Ոստիկանության զորքերի սննդի կազմակերպման համակարգը ևս կփոխվի

Կառավարությունը ոստիկանության զորքերի ծառայողների սննդի կազմակերպման ձևը նախատեսում է փոփոխել ճիշտ այնպես, ինչպես արվել է պաշտպանության նախարարությունում։ Հարցն ընդգրկված է հուլիսի 16-ի կառավարության նիստի օրակարգում։

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ոստիկանության զորքերի ծառայողների համար սննդի հարցը բաժանված է տարբեր օղակների, որը խնդրահարույց է. «Մասնավորապես՝ ոստիկանության զորքերը կազմակերպում են սննդամթերքի առանձին տեսակների գնման գործընթացներ, որոնց մի մասը չեն կայանում, կնքված պայմանագրերը հաճախ միակողմանի լուծվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով և այլն: Արդյունքում խաթարվում է այս կամ այն սննդամթերքի մատակարարման գործընթացը, և սննդի պատրաստման ժամանակ ստիպված այդ սննդամթերքը փոխարինվում է այլ սննդամթերքով, ինչը սակայն երբեմն արժանանում է ոչ դրական արձագանքի: Խնդիրներ են առաջանում նաև սննդի պատրաստման գործընթացում՝ կապված ձեռք բերվող սննդամթերքի և պատրաստվող սննդի որակի հետ: Մեկ այլ խնդիր է նաև ոստիկանության զորքերի ձեռք բերված սննդամթերքի ընդունման և բաշխման շղթան՝ իր բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերով»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։

Որպես դրական փորձ՝ ոստիկանությունը մատնանշել է բանակում սննդի մատուցման կազմակերպման կարգի փոփոխությունը՝ նպատակահարմար համարելով, որ կոնկրետ տնտեսվարող զբաղվի այս հարցով։ Ոստիկանությունը նաև թույլտվություն կստանա փակ նպատակային երկփուլանի ծառայությունների մատուցման մրցույթ կազմակերպել սննդի կազմակերպումն ապահովելու համար։ Կառավարությունը հաղթող կազմակերպությանը Երևանում 5 տարով անհատույց կհանձնի երկու տարածքներ՝ գործունեությունն իրականացնելու համար։

Մեկնաբանել