Իրավիճակը շատ արագ փոխվում է, և հետագա էսկալացիան միանգամայն հնարավոր է․ Թոմաս դե Վաալ

Carnegie Europe հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը, որը մասնագիտացած է Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի խնդիրներով, carnegie.ru կայքում հրապարակել է հոդված «Զսպում առանց խաղաղության. ինչու Հայաստանի և Ադրբեջանի միջև կրկին մարտեր են» վերնագրով։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ն բավարար գործիքներ ունեն երկու կողմերին զսպելու համար, բայց ո՛չ ժամանակ, ո՛չ ուժ, ո՛չ ցանկություն ունեն, որպեսզի փորձեն ստիպել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն կնքել, էլ չենք խոսում խաղաղապահների գործուղման մասին, որոնք պետք է հետևեն համաձայնագրի կատարմանը։

Ամբողջ Եվրոպայում կա ընդամենը երկու երկիր, որոնք մինչ օրս պատերազմի մեջ են միմյանց հետ։ Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև կրկին մարտեր են սկսվել։ Տարբեր տվյալներով՝ մի քանի տասնյակ մարդ, այդ թվում՝ ադրբեջանցի գեներալ և խաղաղ բնակիչներ, զոհվել են սահմանի հյուսիսային հատվածում՝ Տավուշ և Թովուզ քաղաքների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով։ Հուլիսի 16-ին, փոքր ուշացումից հետո, կողմերը կրկին ծանր զինատեսակներ են կիրառել։

Ցավոք, երկամյա անդորրը, որը կարելի է անվանել «Փաշինյանի մեղրամիս», ավարտվեց, Ընդ որում՝ շատ կտրուկ։ Իրավիճակը շատ արագ փոխվում է, և հետագա էսկալացիան միանգամայն հնարավոր է։ Համենայնդեպս, վերջին իրադարձություններն Ադրբեջանում լավատեսություն չեն ներշնչում. նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ է արել երկարամյա (2004 թվականից) արտգործնախարար Էլմար Մամեդյարովին՝ հայտարարելով, որ նա զբաղվել է «անօգուտ աշխատանքով, անօգուտ բանակցություններով»: Դրան հաջորդեց ցույց Բաքվում, որի վրդովված մասնակիցները իշխանություններից պահանջում էին ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Հայաստանի հետ հարաբերություններում։

2018 թվականին Երևանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունից հետո Ադրբեջանը գոհունակությամբ ընդունեց Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումը, որը նոր սերնդի մարդ էր և, ի տարբերություն իր երկու նախորդների, ծնունդով Ղարաբաղից չէր և չէր մասնակցել 1991-1994 թթ.հակամարտությանը։

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեցին նվազեցնել լարվածությունը շփման գծում։ Առաջին անգամ օպերատիվ կապ հաստատվեց երկու երկրների բանակների հրամանատարների միջև։ Մի շարք միջադեպերի թիվն հասավ գրեթե զրոյի․ դա հստակ ցույց է տալիս, որ նախկւնում բախումները եղել են ոչ թե պատահական, այլ վերևների հավանությամբ։

Երկկողմ հարաբերություններում նման դրական տրամադրվածություն արդեն երկար տարիներ չէր եղել։ Հույս էր հայտնվել, որ կողմերը կարող են անցնել դանդաղ, բայց բանակցությունների։ 2019 թվականի հունվարին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նույնիսկ պայմանավորվեցին, որ «անհրաժեշտ է կոնկրետ միջոցներ ձեռնարկել բնակչություններին խաղաղության նախապատրաստելու համար»:

Արտաքուստ իրավիճակը բարելավվել էր, բայց, ցավոք, ոչ մի էական փոփոխություն տեղի չունեցավ։ Երկու երկրների առաջնորդներն ու հասարակությունները շարունակում էին իրարամերժ դիրքորոշումներ պահպանել՝ Ղարաբաղը միայն մեզ է պատկանում և վերջ, իսկ զիջումները պետք է անի մյուս կողմը։

Վերջին մարտերը վերջ դրեցին երկամյա մեղրամիսին։ Պարզ չէ, թե ով է առաջինը սկսել կրակել։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն ավելի շատ շահագրգռված է ստատուս քվոյի խախտմամբ, քանի որ այն անարդար է համարում։ Սակայն Տավուշի և Թովուզի միջև գտնվող տարածքը, որը գտնվում է երկու երկրների միջև սահմանի հյուսիսային հատվածում, ունի որոշ առանձնահատկություններ. այն խիտ բնակեցված է երկու կողմերում, և երկու երկրների մոտ էլ ծանր սպառազինություններ են կենտրոնացած։ Ցանկացած միջադեպի կարող է հետևել արագ էսկալացիա, եթե դրա համար համապատասխան ցուցումներ լինեն։

2018-ից ի վեր Բաքվում սրտնեղում էին այն պատճառով, որ Հայաստանի պահանջները կատարվում են՝ անվտանգությունը երկու երկրների բանակները բաժանող շփման գծում և ընդհանուր առմամբ սահմանին ամրապնդվում էր։ Իսկ ահա Ադրբեջանի գլխավոր պահանջի կատարման ուղղությամբ առաջընթաց այս ընթացքում չկար. կողմերն այդպես էլ չանցան քաղաքական կարգավորման բովանդակային բանակցությունների։

Եվ, իրոք, Փաշինյանի վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների նախնական խանդավառությունը բավական միամիտ էր թվում։ Այո, նա ծնունդով Ղարաբաղից չէ, բայց պատկանում է հայերի այն սերնդին, որի համար ինքնին հասկանալի է, որ Ղարաբաղը հայկական տարածք է, և այն այլևս երբեք ստիպված չեն լինի կիսել Ադրբեջանի հետ։ Ընդհակառակը, Ղարաբաղի հայերի աջակցությունը ստանալու համար երևանցի Փաշինյանը սկսեց ավելի ապավինել ազգային-հայրենասիրական հռետորաբանությանը։ 2019 թվականին նա այցելեց Ղարաբաղ և ելույթ ունեցավ այնտեղ հանրահավաքի ժամանակ՝ վանկարկելով «միավորում» կարգախոսը՝ ընդգծելու, որ մարզն անբաժան է Հայաստանից։

Իր հերթին, ադրբեջանական ղեկավարությունն այդպես էլ չհրաժարվեց այն հռետորաբանությունից, որը Հայաստանում համարում են ուղղակի սպառնալիք։ 2018 թվականին նախագահ Ալիևը նախազգուշացրեց, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվի իր պահանջներից։

Հայ-ադրբեջանական հակամարտության գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ երկու երկրների առաջնորդներն ըստ էության պատանդ են։ Հակամարտությունն այնքան ամուր է մտել ազգային գիտակցության մեջ, որ ոչ մի առաջնորդ չի նահանջի կայացած ազգայնական նարատիվից։ Եթե անգամ նրանք հասկանում են խաղաղ կարգավորման ռազմավարական արժեքը, վախենում են այն ռիսկերից, որոնց հետ կապված կլինի այդ ուղղությամբ շարժվելը։

Միջազգային ճնշումն այստեղ հազիվ թե օգնի։ Չնայած Սերգեյ Լավրովի ակտիվ ջանքերին՝ ուղղված խաղաղ համաձայնագրի մշակմանը, Ռուսաստանի ղեկավարությունն ընդհանուր առմամբ շահագրգռված չէ ռիսկի դիմել Բաքվի և Երևանի հետ իր հարաբերություններով՝ հանուն խաղաղության հասնելու: Բացի այդ, երկու կողմերն էլ չեն վստահում Ռուսաստանին. Ադրբեջանը, քանի որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական դաշինք է կնքվել, Հայաստանը, քանի որ Մոսկվան, կարծես թե, չի շտապում կատարել իր ռազմական պարտավորությունները դաշնակցի առջև։ Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են. հարկ է հիշել, որ, ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի կամ Ուկրաինայի, ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս զինվորականներ չկան։

Ինչ վերաբերում է մյուս տերություններին, ապա Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, բայց ակնհայտորեն չէր ցանկանա, որ նրա սահմանների մոտ ևս մեկ հակամարտություն բռնկվի։ Իրանն ընդամենը շահագրգիռ դիտորդ է, որը ոչ մի դեր չի խաղում։ Միացյալ Նահանգները, որը ժամանակին հանդես է եկել որպես ակտիվ միջնորդ, վերջին տասնամյակում խիստ կրճատել է իր ներգրավվածությունը տարածաշրջանի գործերին, հատկապես Թրամփի օրոք։

Այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ն բավարար գործիքներ ունեն երկու կողմերին զսպելու համար, բայց չկա ո՛չ ժամանակ, ո՛չ ուժ, ո՛չ ցանկություն, որպեսզի փորձեն ստիպել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն կնքել, էլ չենք խոսում խաղաղապահներ ուղարկելու մասին, որոնք պետք է հետևեն համաձայնագրի կատարմանը։ Հիմա մնում է հուսալ, որ կգրանցվի հերթական փխրուն զինադադարը։ Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա որքան էլ ցավալի է, այսօր այն հեռու է, ինչպես երբեք։