Ալիևը ճնշման տակ է, որպեսզի ցույց տա իր գերազանցությունը․ Էմիլ Սանամյան

ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիայի Հայագիտության ինստիտուտի Focus on Karabakh հարթակի խմբագիր, Հարավային Կովկասի հարցերով մասնագետ Էմիլ Սանամյանը պատասխանում է ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանի հարցերին։

– Ինչպես եք գնահատում հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը: Ինչո՞ւ հենց Տավուշում ՝ հայ-ադրբեջանական սահմանին, ինչո՞ւ հենց հիմա։

– Ադրբեջանցի պաշտոնյաները, այդ թվում՝ պաշտպանության նախարարը, վերջին մի քանի ամիսների ընթացքում ակնարկել են, որ իրենց «համբերությունը սպառվում է»։ Ի սկզբանե, Հայաստանում կառավարության փոփոխությամբ Ալիեւը առաջ էր տանում այն գաղափարը, որ նոր կառավարությունն ավելի «ճկուն» կլինի ղարաբաղյան բանակցություններում, բայց, իհարկե, այդ գաղափարը հիմնավորված չէր իրականությունում ։

Ընդամենը երկու շաբաթ առաջ Ալիևը հերթական անգամ Հայաստանի հետ բանակցությունները «անիմաստ» անվանեց, և ադրբեջանական զորքերը սկսեցին նախապատրաստվել հերթական «փոքրիկ հաղթանակ» օպերացիային։ Տավուշի մարտերից մեկ օր առաջ համառ լուրեր էին պտտվում այն մասին, որ ադրբեջանցիները պատրաստվում են բարձր դիրքեր գրավել Մռավ լեռան շրջանում ՝ հայկական Վարդենիսի դիմաց։ Դրա իմաստը մասամբ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհին երթևեկությանը հետևելն էր։ Դա պետք է նմանվեր 2018 թվականի մայիսին Արենիի դիմաց նրանց՝ Նախիջեւանի հյուսիսում դիրքավորվելուն։

Դատելով ամենից՝ հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել է չսպասել Ադրբեջանի հարձակմանը և հուլիսի 12-ին ձեռնարկեց իր սեփական քայլը՝ գրավելով ադրբեջանական դիրք (ի դեպ, Խորհրդային Հայաստանի սահմաններում) և բարելավելով հայկական մարտավարական դիրքը Բերդի շրջանում։ Այդ ժամանակից ի վեր ադրբեջանական զորքերը փորձում էին գրավել այդ դիրքերը, բայց ապարդյուն։

Մինչ այժմ մարտական գործողությունները եղել են նախկին նմանատիպ էսկալացիաների տրամաբանությամբ։ Առանցքային տարբերություններից մեկն այն է, որ հայկական կողմը սրացման ժամանակ պահպանեց գերիշխանությունը՝ ադրբեջանական գրոհներին արձագանքելով նկատելիորեն ավելի եռանդուն, քան նախկինում։ Այս ճնշմանը բախվելով ՝ Ալիևը ձգտում է վերականգնել իր գերիշխանությունը՝ վերջին շրջանում փորձելով ներգրավել Թուրքիային և ստուգել Հայաստանին Թուրքիայից պաշտպանելու Ռուսաստանի հանձնառությունը։

Կարծիքներ էին շրջանառվում, որ սրացումը կապված է Ադրբեջանի ներքին սոցիալ-քաղաքական խնդիրների հետ, և որ Բաքուն ցանկանում է շեղել հանրության ուշադրությունը այդ խնդիրներից։ Հիմա պարզվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քավության նոխազ է գտել՝ ի դեմս իր վաղեմի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի։ Ինչպե՞ս ստացվեց այդ ամենը։

Ես կարծում եմ, որ այս պահին դա արտացոլում է Ալիեւի քաղաքական թուլության զգացումը։ Մամեդյարովը Ալիևի ընկերն է եղել և այդ պատճառով էր նշանակվել արտաքին գործերի նախարար։ Գրեթե 17 տարվա ընթացքում նա եղել է Ալիևի հավատարիմ օգնականը, հատկապես Ալիևի ռեժիմին քաղաքակիրթ դեմք հաղորդելու փորձերի մեջ։ Եվ ահա Ալիևը հերթական անգամ ցույց տվեց, որ չի գնահատում ընկերությունն ու պատրաստ է զոհաբերել ընկերներին, որպեսզի պաշտպանի իրեն։

Ալիևն արդեն անցյալ շաբաթ գնաց Մամեդյարովի դեմ՝ ձերբակալելով նրա մանկության ընկերոջն ու ԱԳՆ-ում նրա գործընկերոջը՝ իր կեղծ հակակոռուպցիոն արշավի շրջանակում։

Իսկ ի՞նչ կասեք Բաքվում տեղի ունեցած փողոցային երթի ու ցույցի մասին։ Ինչ եք կարծում, այն ուղղորդվա՞ծ էր։ Ինչու այն թույլատրվեց, իսկ հետո ոստիկանությունն ուժով ցրեց։  

Ես չեմ կարծում, որ դա ուղղորդված է եղել։ Բայց, իհարկե, Ալիևը փորձում է վերահսկել հանրային զայրույթը, որպեսզի այն չշրջվի իր դեմ։ Նա գիտի, որ եթե կա մի հարց, որը հանգեցրել է իր նախորդների պաշտոնանկությանը, ապա դա հասարակական զայրույթն է Հայաստանի դեմ պատերազմում անհաջողությունների պատճառով։ Դրա համար Այազ Մութալիբովն ու Աբուլֆազ Էլչիբեյը 1990-ականներին վճարել են նախագահի իրենց պաշտոնով: Այսպիսով, Ալիևը փորձում է հասարակական այդ զայրույթը տանել արտաքին գործերի նախարարության ուղղությամբ և շուտով կարող է տանել նաև պաշտպանության նախարարության կողմ:

Հայաստանը սահմանի վրա կարևոր դիրքեր է գրավել՝ Ադրբեջանին պատճառելով զգալի ռազմատեխնիկական ու մարդկային կորուստներ։ Ինչպես դա կազդի հայ-ադրբեջանական ապագա բանակցությունների հոգեբանության և մթնոլորտի վրա։

Մենք պետք է սպասենք եւ տեսնենք։ Վերջին իրադարձությունները լուրջ մարտահրավեր են դարձել Իլհամ Ալիեւի համար, որը վաղուց է հավակնում Հայաստանի նկատմամբ ռազմական գերազանցության, այդ պատճառով տարածքային անգամ փոքր անհաջողությունը ցավոտ է Ադրբեջանի համար։ Այդ իսկ պատճառով Ալիևը ճնշման տակ է, որպեսզի ցույց տա իր գերազանցությունը և լեգիտիմությունն ինչ-որ կերպ ամրապնդի։ Միևնույն ժամանակ նա տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ այս խաղերը շատ ավելի բարդ են, քան Սերժ Սարգսյանի հետ, որը չէր սիրում ռիսկի դիմել և ձգտում էր խուսափել էսկալացիայից՝ հաճախ դրա համար վճարելով քաղաքական գին։ Փաշինյանը հանրային աջակցության շատ ավելի մեծ պաշար ունի և շատ ավելի քիչ կանխատեսելի է։

Read the article in English