Իսկ այդ բանակցություններն այս պահին կարող են ընթանալ բացառապես 2004 թ. առաջ քաշված փուլային տարբերակի շուրջ։

Ինչ կարող է անել Հայաստանը

Ինչ կարող է ստեղծված պայմաններում իրականացնել Հայաստանը, բացի սահմանային միջադեպերի ժամանակ ադրբեջանական ռազմական գործողություններին հստակ պատասխան տալուց։ Կա երկու տարբերակ. կամ փաստացի շարունակել բանակցությունները փուլային տարբերակի շուրջ՝ հուսալով, որ Հայաստանին ևս 16 տարի կհաջողվի խուսափել որևէ փաստաթղթի ստորագրումից, իսկ այդ ընթացքում Ադրբեջանում մեծացող նոր սերունդը պարզապես կմոռանա Արցախի մասին, բանակցություններն ինքնըստինքյան կդադարեն, և Ադրբեջանի նոր ղեկավարությունն էլ 2040 թ. շրջակայքում կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը ներկա սահմաններում։ Սակայն էթնոքաղաքական հակամարտությունների պատմությունը ցույց է տալիս, որ շատ հաճախ անգամ կես դար անցնելուց հետո կողմերը չեն մոռանում դրանց գոյության մասին և չեն հաշտվում ստեղծված իրավիճակի հետ։ Բացի այդ, բավականաչափ ռիսկային է մտածել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև միշտ կպահպանվեն հակասություններ փուլային կարգավորման դետալների միջև, վերջիններս չեն կարող միասնական դիրքորոշում ձևավորել և ըստ այդմ կոորդինացված ճնշում գործադրել Հայաստանի վրա։

Երկրորդ տարբերակը Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից 2004 թ. քննարկվող  կարգավորման փուլային տարբերակը մերժող հրապարակային հայտարարությունն  է և Մինսկի խմբի համանախագահներին ՀՀ-ի և Արցախի Հանրապետության անունից կարգավորման նոր հայեցակարգի ներկայացումը  որպես բանակցությունների շարունակման հիմքի հայկական երկու պետությունների տեսլական։ Հասկանալի է, որ նման հայեցակարգի մշակումը ժամանակ և էական ջանքեր է պահանջում, սակայն այլընտրանքը ՀՀ-ի համար կարող է շատ ավելի վտանգավոր լինել։

Այս քայլը հնարավորություն կտա հերքել Ադրբեջանի մեղադրանքները, որ ՀՀ-ի միակ նպատակը բանակցությունների անվերջ ձգձգումն ու ստատուս քվոյի հնարավորինս երկար պահպանումն է։ Բացի այդ, Ադրբեջանը կզրկվի կամ լայնածավալ պատերազմ կամ փուլային կարգավորում երկըտրանքը սեփական շահերին ծառայեցնելու և պատերազմի շանտաժով ՀՀ-ի նկատմամբ Մինսկի խմբի համանախագահների կողմից ճնշումներ առաջ բերելու հնարավորությունից։ Հայաստանի Հանրապետությունը միջնոդներին կներկայանա նոր առաջարկով, որի ռազմավարական նպատակը ՀՀ-ի համար վնասակար պատերազմ կամ փուլային կարգավորում երկընտրանքից հրաժարվելն է։