Ադրբեջանական կողմից դիտարկվող կորուստները կարող են մոտենալ մեկ-երկու տասնյակի․ Արծրուն Հովհաննիսյան

Հուլիսի 16-ին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ ՊՆ նախկին խոսնակ, ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ճեպազրույցը՝ վերջին ժամերին սահմանային վիճակի և տուժած համայնքների վիճակի թեմաներով:

Արծրուն Հովհաննիսյանը խոսեց Ադրբեջանի կորուստների մասին՝ նշելով, որ հստակ չեն կարող ասել, թե քանիսն են։ «Դիտարկվող կորուստները կարող են մոտենալ մեկ-երկու տասնյակին, սպասենք հակառակորդի հաստատմանը՝ ըստ այդմ ավելի հստակ կհասկանանք։ Սովորաբար գիտենք իրենց ստելու չափաբաժինը»։

Հայկական կողմից, գիշերվա մարտական բավականին լայնածավալ գործողությունների արդյունքում, չի գրանցվել ո՛չ զոհ, ո՛չ վիրավոր։

«Ռազմական գործողության ընթացքում, վիրավորների մասով իրավիճակ չի փոխվել։ Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, առավոտվա դրությամբ եմ ճշտել»,- ասաց Հովհաննիսյանը։

ՊՆ նախկին խոսնակը նշեց, որ վերջին մի քանի օրերին տեղական ինքնակառավարման մարմիններ, զորամասերի մոտ հավաքվում են նախկին ազատամարտիկներ, նախկին զինվորականներ, բժիշկներ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնում մեկնել մարտական դիրքեր, ծառայություն կատարել։ Հովհաննիսյանն ասաց, որ սրա անհրաժեշտությունը չկա, «զինված ուժերը իրենց խնդիրը կատարում են»։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խոսեց մարզում հրեկատոծությունների հետևանքով վնասներ կրած տների մասին։

«Վնասված տների քանակը մոտավորապես 20 է, այս գիշեր եղել է ևս 10 տան վնաս, այսինքն այս պահին մենք խոսում ենք 30 տան մասին: Նախնական ուսումնասիրությամբ, այս պահին մենք ունենք առնվազն երկու տուն, որոնք ոչ թե կվերականգնվեն, այլ զրոյից կկառուցվեն», – ասաց Չոբանյանը։

Վերականգնման աշխատանքները մեկնարկելու են անմիջապես։ Տավուշի մարզպետը նշեց, որ այս ընթացքում ապահովվել է բնակիչների կենսաապահովումը։

Մեկնաբանել