11 հունվար, 2021 12:08

Գորբաչովը կոչ է արել լուծել ղարաբաղյան հարցը «առանց հաղթողների և պարտվողների»

Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հուսով է, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, սակայն նրա կարծիքով՝ այստեղ գլխավոր դերը մնում է Հայաստանին և Ադրբեջանին․ անհրաժեշտ է լուծում գտնել երկու կողմերի շահերից ելնելով՝ «առանց հաղթողների և պարտվողների»․ այս մասին նա ասել է «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում։

Գորբաչովը կոչ է արել կանգ չառնել միայն ռազմական գործողությունների դադարեցման վրա, այլ «ելք գտնել՝ չթողնելով խնդիրը չլուծված ևս մի քանի տասնամյակ»։

«Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց հիմնական դերը հակամարտության կողմերինն է: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվեցին բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ: Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից, առանց հաղթողների և պարտվողների», - ասել է նա։

Հունվարի 11-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Մոսկվայում անցկացվելու են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ նախատեսվում է քննարկել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը։ Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հարցերը։