«Մերժված» հայկական ծիրանի համար Մոսկվայում հերթ է գոյացել

Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ տրվել է 2 այլընտրանքային լուծում։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։

«Հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր.

✅Шёлковый Путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр: Սույն կետը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա:

✅Бухта, մեծածախ առևտրի կենտրոն Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն: Այս կետն առաջարկվում է «Տաշիր» ԸԽ-ի կողմից, որտեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները»,- ասված է գրառման մեջ։

Աննա Օհանյանը հայտնում է նաև, որ «Բուխտա» կենտրոնում ծիրանն արդեն սպառվել է։

Ավելի վաղ Մոսկվայի՝ գյուղատնտեսական ապրանքների ամենամեծ մեծածախ շուկաներից «Ֆուդ Սիթին» հրաժարվել էր վերցնել հայկական գյուղմթերքը։ Պատճառը հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն է։ Գյուղատնտեսները մտահոգված էին, որ ապրանքը կարող է փչանալ։

«Ֆուդ Սիթի» շուկան պատկանում է ազգությամբ ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին։

Ռուսաստանաբնակ հայերը, դրան ի պատասխան, սկսել են գնել ծիրանը, ինչի հետևանքով հուլիսի 18-ին Մոսկվայում հայկական ծիրան գնելու հերթ է գոյացել։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել