Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքները՝ Տավուշի մարզում

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև վարչական սահմանները, հաշվի առնելով նաև աշխարհագրությունը, գծվել են զիգզագներով: 1991-1994 թվականների հայ-ադրբեջանական ռազմական բախումների ու պատերազմի ընթացքում սահմանները ավելի խճճվեցին և պայմանավորված կողմերի ռազմական հաջողություններով՝ որոշ տեղերում առավել հստակ դարձան:

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Թովուզ/Աղստաֆա/Ղազախ շուրջ 300 կիլոմետր ձգվող հատվածում որոշ տարածքներ Ադրբեջանի վերահսկողության տակ են և որոշ շրջաններ ու գյուղեր՝ Հայաստանի: Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա չի արվել, և միջազգայնորեն շարունակում են ճանաչվել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները:

Չինարի-Աղդամ հատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները տեսանալի են անզեն աչքով: Աղդամ գյուղի արևմտյան թաղամասը, Սևաքար/Ղարադաշ բարձունքը, սարի արևելյան փեշերը և Խնձորուտի ջրամբարի ուղիղ կեսը Ադրբեջանի ձեռքում է, այնինչ դրանք Հայաստանի տարածքներն են: Սևաքար/Ղարադաշը անցել Ադրբեջանին 1990-ական թվականներին:

Մովսես/Այգեպար/Ներքին Կարմիր Աղբյուր-Ալիբեյլի հատվածում Ադրբեջանը սահմանը խախտել է երկու ուղղություններով: Ալիբեյլի գյուղի արևմտյան հատվածի այգիների մի մասը Հայաստանի տարածքն է, իսկ դեպի Ներքին Կարմիր Աղբյուր՝ հյուսիս-արևմտյան հատվածում, ադրբեջանական Ալիբեյլի գյուղի մի քանի տներ կառուցվել են Հայաստանի տարածքում:

Ադրբեջանը սահմանը խախտել է նաև Պառավաքար-Քյոհնա Ղշլաղ/Յարադուլլու/Թաթլու հատվածում: Նախ, Պառավաքար գյուղի 800 հեկտար այգիները չեն մշակվում, քանի որ ադրբեջանական կրակի տակ են: Դրանք Վարագաջուր, նախկինում Հախում գետի ափամերձ լավագույն հողերն են, որոնք ադրբեջանցիները սկսել են քիչ-քիչ մշակել: Ադրբեջանական Քյոհնա Ղշլաղ և Յարադուլլու գյուղերի այգիների մի մասը մտել են Հայաստանի տարածք:

Հայաստանը ամենալուրջ տարածքային կորուստներն ունի սահմանի Բերքաբեր-Մազամ հատվածում: Դեռ 1990-ականներին Բերքաբերի այգիներից մոտ 1 100 հեկտարը անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, քանի որ դրանք Բերքաբերի կամ Ջողասի ջրամբարի արևելյան և հյուսիային հատվածում են և աշխարհագրորեն շատ լավ վերահսկելի Ադրբեջանի շրջակա բարձունքներից:

Այգեպարից նահանջի տեղ չունենք. Սահակյան եղբայրներ

Մազամ-Ղազախ ճանապարհը անցնում է հայկական տարածքով, որը արդեն 30 տարի Ադրբեջանի վերահսկողության տակ է: Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի տարբեր հատվածներից պարզ երևում է, որ Մազամ-Ղազախ ճանապարհի հատվածի երկարությամբ, որ դիտարկվում է հայկական դիրքերից, մոտ 1 կիլոմետր երկարությամբ պաշտպանիչ պատ է կառուցվել: Անզեն աչքով երևում է նաև, որ Ադրբեջանը Ֆարահլի գյուղից Փայտասար/Օդունդաղ սարի ստորոտով նոր ճանապարհ է կառուցում դեպի Մազամ և Ղուշչի Այրում գյուղերը:

Բարեկամավան-Ղայմախլի հատվածում ևս Ադրբեջանն ունի աշխարհագրական, հետևաբար նաև՝ դիրքային առավելություն, որի պատճառով հայկական գյուղի հողերի զգալի հատվածը չի մշակվում:

Թե քառակուսի կիլոմետրերով որքան տարածք է վերահսկում Ադրբեջանը Տավուշի մարզում, այնքան էլ հեշտ չէ հաշվել: Իմ մոտավոր հաշվարկներով, դրանք 3 000 հեկտարի սահմաններում են:

Այսպիսով, արձանագրենք, որ Հայաստանը տարածքային կորուստներ ունի Չինարիի, Ներքին Կարմիր Աղբյուրի, Պառավաքարի և Բերքաբերի հատվածներում:

Մյուս կողմից, տարածքային կորուստներ ունի նաև Ադրբեջանը, և այդ կորուստները զգալի մեծ են:

1990 թվականի օգոստոսից պատերազմական գործողությունների արդյունքում Հայաստանը վերահսկողություն է սահմանել Ղազախի շրջանի ադրբեջանական 6-7 գյուղերի նկատմամբ: Դրանք են՝ Յուխարը Աքսիպարա, Աշաղը Աքսիպարա, Բաղանիս-Այրում, Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի և Կըզըլ Հաջիլի: Այս վերջինը, որ Բերքաբերի արևելքում է, գտնվում է չեզոք գոտում:

Չորաթան. հայը, ադրբեջանցին ու խաղողի այգին

Յուխարը Աքսիպարա, Աշաղը Աքսիպարա և Բաղանիս-Այրում գյուղերը Նոյեմբերյանի շրջանի տարածքում են, Բարխուդարլու, Սոֆուլու և Խեյրիմլի գյուղերը՝ Իջևանի:

Կարևոր է հիշել և հիշեցնել, որ Արծվաշեն գյուղը շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ 1992 թվականի օգոստոսից:

Մեկնաբանել