14 հունվար, 2021 13:41

Ալիևը գործում է այնպես, կարծես հակամարտությունը լուծվել է․ այն չի լուծվել, կարծում է Քավանոն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն Թվիթերում անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

«Եռակողմ հանդիպման դրական կողմը՝ Պուտինը հանձնառու է աշխատել Ղարաբաղի հարցով, անհանգստացնող կողմը՝ Ալիևը գործում է, կարծես հակամարտությունը լուծվել է։ Այն չի լուծվել․ առանցքային հարցերը մնում են։ Անհրաժեշտ է համապարփակ կարգավորում՝ հիմք դնելու տևական խաղաղության ու բարեկեցության հաստատման համար»,- գրել է Քավանոն։

Քավանոյի տեսակետն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, կիսում է Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

ՍիվիլՆեթին տված հարցազրույցում նա ասել է․ «44-օրյա պատերազմը չի լուծել ղարաբաղյան հակամարտությունը․ քաղաքական խնդիրները մնում են չլուծված: Այժմ փորձ է կատարվում լուծել ավելի հեշտ թվացող տնտեսական, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման խնդիրը»։

Քերի Քավանոն Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր 1999-2001թթ․։ Վլադիմիր Կազիմիրովը Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահն էր 1992-1996թթ․։