13 հունվար, 2021 17:05

Աշխատող քաղաքացիների հարկերն ու պարտադիր վճարները 2021 թվականին

Հայաստանում աշխատող քաղաքացիների համար հունվարից որոշ հարկատեսակներ բարձրանում են, որոշները՝ նվազում։ Այսպես՝ հունվարի 1-ից նվազում է եկամտահարկը, որը անցյալ տարի ներդրվեց համահարթ սկզբունքով՝ բոլոր աշխատող քաղաքացիների եկամուտների 22 տոկոսը հարկվելու է։ 

Հաջորդ տարի այս դրույքաչափը նախատեսվում է նվազեցնել 1 տոկոսով, իսկ 2023-ին նախատեսվում է եկամտահարկը նվազեցնել մինչև 20 տոկոս։ Համահարթ հարկման այս մեխանիզմը լայն քննադատության արժանացավ։ 

Զինծառայողների ապահովագրության համար գանձվող 1 000 դրամների դրույքաչափն այս տարվանից կբարձրանա։ 100 000 դրամ աշխատավարձ ստացողից կգանձվի 1 500 դրամ, 100 000-200 000 դրամ ստացողից՝ 3 000 դրամ, 200 000-500 000 դրամ աշխատավարձ ստացողից՝ 5 500 դրամ, 500 000-1 000 000 դրամ ստացողից՝ 8 500 դրամ, իսկ 1  միլիոն դրամից ավել աշխատավարձ ստացողը պարտադիր կերպով հիմնադրամին կփոխանցի 15 000 դրամ։ Սեպտեմբերի 27- ից սկսված պատերազմի զոհերի, վիրավորների մեծ թվից հետո զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գնաց դրույքաչափի բարձրացման ուղղությամբ։ Ներկայում հիմնադրամի հաստատված հատուցման պարտավորություները 54,6 միլիարդ դրամ են։

Բարձրանալու է նաև կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր վճարների շեմը։ Աշխատավարձի 10 տոկոսը որպես կուտակային կենսաթոշակ գանձելու ներկա մեխանիզմով նախատեսվում է, որ 2021-ից այդ 10 տոկոսի 3,5 տոկոսը պիտի վճարվի աշխատողի աշխատավարձից, իսկ 6,5 տոկոսը վճարելու է պետությունը։ 2022-ին նախատեսվում է, որ աշխատավարձի 4,5 տոկոսը կփոխանցվի կուտակայինի հիմնադրամին, իսկ պետական մասնաբաժինը կնվազի։ 2023-ին պետությունն ու քաղաքացին միասին 5-ական տոկոսով կմասնակցեն կենսաթոշակի ձևավորմանը։ 

#ՍիվիլՆեթ