ՀԱՊԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լուրջ մտահոգություն է հայտնում հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ․ այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական հայտարարությունում։

«ՀԱՊԿ քարտուղարությունը լուրջ մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, որը սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների միջև հուլիսի 12-ի զինված բախումից հետո, այդ թվում՝ ծանր սպառազինությունների կիրառմամբ, ինչի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։ Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրադրության կարգավորմանը երկու հարևան պետությունների սահմանին, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ-պետություն է․ իրավիճակը վկայում է հրադադարի պահպանման վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին, որոնք կայացվել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների մակարդակով։

Ընդգծում ենք ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հրադադարի պահպանման ռեժիմի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը։ Ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, արտաքին գործերի նախարարների խորհուրդը իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել կողմերին կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման հասնել բացառապես խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ իրավիճակի էսկալացիա թույլ չտալու համար»։