Մատվիենկոն բանակցությունների կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով․ լրագրողների հետ զրուցում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Ես՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, դիմումներ եմ ստացել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների կողմից»,- ասել է սենատորը:

Նրա խոսքով, Ռուսաստանը անհանգստացած է ստեղծված իրավիճակից, քանի որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը բարեկամ, գործընկեր երկրներ են: «Այժմ գլխավորը ոչ թե մեղավորին փնտրելն է, այլ ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելը», – ասել է նա:

Սենատորը նշել է, որ դիվանագիտական գծով ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ էսկալացիան նվազեցնելու ուղղությամբ, Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի անդամ երկիր, ջանքեր է գործադրում այս ուղղությամբ։

Բացի այդ, խորհրդարանական գծով նույնպես ջանքեր են գործադրվում։ «Մենք շատ անհանգստացած ենք այս իրավիճակից։ Կանենք ամեն ինչ, որպեսզի դադարեցնենք լարվածության և ռազմական գործողությունների սրումը», – ընդգծել է Մատվիենկոն:

Ըստ նրա՝ ռուսական կողմի դիրքորոշումը պետք է լինի բանակցային գործընթացը, որի ընթացքում պետք է գտնվեն փոխընդունելի լուծումներ: