ԲՈԿ-ը Դիանա Գալոյանին զրկեց գիտական աստիճանից

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հրաման է ստորագրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու մասին։ Հրամանը ներկայացված է ԲՈԿ կայքում։

Ըստ հրամանի՝ Դիանա Գալոյանը 2015-ին ստացել է տնտեսագիտության դոկտորի աստիճան, իսկ անցյալ տարի ձևավորվել է մասնագիտական հանձնաժողով ու քննության առել ատենախոսությունը, որով արձանագրել է, որ ատենախոսությունում առկա են փոխառություններ՝ առանց հեղինակների ու աղբյուրների նշման։

Իր հրամանում ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը մեջբերումներ է կատարել ատենախոսության փոխառված հաստվածներից։ Իրեն գիտական աստիճանից զրկելու ԲՈԿ որոշումը Գալոյանը կարող է բողոքարկել։

Դիանա Գալոյանի ատենախոսության այս թեման պատճառներից մեկն էր, որի համար ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարական էր ներկայացրել։ Գոգյանն ակնարկել էր, որ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հովանավորում է Գալոյանին։ ԲՈԿ նախագահի հրաժարականի դիմումը վարչապետի կողմից չի ստորագրվել։

Մեկնաբանել