14 հունվար, 2021 15:33

Ադրբեջանին անցած տարածքներում եկեղեցիները վտանգված են, Բաքուն արգելակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդների այցերը

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում եկեղեցիներն ու պատմական հուշարձանները վտանգված են. ռուսական «Իզվեստիա» թերթի հետ զրույցում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Նրա խոսքով ՝ Բաքուն հրաժարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին թույլ տալ մուտք գործել իր վերահսկողության տարածքներ, որպեսզի նրանք կարողանան անձամբ գնահատել ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը։

Գարեգին Բ-ն հայտնել է, որ Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը: Նրա խոսքով ՝ հոգևորականները դիմել են կրոնական առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին և կառույցներին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Սակայն Բաքուն թույլ չի տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդներին այցելել հուշարձաններ։

Թերթը հիշեցնում է, որ ռազմական գործողությունների ընթացքում կրոնական օբյեկտները մեկ անգամ չէ, որ գնդակոծության են ենթարկվել, մասնավորապես, հրթիռակոծության է ենթարկվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

Ավելի վաղ ադրբեջանցի քաղաքական գործիչները, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող եկեղեցիները «հայերին չեն պատկանում»։ Բաքվի պաշտոնական վարկածի համաձայն, դրանք ուդիների՝ Ադրբեջանի մի քանի շրջաններում բնակվող կովկասցի ալբանացիների հետնորդների պաշտամունքային կառույցներն են։

Դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության ուղարկելու հարցում մնացել է միայն Ադրբեջանի պատասխանը: Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեղադրելով կողմնակալության մեջ՝ չմոռանալով նաև Հայաստանին:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հայտարարության վերաբերյալ հարցը՝ նշելով, որ մշակութային ժառանգության խնդիրների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման բոլոր նախկին փորձերը խաթարվել են հենց Ադրբեջանի կողմից: Նա հիշեցրել է Հին Ջուղայի խաչքարերի բարբարոսական ոչնչացման խնդրի հետ կապված իրողությունը, երբ հայկական կողմի պահանջով ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամություն էր հայտնել այցելել տարածաշրջան, ինչը մերժվել էր Ադրբեջանի կողմից:

«Հայաստանը և Արցախը մշտապես կարևորել են մշակութային ժառանգության պահպանումը և հարգանքով ու հոգածությամբ են մոտեցել այլ ժողովուրդների ու կրոնների մշակութային արժեքներին: Վերջին օրինակներից կարող ենք առանձնացնել 2019թ. Արցախի Շուշի քաղաքում Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթի վերականգնումը: Ցավոք, նման փոխադարձություն նկատելի չէ Ադրբեջանի կողմից, որը տասնամյակներ շարունակ պայքարել է Արցախում և նաև Ադրբեջանում հայկական մշակութային ներկայության դեմ՝ այդ թվում հուշարձանների զանգվածային ոչնչացման միջոցով»,- ասել էր Աննա Նաղդալյանը։

Ըստ նրա՝ մշակութային ժառանգության պահպանման խնդիրը ղարաբաղյան հակամարտության ներկա համատեքստում ձեռք է բերել կարևորագույն դերակատարում։

ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը հայտարարել է, որ Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը գտնվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում: 

«Հայկական կողմը ՅՈՒՆԵՍԿՕ-ին տեղեկացրել է ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող ֆիզիկական ոչնչացման և սրբապղծման վտանգի, ինչպես նաև հայկական քրիստոնեական հուշարձանները «աղվանական» ներկայացնելու միջոցով դրանց ինքնության աղավաղմանն ուղղված ադրբեջանական հետևողական քաղաքականության մասին»,- նշել է Արման Խաչատրյանը։

Արցախի հայկական կրոնական և մշակութային հուշարձանների պղծմանն ու վանդալիզմին անդրադարձ է արված նաև ՀՀ ԱԳ նախարարի՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարին ուղղված նամակում։

Հակոբ Ասլանյան