Թուրքիան չի կարող որևէ «պատմական առաքելություն» ունենալ տարածաշրջանում. ԱԳՆ խոսնակ

Արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հուլիսի 18-ին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ մի քանի հիմնական թեմաների։

Թուրքիայի հայտարարություններ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև այս վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության առնչությամբ Թուրքիայի դիրքորոշմանը և գործողություններին ԱԳՆ-ն արդեն տվել է համապատասխան արձագանք՝ իր հայտարարությունների միջոցով։ Եվ, ի դեպ, նշեմ, որ վերջին հայտարարությունն արաժանացել էր Թուրքիայի ԱԳՆ նյարդային արձագանքին։

Ընդգծեմ, որ Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս, «պատմական առաքելություն» ունենալ ո՛չ հակամարտությունում, ո՛չ էլ տարածաշրջանում։ Թուրքիան տարածաշրջանում արդեն իսկ թողել է ցեղասպանության դրոշմ, և առաջին գործողությունը, որ թուրքական կողմը պետք է իրականացնի, դրա հետևանքների վերացումն է։ Կոչ ենք անում Թուրքիային զբաղվել այդ գործընթացով, այլ ոչ թե խանդավառությամբ ներգրավվել հակահայկական նոր նախաձեռնություններում։

ՀԱՊԿ քարտուղարության արձագանք

Ստեղծված իրավիճակում Հայաստանը կարևորում էր, նախ և առաջ, ՀԱՊԿ իր գործընկերներին սահմանին ստեղծված իրադրության մասին տեղեկատվության տրամադրումը, որը և տեղի ունեցավ ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստին, որտեղ ելույթով հանդես եկավ մեր ներկայացուցիչը և ներկայացրեց տեղում իրադրությունը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ, ասեմ, որ այն լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները։ Այդ հայտարարությունում միանշանակորեն նշված էր, որ այս լարվածությունը տեղի է ունենում ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում։ Մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը սահմանագծում, և այժմ ՀԱՊԿ-ի որևէ այլ՝ փոխօգնության և այլն ձևաչափով դիմելու կարիքը դեռևս չկա։

Միջազգային արձագանք

Եղավ այս իրադարձությունների հետ կապված մեր միջազգային գործընկերների՝ թե՛ գործընկեր պետությունների, թե՛ միջազգային կազմակերպությունների միանշանակ գնահատականը, որն ուղղված էր էսկալացիայի թուլացմանը և տեղում կայունության հաստատմանը։ Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ։ Նախարարը շուրջօրյա կապի մեջ է իր բազմաթիվ գործընկերների հետ և այս ընթացքում ունեցել է երկու տասնյակից ավել հեռախոսազանգեր նրանց հետ։ Տեղում մեր դիվանագիտական ներկայացուցչությունները բավական ակտիվ աշխատանք են տանում հուլիսի 12-ից տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղում օպերատիվ տեղեկատվությունը մեր բոլոր գործընկերներին փոխանցելու համար։

Մեծամորի ատոմակայան

Այսօր արդեն ԱԳՆ կողմից տարածվեց հայտարարություն, որ Վիեննայում միջազգային կազմակերպությունում մեր ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը արդեն իսկ հանդիպում է ունեցել Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ և ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի հուլիսի 12-ից սկսված լարվածությունը։ Վերջինս նաև անդրադարձել է Հայաստանի հասցեին Ադրբեջանի կողմից հնչած սպառնալիքներին։

Մենք այդ սպառնալիքները դիտարկում ենք որպես պետական և միջուկային ահաբեկչություն և Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների արտահայտում։ Ավելացնեմ միայն մեկ բան, որ Ադրբեջանը մի կողմից հանդես է գալիս այն մտավախություններով, որ Հայաստանի ատոմակայանն այդքան էլ անվտանգ չէ, քանի որ գտնվում է սեյսմիկ գոտում, քանի որ հնամաշ է և այլն։ Իսկ մյուս կողմից Ադրբեջանն անձամբ սպառնում է ոչնչացնել այդ ատոմակայանը։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ Ադրբեջանի, այպես կոչված, մտահոգությունները տարածաշրջանի մասին կրում են խիստ հակահայկական բնույթ։

Մեկնաբանել