Հայ-ադրբեջանական բախումը սպառնում է տարածաշրջանային կայունությանը․ պաշտոնական Թեհրան

Հայ-ադրբեջանական սահմանային բախումը սպառնում է երկու երկրների շահերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու անդորրին՝ մտահոգություն հարուցելով․ այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին։

Թվիթերում արված գրառման մեջ իրանցի պաշտոնյան մասնավորապես գրել է․ «Հակամարտությունների քաղաքական կարգավորումը, որը հաշվի է առնում երկու երկրների շահերը և պետությունների տարածքային ամբողջականությունը, միակ ելքն է ճգնաժամից»։

Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցում վերջինս հայտնել է իր երկրի պատրաստակամությունը՝ թուլացնելու երկու երկրների միջև լարվածությունը։

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Մնացականյանը իր իրանցի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։

«Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել