Մեծամորի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու սպառնալիքը պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում է․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու սպառնալիքի վերաբերյալ։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին:

Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները:

Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության և պատասխանատվության բացարձակ բացակայության մասին:

Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից»:

***

Ադրբջանի պաշտպանության նախարարությունը նախօրեին սպառնացել է, որ կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին։

«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող ամենաժամանակակից հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը մեծ աղետի կհանգեցնի Հայաստանի համար»,- հայտարարել Է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյախլին։ Ըստ ադրբեջանական կայքերի՝ Դարգյախլին հայտարարությունն արել է ի պատասխան պնդումների, թե հայերը կարող են հարվածել Մինգեչաուրի ջրամբարին։

Մեկնաբանել