Ադրբեջանը հայտարարում է իր գեներալ-մայորի և գնդապետի սպանության մասին

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել են ադրբեջանցի 2 բարձրաստիճան սպաներ․ այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը։

Ըստ Վելիևի՝ մեկը գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովն է, մյուսը՝ գնդապետ Իլգար Միրզեևը։ 

Ինչպես նշում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը, միայն հուլիսի 14-ին Ադրբեջանը կորցրել է 7 զինվորական․ բացի Միրզեևից և Հաշիմովից՝ սպանվել է ևս հինգ հոգի, ներառյալ երկու սպա։

Ադրբեջանցի գեներալի սպանության մասին տեղեկություն է հրապարակել նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ, որում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։