ՏՄՊՊՀ-ն խախտումներ է արձանագրել Բժշկական համալսարանի գնումներում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը գնումների գործըթնացում խախտումներ է թույլ տվել, այդ թվում՝ ձեռք բերված ապրանքների համար այնպիսի տեխնիկական բնութագրեր առաջարկելով, որը խաթարել է մրցույթի մասնակիցների միջև մրցակցությունը։ Բացի այդ՝ որոշ ապրանքատեսակներ համալսարանը ձեռք է բերել շուկայականից էապես բարձր գնով։ Նման արձանագրում է արել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։

Հուլիսի 8-ին Հանձնաժողովը որոշել է նախազգուշացում հայտնել ԵՊԲՀ-ին։

ՏՄՊՊՀ-ն վարույթ սկսել է «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ տեխնիկայի ձեռքբերման մրցույթի վերաբերյալ։ «Փրիթի ուեյ»-ը «Վեստա» խանութների ցանցի սեփականատեր ընկերությունն է։ Վերջինիս պնդմամբ՝ Բժշկական համալսարանն այնպիսի պայմաններ է ստեղծել, որ հաղթի կոնկրետ ընկերություն՝ «Փի-լենդ»-ը։ «Վեստա»-ն հայտնել է՝ ձեռք է բերվել 5 հեռուստացույց, միավորի գինը 802 000 դրամ է գնահատվել, այնինչ շուկայում առկա է եղել 605 000 դրամով, 20 օդորակիչ է ձեռք բերվել՝ հատը 230 000 դրամով, այնինչ շուկայում այն 209 000 դրամ է, 4 փոշեկուլ՝ հատը 50 000 դրամով, այնինչ շուկայում նույնը 40 000 դրամ է, 2 լվացքի մեքենա՝ հատը 400 000 դրամով, այնինչ շուկայում հնարավոր է գտնել 256 000 դրամով։ Բարձր գնով է ձեռք բերվել նաև սառնարան՝ 100 000 դրամով, այնինչ շուկայում առկա է եղել 70 000 դրամով։

ՏՄՊՊՀ-ն արձանագրել է, որ մի շարք դեպքերում գնումներին մասնակցելու հայտերը մերժվել են՝ տեխնիկական բնութագիրներին չհամապատասխանելու հիմքով։ Բացի այդ, հանձնաժղովը հայտնել է, որ «հեռուստացույցի ձեռքբերման չափաբաժնի նախասահմանված գներն էականորեն բարձր են եղել»։ Բանակցային եղանակով գնում կազմակերպելու և արժեքը նվազեցնելու գործընթաց ԵՊԲՀ-ն, ըստ ՏՄՊՊՀ-ի, չի նախաձեռնել։

Ուշագրավ է, որ համալսարանը գնման տեխնիկական բնութագրում սահմանել է ապրանքի գույնի պահանջ՝ մասնավորապես հայտնելով, որ փոշեկուլը, լվացքի մեքենան և սառնարանը պետք է լինեն սև և արծաթագույն։ Հանձնաժողովը համեմատել է ԵՊԲՀ-ի գնումները պետական այլ հաստատությունների գնումների հետ, որոնք նույնանման ապրանքներ են ձեռք բերել։ Ըստ հանձնաժողովի՝ այդ մարմինները տեխնիկական բնութագրերի մեջ սահմանափակող դրույթներ չեն ունեցել և նույն ապրանքները ձեռք են բերել շուրջ երկու անգամ ցածր գնով։

«Վեստա»-ի ներկայացուցիչները հայտնել են նաև, որ ԵՊԲՀ-ն տեխնիկական բնութագրերը հատուկ հարմարեցրել է այնպես, որ ձեռք բերվի Hisense ապրանքանիշի ապրանքը։

Բժշկական համալսարանը ՏՄՊՊՀ ներկայացրած իր դիրքորոշմամբ հերքել է, որ Hisense-ին համապատասխանող տեխնիկական բնութագրեր են կազմվել՝ հղում անելով այն փաստին, որ նաև Skyline ապրանքանիշի հեռուստացույց է ձեռք բերվել ու Centek ապրանքանիշի օդորակիչ։ Դիտարկմանը, որ մրցույթում սահմանափակող գործոն է եղել տեխնիկայի գույնը, պատասխանել են՝ արծաթագույնն ու սևը ցանկացած տեխնիկայի համար մեծ տարածում ունեցող ու ընդունելի տարբերակ է։

Թեև «Վեստա»-ն ՏՄՊՊՀ հասցեագրած իր դիմումում խոսել է փոխկապակցվածության մասին, սակայն ՏՄՊՊՀ-ն այս թեմային չի անդրադարձել։ Ընկերությունը մասնավորապես նշել էր, որ մրցույթների հաղթող «Փի-լենդ» և «Պրոսպեր» ընկերությունները փոխկապակցված են «Վիէլվի սենթեր» ՍՊԸ-ի հետ, որն իր հերթին Hisense-ի միակ պաշտոնական ներկացուցիչն ու ներկրողն է։

Իրավաբանական անձանց էլկետրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Փի-լենդ»-ը ստեղծվել է 2017-ին։ Ընկերության միակ մասնակիցը Գևորգ Մնացականյանն է, որի քույրը՝ Լուսինե Մնացականյանը, «Վիէլվի սենթր»-ի սեփականատեր Վաղինակ Հովհաննիսյանի կինն է։ Մնացականյանը եղել է նաև «Վիէլվի սենթր»-ի տնօրենը։ «Վիէլվի սենթր»-ը կենցաղային տեխնիկայի շուկայի խոշոր խաղացողներից է, ունի 8 խանութ-սրահ Երևանում ու մարզերում։

Լրացում

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ՍիվիլՆեթին փոխանցեց, որ ստացել են ՏՄՊՊՀ որոշումը, համաձայն չեն դրա հետ և բողոքարկելու են այն։ «Մենք նաև ֆինանսների նախարարությունից ունենք համապատասխան փաստաթուղթ, որը վկայում է, որ գնման բնութագրի հարցում մենք որևէ խախտում թույլ չենք տվել, ունեցել ենք նման իրավասություն»,- ասաց նա։ ՏՄՊՊՀ որոշումը բողոքարկվելու է վարչական դատարանում։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել