11 հունվար, 2021 15:32

Հնացած հակամարտության համապարփակ կարգավորման համար նախադրյալներ են ստեղծվել․ Պուտին

Հունվարի 11-ին Մոսկվակում անցկացվում են Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Ինչպես հայտնում է «Ռիա նովոստի»-ն, Փաշինյանն ու Ալիևը դահլիճ են մտել տարբեր մուտքերից։ Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք չեն սեղմել, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բավարարվել են բանավոր ողջույնով։ Իր ողջույնի խոսքում ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել երկու երկրների ղեկավարներին Մոսկվա այցելելու համար։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրագործվում է։ Պուտինը նշել է, որ պետք է նշմարել կարգավորման հետագա քայլերը, այդ թվում՝ խաղաղապահների, սահմանազատման հարցերը։ Նա համոզված է, որ ղարաբաղյան «հնացած հակամարտության համապարփակ կարգավորման համար նախադրյալներ են ստեղծվել»։ Գնահատելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Պուտինն այն որակել է հանգիստ։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Ղարաբաղում վերականգնողական աշխատանքների հարցերով զբաղվելու է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներից բաղկացած եռակողմ աշխատանքային խումբը։ ՌԴ նախագահը իր խոսքում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ասելով, որ ԼՂ-ում իր բոլոր գործողություններում Ռուսաստանը «հետևել է Մինսկի խմբի սկզբունքներին»։ Պուտինի ելույթը թարգմանաբար՝ ստորև․

«Ռուսաստանը բարձր է գնահատում մեր երկրներն ու ժողովուրդներին կապող գործընկերային ու բարիդրացիական հարաբերությունները, դրա համար մենք, մարդկանց ճակատագրի հանդեպ տագնապով ու անկեղծ մտահոգությամբ  լցված, հետևում էինք բռնկված զինված հակամարտությանը։ Լայնածավալ ռազմական գործողությունները, ցավոք, հանգեցրին զգալի մարդկային զոհերի, սրեցին Անդրկովկասի առանց այդ էլ բարդ իրավիճակը, մեծացրին ահաբեկչության տարածման ռիսկերը»,- բացման խոսքում ասել է Վլադիմիր Պուտինը։

Ըստ Պուտինի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն առաջին հերթին ուղղված էր ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանն ու տարածաշրջան ռուս խաղաղապահներ ուղարկելուն, որպեսզի խաղաղ բնակչությունը, որը տուժել է բախումներից, ամեն տեսակ և արդյունավետ օգնություն ստանա՝ բնականոն կյանքին վերադառնալու։

«Հատուկ կցանկանայի նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտում էր հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ձեռք բերված առանցքային մշակումներին։ Մենք շարունակում ենք Մինսկի խմբի համանախագահ գործընկերների հետ պարբերաբար համակարգել մեր գործողությունները։ Այսօր կարելի է գոհունակությամբ արձանագրել, որ եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացվում են։ Մեր համոզմամբ՝ դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում արդար հիմքի վրա երկարամյա հակամարտության տևական և լիարժեք կարգավորման համար՝ ի շահ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների»,- նշել է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինի տեղեկացմամբ՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում նախապես գործում էին 23 դիտակետեր, որոնք 4-ով ավելացել են՝ Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգության ապահովման համար։

«Հաջողությամբ գործում է մարդասիրական արձագանքման միջազգային կենտրոնը, որի շրջանակներում մեր երկրների մասնագետները լուծում են կենսական հարցեր՝ կապված բնակավայրերում բնականոն կյանքի հաստատման, ավերված ենթակառուցվածքների վերակառուցման, պատմության, կրոնի և մշակույթի հուշարձանների պաշտպանության հետ: Կենտրոնի աշխատակիցները զբաղվում են էներգա և ջերմամատակարարման վերականգնմամբ»,- հայտնել է Ռուսաստանի ղեկավարը։

Այս ընթացքում ՌԴ-ից հակամարտության գոտի է հասցվել արդեն ավելի քան 800 տոննա շինանյութ, ավելի քան 1,5 մլն տոննա հումանիտար բեռ: Ականներից մաքրվել է ավելի քան 479 հեկտար տարածք, ստուգվել է 182 կիլոմետր ճանապարհ, 710 շենք և շինություն: Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 22 հազար պայթուցիկ նյութ։

«Կարծում եմ, որ այսօր կարևոր կլիներ նախ և առաջ նախանշել կարգավորման առանցքային ուղղություններով հետագա քայլերը, որոնք նշվել էին նախորդ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ։ Նկատի ունեմ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության, սահմանագծային գծերի հստակեցման, հումանիտար խնդիրների լուծման, մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության հետ կապված հարցերը»,- ասել է նա։

Վլադիմիր Պուտինն իր խոսքում ուշադրության արժանացնումտարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանների բացման խնդիրներին։

«Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։ Հարգելի գործընկերներ, կցանկանայի հույս հայտնել, որ մեր այսօրվա բանակցությունները կանցնեն գործնական մթնոլորտում և կծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և շարունակական սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը, որով մենք բոլորս, անշուշտ, շահագրգռված ենք»,- նշել է ՌԴ նախագահը։