4 հունվար, 2021 14:17

Ռուսական և ադրբեջանական խողովակաշարային գազը՝ Եվրոպայում. մրցակիցներ, թե հակառակորդներ

2021-ը Եվրոպայում սկսվեց մի քանի նոր գազային ծրագրերի մեկնարկով։ Դրանցից առաջինը դեռ 2013-ից իրագործվող «Հարավային գազային միջանցքն է», որը նախատեսում է ադրբեջանական գազի հավելյալ ծավալների մատակարարում Թուրքիա և Եվրամիություն։ Տրանսանատոլիական և Տրանսադրիտաիկ գազամուղերի կառուցմամբ և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի թողունակության մեծացման շնորհիվ 2021 թ. հունվարից տարեկան հավելյալ 16 միլիարդ խորանարդ մետր գազ է մուտք գործում Թուրքիա և Եվրամիություն։ Այդ ծավալից 6 միլիարդը կսպառվի Թուրքիայում, ևս տարեկան մեկական միլիարդ խորանարդ մետր գազ կստանան Հունաստանն ու Բուլղարիան, 8 միլիարդ խորանարդ մետր գազ էլ կմատակարարվի Իտալիա։

«Հարավային գազային միջանցք» ծրագիրը ստացել է թե՛ Եվրամիության և թե՛ ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունը, որպես Եվրամիություն մատակարարվող գազի աղբյուրների և տեղափոխման ուղիների դիֆերսիֆիկացիային և Ռուսաստանից Եվրամիության գազային կախվածության նվազմանը միտված քայլ։ Այդուհանդերձ Եվրամիությունում սպառվող գազի ընդհանուր ծավալների և Ռուսաստանից մատակարարվող կապույտ վառելիքի քանակի համեմատ ադրբեջանական գազը տնտեսական առումով որևէ էական նշանակություն առայժմ ունենալ չի կարող։ 2019 թ. Եվրամիությունը սպառել է շուրջ 470 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 181 միլիարդ խորանարդ մետրը խողովակաշարերով մատակարարել է ռուսական «Գազպրոմ» ընկերությունը։ Ռուսաստանը Եվրամիություն է մատակարարում նաև «բնական հեղուկացված գազ» (LNG)։ 2020 թ. երկրորդ եռամսյակում Ռուսաստանը մատակարարել է Եվրամիություն ներմուծված «բնական հեղուկացված գազի» 18 տոկոսը՝ զիջելով միայն Կատարին (22 տոկոս) և ԱՄՆ-ին (23 տոկոս)։

2019 թ. Եվրամիությունը սպառել է շուրջ 470 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 181 միլիարդ խորանարդ մետրը խողովակաշարերով մատակարարել է ռուսական «Գազպրոմ» ընկերությունը

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թ. Եվրամիությունում կրճատվել են թե՛ բնական գազի սպառման և թե՛ ներմուծման ծավալները։ 2020 թ. երկրորդ եռամսյակում Եվրամիությունում գազի սպառումը 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 10 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 14 տոկոսով։ Այնուամենայնիվ, նույնիսկ անկման նման ծավալների պայմաններում 2020 թ. երկրորդ եռամսյակում ռուսական խողովակաշարային գազը կազմել է Եվրամիություն ներմուծված բնական գազի 42 տոկոսը։ Հասկանալի է, որ 2021 թ. սպասվող տնտեսական աշխուժացման պայմաններում կավելանան ինչպես Եվրամիությունում սպառվող, այնպես էլ Եվրամիություն ներմուծվող գազի ծավալները, և այստեղ Ռուսաստանը կշարունակի պահպանել առաջատարի դիրքերը։ Հետևաբար, առաջիկա առնվազն մի քանի տարիների ընթացքում «Հարավային գազային միջանցք» ծրագիրը և Եվրամիության շուկայում հայտնված հավելյալ տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազը չեն կարող լրջորեն մրցակցել ռուսական գազի հետ կամ նվազեցնել ռուսական գազից Եվրամիության կախվածությունը։

Առաջիկա առնվազն մի քանի տարիների ընթացքում «Հարավային գազային միջանցք» ծրագիրը և Եվրամիության շուկայում հայտնված հավելյալ տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազը չեն կարող լրջորեն մրցակցել ռուսական գազի հետ կամ նվազեցնել ռուսական գազից Եվրամիության կախվածությունը

Վերջին տարիներին շատ է խոսվում «Հարավային գազային միջանցքով» այլ պետությունների գազը Եվրամիություն արտահանելու հնարավորության մասին։ Թեկնածուների թվում նշվում են Իրանը (եթե Բայդենի վարչակազմը վերադառնա 2015 թ. ստորագրված Իրանի միջուկային ծրագրի պայմանագրին և չեղյալ հայտարարի 2018 թ. մայիսից Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները) և Թուրքմենստանը։ Ենթադրվում է, որ մինչև 2026 թ. հնարավոր կլինի մեծացնել Տրանսանատոլիական գազամուղի թողունակությունը մինչև տարեկան 31 միլիարդ խորանարդ մետրի՝ կոմպրեսորային հավելյալ կայանների կառուցման միջոցով։

Բայցևայնպես առայժմ այդ ծրագրերը մշուշոտ են։ Բացակայում է հստակությունը Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների չեղարկման հարցում, և նույնիսկ այդ դեպքում Իրանին անհրաժեշտ կլինեն բազմամիլիարդ ներդրումներ գազային համակարգի զարգացման և արտահանման կարողություններ ստեղծելու համար։ Նույնիսկ այդ պարագայում չի բացառվում, որ Իրանը նախընտրի ոչ թե խողովակաշարային գազի արտահանումը, այլ «հեղուկացված բնական գազի» արտահանման նպատակով տերմինալների կառուցումը։ Ինչ վերաբերում է Թուրքմենստանին, ապա առայժմ այդ պետությունն հիմնականում գազ է արտահանում Չինաստան՝ Կենտրոնական Ասիա – Չինաստան գազամուղով և, հաշվի առնելով չինական շուկայի աճող պահանջարկը, դժվար թե ազատ գազի մեծ պաշարներ ունենա։

2021 թ. հունվարը նշանավորվեց ոչ միայն ադրբեջանական գազի Հունաստան, Բուլղարիա և Իտալիա արտահանման մեկնարկով։ 2021 թ. հունվարի 1-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մասնակցությամբ տեղի ունեցավ «Թուրքական հոսք» գազամուղի շարունակություն հանդիսացող «Բալկանյան հոսքի» սերբական հատվածի գործարկման պաշտոնական արարողությունը։ «Թուրքական հոսքը» Սև ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիա գազ մատակարարող երկրորդ գազամուղն է, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2020 թ. հունվարի 8-ին։ Երկու խողովակաշարից բաղկացած և  տարեկան 31,5 միլիարդ խորանարդ մետր թողունակություն ունեցող գազամուղը նախատեսում է 15,75 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել թուրքական շուկա, իսկ մնացած 15,75 միլիարդը՝ «Բալկանյան հոսք» գազամուղով՝ եվրոպական մի շարք պետություններ։ Թուրքիա ներմուծվող ռուսական գազի ծավալների աստիճանական նվազման և դրան զուգահեռ ադրբեջանական գազի սպառման մեծացման պայմաններում Թուրքիայի ներքին շուկայի համար նախատեսված «Թուրքական հոսքի» խողովակաշարերից առաջինի առևտրային նպատակահարմարությունը կասկածի տակ է։

Սակայն այդ հանգամանքը չի խոչընդոտում երկրորդ խողովակաշարով եվրոպական մի շարք պետություններ ռուսական գազի մատակարարումների իրականացմանը։ «Թուրքական հոսքով» ռուսական գազ արդեն ստանում են Հունաստանը, Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ռումինիան, Սերբիան և Բոսնիա-Հերցեգովինան։ Ռուսաստանի համար այս գազամուղի նշանակությունը Ուկրաինայի տարածքով հարավարելյան Եվրոպա և Բալկաններ ռուսական գազի տարանցումը դադարեցնելն է, ինչը կնվազեցնի Ռուսաստանի նկատմամբ գազի տարանցման խնդրով ճնշումներ բանեցնելու Ուկրաինայի հնարավորությունները։

Չնայած Ադրբեջանն առնվազն առաջիկա չորս-հինգ տարիների ընթացքում ի վիճակի չէ սպառնալ Եվրոպայում «Գազպրոմի» դիրքերին, սակայն ունի ներուժ ռուսական գազային հսկայի նյարդերի վրա ազդելու համար

Ինչևէ, չնայած Եվրամիություն մատակարարվող ադրբեջանական գազի փոքր ծավալներին, առանձին պետություններում այն կարող է մրցակցել ռուսական գազի հետ։ 2019 թ. Ռուսաստանն Իտալիա է մատակարարել 22,1 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը նշանակում է, որ տարեկան 8 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազի արտահանումն Իտալիա մոտ 30 տոկոսով կնվազեցնի ռուսական գազի դերը իտալական շուկայում։ Նույն թվականին Բուլղարիա է մատակարարվել 2,4 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ։ Բուլղարիան տարեկան սպառում է մոտ 3 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը նշանակում է, որ 2022 թ. վերջին, երբ ավարտվի «Գազպրոմի» հետ կնքված մատակարարման երկարաժամկետ պայմանագիրը, Բուլղարիան ամենայն հավականությամբ նոր պայմանագրով կնվազեցնի ռուսական գազի գնումը մինչև տարեկան 2 միլիարդ խորանարդ մետրի։ Մոտավորապես նույն իրավիճակն է Հունաստանում, որը 2019 թ. ներմուծել է 2,41 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, իսկ 2021 թ. Ադրբեջանից կստանա տարեկան մեկ միլիարդ խորանարդ մետր «կապույտ վառելիք»։

Ամփոփելով կարող ենք նշել, որ չնայած Ադրբեջանն առնվազն առաջիկա չորս-հինգ տարիների ընթացքում ի վիճակի չէ սպառնալ Եվրոպայում «Գազպրոմի» դիրքերին, սակայն ունի ներուժ ռուսական գազային հսկայի նյարդերի վրա ազդելու համար։          

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: