12 հունվար, 2021 20:03

44-օրյա պատերազմը չի լուծել ղարաբաղյան հակամարտությունը․ Կազիմիրով

44-օրյա պատերազմը չի լուծել ղարաբաղյան հակամարտությունը․ քաղաքական խնդիրները մնում են չլուծված: Այժմ փորձ է կատարվում լուծել ավելի հեշտ թվացող տնտեսական, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման խնդիրը․ այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Կազիմիրովը կարծում է, որ վաղ է խոսել Մոսկվայում հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպման արդյունքների մասին: 

«Մենք այդ հանդիպման արդյունքների մասին սահմանափակ տեղեկությունների ենք տիրապետում: Պարզ է մեկ բան, որ կողմերը փորձում են չանդրադառնալ քաղաքական հարցերին: Ավելի հեշտ է փորձել լուծել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության խնդիրները: Դեռևս միայն այդ ուղղությամբ են գործում Մոսկվայում հանդիպում անցկացրած առաջնորդները», - նշեց նա:

Նախկին դիվանագետի համար հասկանալի է, թե ինչու հենց տնտեսական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ են աշխատում կողմերը: «Քաղաքական խնդիրները լուծելն առավել դժվար է․ հակասությունները շատ են: Տնտեսական, պրագմատիկ հարցերում առավել հեշտ է հասնել համաձայնության: Մյուս կողմից, տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական կապերի կարգավորումը կարող է դրական ներգործություն ունենալ քաղաքական խնդիրների կարգավորման ուղիների փնտրտուքի վրա»,- նկատեց նա:

Ապառազմականացնել Շուշին և Ստեփանակերտը

Ռուսաստանցի նախկին դիվանագետը ստեղծված իրավիճակում խաղաղության ամրապնդման առաջարկ է անում, որը վերաբերում է Շուշիին և Ստեփանակերտին:

«Պատերազմից հետո ստեղծվել է մի իրավիճակ, որ Շուշին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ դրանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Ստեփանակերտը հայկական ուժերի վերահսկողության տակ է: Այնտեղ են նաև ռուս խաղաղապահները: Ես դեռ առաջին պատերազմից հիշում եմ, որ Շուշիից ադրբեջանցիները հրետակոծում էին Ստեփանակերտի բնակելի թաղամասերը: Քանիցս եղել եմ Ստեփանակերտում պատերազմի ժամանակ: Մինչև 1992թ. իրավիճակն այդպիսին էր»,- նշեց Կազիմիրովը:

Հաշվի առնելով արցախյան առաջին պատերազի դառը փորձը՝ նա տարածաշրջանում կայունության ամրապնդման տեսանկյունից կարևոր է համարում այդ երկու քաղաքների ապառազմականացումը:

«Արդյոք հենց հիմա չարժե՞ մտածել այն մասին, որ այդ երկու քաղաքները հռչակվեն ամբողջապես ապառազմականացված գոտիներ: Այդ քաղաքները գտնվում են հակամարտության տարբեր կողմերի վերահսկողության տակ: Դրանք Ղարաբաղի երկու ամենախոշոր և ռազմավարական նշանակության բնակավայրերն են: Ուստի Շուշիի և Ստեփանակերտի ապառազմականացումը միայն օգտակար կլինի այնտեղի բնակչության համար»,- իր տեսակետը հիմնավորեց Կազիմիրովը:

Ով է սկսել պատերազմը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահը զարմանք է հայտնում առ այն, որ այժմ քննարկումների առարկա չի դառնում խնդիրը, թե ով է սկսել արցախյան երկրորդ պատերազմը և ինչ պատասխանատվություն պետք է նա կրի:

«Ո՞վ սկսեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Սա պետք է լինի քննարկումների կենտրոնում: Դրա մասին պետք է խոսեն: Կողմերից մեկը փլուզել է բանակցային գործընթացը և սկսել պատերազմ: Տեսեք, ռազմական գործողությունները կարող էին տեղային բնույթ կրել, սակայն այս անգամ դրանք սկսվեցին միանգամից և ռազմաճակատի ողջ երկայնքով: Իրականացվել է նախապատրաստական լուրջ աշխատանք, և դա կատարվել է ռազմաճակատի ողջ երկայնքով:

Ուստի հակահարձակման մասին բոլոր խոսակցությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմին ուղղակի առիթ էր պետք պատերազմը սկսելու համար: Պատերզմը սկսվել է այդ կողմի գերագույն գլխավոր հրամանատարի ուղիղ հրամանով, որով խախտվել է 1994թ. կնքված հրադադարի անժամկետ համաձայնագիրը», - նշեց Վլադիմիր Կազիմիրովը։

Հարցազրույցը՝ ստորև․