ԱԱԾ պարզաբանումը Ներքին Խնձորեսկի անհայտ կորած բնակչի վերաբերյալ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել հուլիսի 8-ին Ադրբեջանի սահմանը հատած Նարեկ Աարդարյանի մասին։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է․

«2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: Պարզվել է, որ Ն.Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:

Ն.Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Ն.Սարդարյանն ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը:

Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ»: 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ այս պահին կապի մեջ են երկու կողմի համապատասխան իշխանությունների հետ, ինչպես նաև ադրբեջանական կողմում հայտնվածի ընտանիքի հետ։ Ամատունին ասաց, որ իրենք իրավասու են այցելել Սարդարյանին։